Քաղաքական

11.02.2023 18:51


ՀՀ իշխանությունները փորձում են կոծկել աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը․ քաղաքագետ

ՀՀ իշխանությունները փորձում են կոծկել աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը․ քաղաքագետ

Հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը News․am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրելու նպատակի մասին։

Այս կերպ նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ դիտորդները գալիս են Հայաստան, որպեսզի հետևեն նաև ռուսական զորքերի տեղաշարժին, որպեսզի աշխարհը համոզվի, որ Հայաստանը մտադիր չէ հարձակվել Ադրբեջանի վրա և ընդհանրապես որևէ տարածքային հավակնություն չունի Ադրբեջանի նկատմամբ։

Քաղաքագետի խոսքով՝ վարչապետի այս հայտարարությունը պետք է բաժանել երկու մասի։

«Նախ, սա Փաշինյանի՝ հունվարի 10-ի հայտարարության շարունակությունն է այն մասին, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում սպառնալիք է երկրի համար։ Եվ որպես երկրորդ քայլ նրանք բերում են ռազմական տեսուչների, որոնք փաստացի վերահսկելու են ռուսական զորքերի տեղաշարժը Հայաստանի տարածքում։ Մյուս խոսակցություններն այն մասին, որ մեր դիտորդները նույնպես պետք է մոնիթորինգ իրականացնեն, հարթեցմանն ուղղված գործողություններ են»,-պարզաբանեց քաղաքագետը։

Փորձագետը նաև նշեց, որ կցանկանար ավելի լայն տեսակետ ունենալ այս իրավիճակի վերաբերյալ։

«Սկզբում երկու ամսով, իսկ հետագայում՝ երկու տարով դիտորդներ Հայաստան հրավիրելու հետ կապված իրավիճակն առաջացել է սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո։ Շատերը նկատում են, որ սեպտեմբերյան ագրեսիան իր մասշտաբներով, դրսևորումներով ինչ-որ առումով նման էր նրան, ինչ մենք տեսանք 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ»,-նշեց Բենիամին Մաթևոսյանը։

Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ Ադրբեջանը նույնպես պատերազմ սանձազերծեց, բայց Արցախի տարածքում։

«Դիվանագիտական ասպարեզում պատերազմի արդյունքում պաշտոնական Երևանը հասել է նրան, որ Ադրբեջանը ևս ընդունել է, որ Ադրբեջանի և Արցախի Հանրապետության սահմանին պետք է լինեն երկու կողմերից դիտորդներ, որպեսզի նրանք դիտորդական առաքելություն իրականացնեն: Պետք է ընդլայնվեր ԵԱՀԿ պաշտոնական գրասենյակը, այսինքն՝ ռազմական ագրեսիայի համար Ադրբեջանը պետք է պատժվեր դիվանագիտական հարթակում»,-կարծում է քաղաքագետը։

Մաթևոսյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ այդ ամենի հետևանքով հայկական կողմը հասնի մեկ կարևոր պահի՝ փաստացի միջազգային կարգավիճակ տալով Արցախի Հանրապետության սահմանին։ «Ի՞նչ է ստացվում այս իրավիճակում։ Ադրբեջանը փաստացի պատերազմ է սանձազերծում Հայաստանի դեմ՝ զբաղեցնելով մոտ 50 դիրքեր, համաձայն բաց աղբյուրների, մենք կորցրել ենք հարյուրավոր մարդկանց, բայց դիվանագիտական հարթակում Փաշինյանի խոսքերից ստացվում է, որ իրենք կարողացել են հիմնավորել, որ այդ գործողություններն ուղղված են նրան, որպեսզի կանխվի Ադրբեջանի դեմ հենց Հայաստանի ագրեսիան, և այդ ամենը հասել է նրան, որ դիտորդներ են գալիս ՀՀ տարածք, որպեսզի իրադարձություններին հետևեն տեղում։ Այսինքն՝ դու պարտվում ես և՛ ռազմական, և՛ դիվանագիտական հարթակում»,-նշեց քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ դրսևորումն է այն բանի, որ ՀՀ իշխանությունը փորձում է կոծկել այն, ինչը տանում է դեպի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության։ «Նրանք հնարավոր բոլոր միջոցներով փորձում են զսպել մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը, և միջոցներից մեկը ռուսական ռազմական ներկայությունը մեկ այլ ներկայությամբ փոխարինելն է։ Այս դեպքում խոսքը քաղաքացիական դիտորների մասին է, սակայն որքանո՞վ են նրանք քաղաքացիական, եթե պաշտոնական Բեռլինից և Փարիզից լսում ենք գնահատականներ, որոնցում նրանք խոսում են ժանդարմների ներգրավման մասին»,-ասաց Մաթևոսյանը։

Նա նաև պարզաբանեց, թե ինչու են որպես դիտորդ ութ ժանդարմի ուղարկում։ Մաթևոսյանի խոսքով՝ նրանք ունեն բավարար պրոֆեսիոնալ ունակություններ, որպեսզի հստակ մեկնաբանեն, թե ինչ է տեղի ունենում ՀՀ տարածքում ռուսական զորքերի տեղաշարժի տեսանկյունից։

Այս խորագրի վերջին նյութերը