Կարծիք

13.02.2023 14:59


Թուրքիայում այդպես էլ պետական մակարդակով չգնահատվեց Հայաստանի օգնությունը, և նույնիսկ այս հարցում Փաշինյանը ձախողվեց

Թուրքիայում այդպես էլ պետական մակարդակով չգնահատվեց Հայաստանի օգնությունը, և նույնիսկ այս հարցում Փաշինյանը ձախողվեց

Հայաստանի այսօրվա իշխանություններն ու իրենց քարոզիչները փորձում էին միջազգային հանրության մոտ «պրոգրեսիվ իշխանության» ընկալում ձեռք բերել՝ Թուրքիային օգնություն ցուցաբերելով երկրաշարժից հետո: Իսկ Թուրքիայի իշխանություններին քծնելով՝ փորձում էին լրացուցիչ դրական մեսիջներ ստանալ իրենց հասցեին:

Ներքին լսարանի համար էլ բացատրում էին իրենց օգնությունը «միջազգային պրակտիկայի» խաղի կանոնների պահպանմամբ՝ օրինակ բերելով, թե նախորդ իշխանություններն էլ էին նման օժանդակություն տվել:

Նախ նշենք, որ 1999-ին, երբ ՀՀ իշխանություններն օգնության ձեռք առաջարկեցին Թուրքիային այն ժամանակվա երկրաշարժի տուժածներին օգնության համար, այդ ժամանակ հայկական կողմն իրոք միջազգային սկբունքներին համապատասխան հումանիստական սկզբունքներով էր շարժվում: Այդ ժամանակ Արցախը շրջափակված չէր, Ադրբեջանը չէր սպառնում Հայաստանի անվտանգությանը, իսկ Թուրքիայից էլ սպառնալիքներ չէին հնչում Հայաստանի հասցեին:

Ավելին, Հայաստանի այն ժամանակվա քայլը դրական ընդունվեց Թուրքիայի ղեկավարների կողմից, և այն ժամանակվա Թուրքիայի ղեկավարը հրապարակավ շնորհակալություն հայտնեց Հայաստանին այդ քայլի կապակցությամբ:

Դա նշանակում էր, որ այն ժամանակվա Թուրքիան Հայաստանին դիտարկում էր որպես տարածաշրջանային լուրջ գործոն և հենց այդ պատճառով նրա ղեկավարը շնորհակալություն հայտնեց մեզ:

Այսօրվա Թուրքիայի ղեկավարները Հայաստանին դիտարկում են որպես պարտված կիսապետական միավոր և հույս ունեն Փաշինյանի միջոցով վերջնականապես կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, որպեսզի դրանից հետո՝ Ադրբեջանի ձեռքերով, վերջնականապես լուծեն Հայաստանի հարցը, ինչպես որ լուծեցին հայերի խնդիրը 1915 թվականին:

Պարզ է, որ այսպիսի Հայաստանին նրանք այլևս լուրջ գործոն չեն համարում: Իսկ, օրինակ, Հունաստանին համարում են, և այդ իսկ պատճառով նրանց են գովաբանում, քանզի այդ երկիրը չի պարտվել պատերազմում, լուրջ գործոն է իրենից ներկայացնում, և իրենց ղեկավարն էլ քաղաքական ծաղրածու չէ, որ արհամարհեն:

Իսկ մեզ համարում են անմեղսունակ ժողովուրդ, որ մինչև հիմա իշխանությանը հանդուրժում է մի մարդու, ով երկիրը բերել է պարտության և դրանից հետո համարձակվում է իրեն լկտի պահել երկրի ներսում:

Այդպիսի երկրներին աշխարհում ոչ ոք չի հարգում և ճիշտ են անում: Քանզի մինչ երկիրը պահանջի հարգանք դրսից, նախ ինքն իրեն պիտի հարգի:

Ահա, թե ինչու նույնիսկ այս հարցում Նիկոլ Փաշինյանը դրական արդյունք չարձանագրեց և մեր բարի կամքին արձագանքեց ընդամենը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բանակցող Սերդար Քըլըչը: Այսպիսի հրապարակային նվաստացում Հայաստանը չէր արձանագրել վերջին երեսուն տարվա ընթացքում և այս չափ առհամարված նույնիսկ այսպիսի մարդասիրական բնույթի հարցում մենք չենք եղել:

Խնդիրը նրանում չէր, որ Հայաստանը պետք է օգնությամբ հանդես չգար, խնդիրը նրանում է, որ հանդուրժել այսպիսի ղեկավարին արդեն ոչ միայն ամոթ է մեր ազգի համար, այլև վտանգավոր, քանզի դրանից հետո մեզ ոչ ոք աշխարհում լուրջ չի ընդունի և մենք կրկին կհայտնվենք համաշխարհային ասպարեզում քաղաքական մուրացկանի դերում:

Մի՞թե սա է մեր իրական առաքելությունը՝ որպես ազգ․ եթե դա է, ուրեմն մենք չենք կարող ունենալ պետություն և ապրել այս տարածաշրջանում խաղաղ պայմաններում մեր հարևանների հետ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը