Մեկնաբանություն

14.02.2023 11:11


Փաշինյանի «Մահվան բանաձևը»

Փաշինյանի «Մահվան բանաձևը»

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մեռնել կամ հանգչել։ Հանգչել խաղաղությամբ։ Իր ասածը հետևյալն է՝ եթե ուզում եք ողջ մնալ, ապա պետք է ․․․ մեռնել։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին վախեցնում է մահով ու տանում դեպի մահ։ Ասում է՝ եթե թուրքերի ու ադրբեջանցիների ուզածները չապահովենք, ապա պատերազմ կլինի ու կմեռնենք։ Բայց բերում է պատերազմ ու մահ։

Նրա առաջարկը բացի մահաբեր լինելուց նաև անբարոյական է ու անպարկեշտ։ Ասում է՝ եկեք Ղարաբաղը հանձնենք, որ Հայաստանը պահենք։ Բայց նաև թշնամուց է ճշտում, թե Հայաստան ասելիս մեր ծնկները ո՞ր տարածքում են ծալվելու։

Նիկոլը մի ամբողջ ՄԱԿ–ի ամբիոնից Ալիևից էր Հայաստանի քարտեզ մուրում։ Ասում է՝ ասեք, թե մինչև ու՞ր պետք է զիջենք, որպեսզի իմանանք, թե ինչքանն ենք զիջելու, զիջենք՝ պրծնենք։

Նիկոլն ու նրա սազանդարները կշեռքի նժարի տարբեր կողմերում են դնում Արցախի 120 հազարի ու Հայաստանի 3 միլիոնի արյունները։ Ասում են՝ հանուն 120 հազարի չպետք է 3 միլիոնին զոհաբերենք։ Սա ոչ միայն անբարոյական է, այլ նաև կործանարար, քանզի Արցախի 120 հազարի ու Հայաստանի 3 միլիոնի անվտանգությունը շաղկապված է։ Եթե ոմանց համար 44–օրյա պատերազմն ու դրա հետևանքներն այս պարզ ճշմարտությունը տեղ չհասցրեցին, ուրեմն գործ ունենք ինքնաոչնչացման հակվածների հետ։

Նիկոլը կեղծ թեզ է դրել շրջաառության մեջ, թե բա՝ «Լաչինի միջանցքի հարցով չենք բանակցում, որպեսզի Զանգեզուրի միջանցքի թեմայով բանակցությունների մեջ չներքաշվենք»։ Դա նույն՝ «120 հազարին զիջում ենք, որ 3 միլիոնին պահենք» հակապետական թեզի շարունակությունն է։

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին առաջարկում է մեռնել՝ անունը դնելով «խաղաղության դարաշրջան»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը