Քաղաքական

12.02.2023 10:31


«Կութի սարերում մոտ 1 մետր ձյուն կա, բայց թշնամին չի հեռացել, 2 օր առաջ սարի վրա ձնեմարդ էին սարքել». բնակիչ

«Կութի սարերում մոտ 1 մետր ձյուն կա, բայց թշնամին չի հեռացել, 2 օր առաջ սարի վրա ձնեմարդ էին սարքել». բնակիչ

«Արդեն 3 ամիս է՝ թշնամին ոչ մի կրակոց չի արձակում, իրավիճակը գյուղում այս պահին հանգիստ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչ Զմրուխտ Գևորգյանը, ապա հավելեց՝ հավանաբար դա պայմանավորված է ձյան առատ տեղումներով:

«Սեպտեմբերի 13-ին թշնամու հարձակման ժամանակ բոլորս դուրս էինք եկել Կութից, բայց մի ամիս էլ չանցած՝ վերադարձանք: Նոյեմբերի 7-ից մինչև այսօր ադրբեջանցիները գյուղի ուղղությամբ չեն կրակել: Հավանաբար ձյունն է պատճառը, քանի որ այս տարի ահավոր շատ ձյուն է եկել, սարերում՝ որտեղ շուրջ 2 տարի թշնամին է տեղակայված, մոտ 1 մետր ձյուն կա, որ քամի է լինում՝ գյուղի փողոցները փակվում են, տրակտորով են բացում ճանապարհը»:

Կութի բնակիչն ասում է՝ ճիշտ է՝ կրակոցներ չկան, բայց դա չի նշանակում, որ թշնամին սարերից իջել է.

«Նախկինի նման իրենց շարժն ակտիվ չէ, եթե առաջ Կութի վերևի հայտնի «3 քար» սարի մոտ ամեն օր էր լույս վառվում, ապա այս ընթացքում՝ շաբաթը մի անգամ: Իրենք նույն տեղում մնացել են, ավելին՝ 2 օր առաջ, որ երեխեքին դպրոց էի տանում, տեսանք, որ այդ բարձր սարի վրա իրենք ձնեմարդ են սարքում, պարզ երևում էր»:

Գյուղում խուճապ չկա, ուղղակի անհանգստանում ենք, որ ձյան հալվելուց հետո նրանք կրկին ակտիվանան՝ կրակեն.

«Մտածում ենք, որ ձյուն է, ցուրտ է, չեն կրակում, բայց… Գոնե կարողանային այնպես անել, որ մինչև գարուն դրանք հեռանային մեր տարածքից, մենք էլ նախկինի նման մեր առօրյայով ապրեինք, երեխեքին ահուվախով չուղարկենք դպրոց, նորից անասուն առնենք պահենք, այստեղ անասնապահությամբ պետք է զբաղվես, թե չէ՝ չես կարողանա ապրել»:

Այս խորագրի վերջին նյութերը