Կարծիք

13.01.2011 15:22


«Հետաձգված հանրաքվե» Սուդանում. ե՞րբ է գալու Արցախի հերթը

«Հետաձգված հանրաքվե» Սուդանում. ե՞րբ է գալու Արցախի հերթը

1991-ի սեպտեմբերին, երբ Արցախի ժողովուրդը հռչակեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ՄԱԿ անդամ երկրների թիվը մոտ 150 էր: Միջազգայնորեն ճանաչված երկրների թիվն այսօր անցնում է 190-ից, որոնց մեջ չկա Արցախը: Կարելի է բերել ավելի հուսահատ օրինակներ: Պաղեստինը անկախության ճանապարհին է 1947 թվականից, սակայն դեռ ՄԱԿ-ի անդամ չէ, իսկ նրա առաջնորդները հոգնեցուցիչ բանակցությունների մեջ են Իսրայելի ու միջազգային հանրության հետ:

Ամեն մի հակամարտություն ունի տարբեր պատմական, քաղաքական, մշակութային, կրոնական, իրավական անցյալ: Մոլորակի չճանաչված միավորներին՝ Լեռնային Ղարաբաղին, Աբխազիային, Մերձդնեստրին, Քաշմիրին ու մյուսներին, որոնց թիվը անցնում է երկու տասնյակից, ընդհանուր է հենց նրանց չճանաչվածությունը: Եվ դժվար է ասել, թե այդ միավորներից քանիսը և երբ կհասնեն իրենց երազանքին՝ անկախության միջազգային ճանաչմանը:

Աշխարհում չկա գրված օրենք այն մասին, թե որ ժողովուրդն իրավունք ունի անկախ պետություն ունենալ և որը՝ չունի: Ավելի քան 35 միլիոն քրդերն այսօր չունեն անկախ պետություն (գուցե մոտ ապագայում ունենա՞ն Իրաքի հյուսիսում), սակայն աշխարհի ընդամենը հինգ միլիոն ալբանացիները ունեն երկու պետություն՝ Ալբանիան ու Կոսովոն (ճիշտ է, Կոսովոն դեռ ՄԱԿ-ի անդամ չէ), իսկ արաբներն ունեն ավելի քան քսան պետություն:

Պետականակերտման ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը և ամենավիճելի հանգամանքը միջազգային իրավակարգի երկու՝ հաճախ միմյանց հակասող սկզբունքներն են՝ պետությունների տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանը համառում է, ասելով, թե Լեռնային Ղարաբաղն իրավունք չունի ինքնորոշվել Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս, մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանապարհը եղել է թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքի, և թե՛ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Հայերի ու ադրբեջանցիների այս վեճին լուծում տալու նպատակով միջազգային հանրությունը՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, տարիներ առաջ ներկայացրեց «հետաձգված հանրաքվեի» գաղափարը, որի էությունը հետևյալն է. հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվում են առաջիկա տարիներին (պայմանավորվելուց հինգ տարի կամ քսան տարի հետո, ժամկետները և մյուս բազմաթիվ մանրամասները պետք է դեռ ճշտվեն) Լեռնային Ղարաբաղում անցկացնել հանրաքվե և դրա արդյունքներով որոշել, թե Արցախն ուզում է անկախություն, թե որոշում է մնալ Ադրբեջանի կազմում:

Հայաստանում, սփյուռքում և հատկապես Արցախում շատերը քննադատեցին «հետաձգված հանրաքվեի» գաղափարը, ներկայացնելով բազմաթիվ խոհեմ և ոչ խոհեմ առարկություններ: Քննադատներից շատերը շտապեցին գրել, որ Լեռնային Ղարաբաղը 1991 և 2006 թվականներին արդեն անցկացրել է հանրաքվե և միահամուռ վճռել, որ Արցախը անկախ և ինքնիշխան պետություն է:

Միջազգային հանրությունը չի ճանաչել ինչպես Լեռնային Ղարաբաղի 1991թ. անկախության, այնպես էլ 2006թ. Սահմանադրության ընդունման հանրաքվեներն ու դրանց արդյունքները: Հետևաբար, երկարաժամկետ կտրվածքով, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը, այդ թվում նաև Ադրբեջանը, ճանաչեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրականացումը: Վերջին տարիներին ու այսօր Հայաստանի ղեկավարությունը միջազգային հանրության և Ադրբեջանի հետ հենց այդ հարցով է բանակցություններ վարում: Ադրբեջանը չի ընդունում «հետաձգված հանրաքվեի» գաղափարը, քանի որ համոզված է, որ Արցախում անցկացվելիք որևէ հանրաքվե նույն արդյունքն է հաստատելու. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Հետաձգված հանրաքվեի» գաղափարը նորություն չէ և միջազգային հարթակում ազգերի կամ պետությունների միջև անլուծելի թվացող վեճերը կարգավորելու յուրօրինակ մոտեցում է: 1999 թվականին ստորագրվեց պայմանագիր, իսկ երեք տարի անց՝ 2002-ին, Արևելյան Թիմորում անցկացվեց հանրաքվե: Այսօր արդեն Արևելյան Թիմորը ՄԱԿ-ի անդամ անկախ պետություն է: Հետաձգված հանրաքվեի վերջին դեպքը տեղի է ունենում Սուդանի հարավում:

Աֆրիկայի տարածքով ամենամեծ երկիրը՝ Սուդանը, վերջին տասնամյակների ամենաանհանգիստ ու մի քանի հակամարտությունների մեջ ներքաշված պետություն է: Այդ հակամարտություններում սպանվածների թիվը ավելի քան երկու միլիոն է: Հակամարտության մեջ էին երկրի արաբախոս մահմեդական հյուսիսը՝ պաշտոնական Խարթումը, և գերազանցապես քրիստոնյաներով բնակեցված ու նավթով հարուստ հարավը՝ Ջուբա վարչական կենտրոնով: Շուրջ երկու տասնամյակ տևած արյունալի հակամարտությանը տրվեց միջանկյալ լուծում. 2005 թվականին կողմերը, միջազգային հանրության հովանու ներքո, պայմանավորվեցին ու ստորագրեցին համաձայնագիր 2011 թվականի հունվարին հանրաքվե անցկացնելու մասին: Հակամարտության երկու կողմերը և միջազգային հանրությունը համաձայնել են ընդունել հանրաքվեի արդյունքները:

Թաթուլ Հակոբյան

Ըստ civilitasfoundation.org–ի

Այս խորագրի վերջին նյութերը