Քաղաքական

08.02.2023 14:13


Բաքուն միշտ պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելուն. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Միրզոյանին

Բաքուն միշտ պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելուն. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Միրզոյանին

Ադրբեջանը, «ի տարբերություն Հայաստանի» (չակերտները՝ Tert.am), հանդես է գալիս խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ վարելու օգտին, և միշտ պատրաստ է դրան։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով փետրվարի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարություննները:

Նրա խոսքով՝ առաջարկները, որոնց մասին նախօրեին հայտարարել է Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե «օրերս», այլ 15 օր առաջ:

«Հայկական կողմը «կրկին թույլ է տալիս մանիպուլյացիաներ» (չակերտները՝ Tert.am) խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետ կապված և, ներկայանալով որպես կառուցողական կողմ, «փորձում է մոլորության մեջ գցել» (չակերտները՝ Tert.am) միջազգային հանրությանը։ Ինչպես գիտեք, հենց հայկական կողմն էր, որ խախտելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա դեկտեմբերին «հրաժարվեց» (չակերտները՝ Tert.am) բանակցել։ Սակայն այժմ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն նա «արհեստական խոչընդոտներ է ստեղծում» (չակերտները՝ Tert.am) գործընթացի համար։ Ադրբեջանը, «ի տարբերություն Հայաստանի» (չակերտները՝ Tert.am), հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ վարելու օգտին, և միշտ պատրաստ է դրան»,-ասել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Բեռլինում իր գերմանացի գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարն ասել էր. «Խաղաղության բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը, մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսվում էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև նախարար Լավրովի հերթական հանդիպումը:

Այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը, և չնայած այս հանգամանքին մենք ադրբեջանական կողմին, ինչպես Դուք մեջբերեցիք, փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ: Եվ պետք է նաև տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագաքը և առաջարկները:

Ես կրկնում եմ սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա տարբեր, մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը: Սա շատ կարևոր է հասկանալու համար, որ թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, այնուամենայնիվ, ըստ էության, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են:

Անշուշտ, պետք է նշեմ, որ այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում, եթե, իհարկե, չասենք, որ խոչնդոտում են, Ադրբեջանի շարունակական, հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, անկախ նրանից դա Հայաստանի Հանրապետությունն է, թե Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև գետնի վրա, ինչպես ասում են, ագրեսիվ գործողությունները, ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, մեր տարածքների օկուպացիայի տակ մնալը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը:

Ցանկացած պարագայում, ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք շատ վճռական և հաստատակամ ենք խաղաղության օրակարգին և մենք մեր կողմից շարունակելու ենք ակտիվ ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը