Քաղաքական

14.02.2023 18:45


Երբ ասում են` Արցախը հանձնենք, նշանակում է փլուզել անվտանգային երաշխիքները․ Բենիամին Մաթևոսյան

Երբ ասում են` Արցախը հանձնենք, նշանակում է փլուզել անվտանգային երաշխիքները․ Բենիամին Մաթևոսյան

Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելուն և դա համեմատելով Արցախի շուրջ իշխանությունների վարած քաղաքականությանը` քաղաքագետը նշեց․

«Սրանից շատ պարզ կարող ենք հասկանալ, թե որոնք են այս իշխանությունների համար առաջնահերթություն։ Առաջնահերթություն է իշխանությունների համար Թուրքիայի հետ ձևավորել հարաբերությունների այնպիսի մակարդակ, որի շրջանակներում կստանան իրենց պաշտոնավարումը անվերջ երկարաձգելու երաշխիքներ՝ հենվելով արտաքին լեգիտիմության վրա։ Այդ երաշխիքները ո՛չ կարող է տալ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը, հետևաբար տրամաբանական է, որ իրենք փորձելու են թուրքերի հետ որոշակի համակարգ ստեղծել, դրա համար էլ իրենց օգնությունն են ուղարկում։ Բայց ոչ միայն Թուրքիայի պետական մակարդակով չի նշվում, որ Հայաստանը օգնություն է ուղարկել, այլ նաև հայկական հումանիտար օգնությունը, որը հասել է Թուրքիա, իրենք ներկայացնում են մի դրվագ, որ այդ օգնությունը մի հուշարձանի ֆոնին է, որը նվիրված է «ցեղասպանության զոհերին», որը իբրև հայերն են իրագործել։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի կողմից դիվանագիտական հաշվարկները շարունակվում են։ Իսկ Արցախի մասով Հայաստանը չի խառնվելու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, որովհետև Պրահայում Հայաստանը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, և կարծում են, որ այլևս ոչ մի կերպ չպետք է խառնվեն այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Արցախում և իրենք կարող են ազդել մոտեցման փոփոխությանը։ Դրա համար ոչինչ չեն անում, Արցախ հումանիտար օգնություն չեն ուղարկում»։

Քաղաքագետի խոսքով` այն ինչ մտածում են իշխանության վերին էշելոններում, այդ ամենը Գուրգեն Արսենյանը հրապարակայնացրել է․

«Նրանք 90-ականներից էլ դրա կողմնակիցն էին, որ հանձնենք Արցախը՝ ավելի լավ կապրենք։ Իրենք չեն հասկանում, որ նման մոտեցումներով վտանգի են ենթարկում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և տարածքային լեգիտիմությունը։ Մեր անվտանգային համակարգի խարիսխը Արցախի Հանրապետությունն է։ Իրենք երբ ասում են` Արցախը հանձնենք, դա նշանակում է փլուզել անվտանգային երաշխիքները։ Երբ Գուրգեն Արսենյանն ասում է հանձնենք, որ լավ ապրենք, դա նշանակում է, որ իրենք կամ այս խնդիրները չեն գիտակցում, կամ միտումնավոր մարդկանց խաբում են, որպեսզի երկարաձգեն իրենց պաշտոնավարումը»,-նշեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը