Հարցազրույց

28.09.2011 16:21


Մանե Հակոբյան

Մանե Հակոբյան

Հարցազրույց ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀԱԿ գիտության և կրթության հանձնաժողովի նախկին անդամ Մանե Հակոբյանի հետ

–Դուք հայ ազգային կոնգրեսի գրասենյակի ղեկավարի կազմի մի ստվար խմբի մեղադրում եք Ձեր հեղինակած «ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման կայուն զարգացման ծրագիրը» գողանալու մեջ։ Խնդրում եմ չակերտները բացեք՝ ի՞նչ է նշանակում գողանալ, և ինչպե՞ս է դա հնարավոր եղել։

–Իմ թիրախը ՀԱԿ–ի որոշ անհատներն են։ Դա նախ և առաջ Լևոն Զուրաբյանն է, ով իմ ծրագիրը գողանալու գործընթացի, այդ խմբակային խարդախության հեղինակն ու կառավարողն է ու դիրիժորը։ Լևոն Զուրաբյանը սարսափելի մանկիկ է, նա մի ֆյուրերիկ է, շատ տհաճ մի երևույթ։ Եվ ես նրան ասել եմ, որ բացահայտելու եմ իրեն։ Լևոն Զուրաբյանն ասում էր՝ ՀԱԿ–ը ե՛ս եմ, ուրիշներին չդիմե՛ք։ Լևոն Զուրաբյանին թվում է՝ ինքը հիպնոսելու, ազդելու հատկություն ունի։ Բայց ինքը ոչի՛նչ չունի։ Իմ կարծիքով եթե Լևոն Զուրաբյանին խփենք՝ ինչպես սեղանին, ձայն կգա։ Այ ինքն այդքան դատարկ մարդ է։ Ավելի հակակրանք առաջացնող մարդ չկա. նա ահավոր վտանգ է մեր երկրի համար։ Ես կարծում եմ, որ Լևոն Զուրաբյանը դեզինֆորմացնում է Լևոն Տեր–Պետրոսյանին։ Ավելացնեմ, որ այս գողությունը վերջնական տեսք էր ստանալու 2010թ. սեպտեմբերի 3–ին։ Ես կանխեցի։ Ես չեմ ուզում, որ երևա, թե շարժմանն եմ վնասում, այսինքն՝ քաղաքական աստառ չտրվի։ Ես այն ժամանակ ապացուցեցի, որ չեմ անի դա։ Բայց հիմա դա արեցի, որովհետև այսօր ՀԱԿ–ը քաղխորհրդի նիստում իմ ծրագիրը պետք է հաստատեր։

–Եթե ՀԱԿ–ն այժմ հայտարարի, որ այդ ծրագրի հեղինակը Դուք եք, Ձեզ դա կբավարարի՞։

–Իհա՛րկե ոչ։ Ինձանից գողացել են ուղիղ երկու տարի։ Հետո ես իրենց բաց ասել եմ՝ մի՛ արեք այդ բանը։ Ինձանից ոչ ոք երբեք չի կարողացել գիտություն վերցնի, իսկ ծրագիրը մի դոկտորական դիսերտացիա չի։ Դա բազմաթիվ դոկտորական դիսերտացիաների հիմք է։

–Ընդհանրապես ի՞նչ արժեն նման ծրագրերը։

–Շա՜տ մեծ գումարներ։ Միլիոն դոլարներ։ Հաշվեք, թե գիտության պետական կոմիտեն ինչքան ծախսեց այս 3–4 տարվա ընթացքում, որ գրեց ընդամենը հայեցակարգ, և որը, մեղմ ասած, լավը չի։

–Իսկ եթե ՀԱԿ–ն այդ դոլարները Ձեզ վճարի, դա Ձեզ կբավարարի՞։

–Ո՛չ, իհարկե։  Ես պահանջում եմ, որ իրենք պատասխանատվության ենթարկվեն դոլարները տալուց հետո։ Ես այդ գումարով գիտության հիմնադրամ կստեղծեմ։

–Ի՞նչ եք կարծում՝ այս պատմությունից անձամբ Լևոն Տեր–Պետրոսյանը տեղյա՞կ է։ Ու ընդհնարապես, անկախ այս ամենից՝ Տեր–Պետրոսյանը տեղյա՞կ է ՀԱԿ–ում տեղի ունեցող գործընթացներից։

–Ինձ թվում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանն արդեն տրագիկ կերպար է։ Գուցեև սխալվում եմ, բայց կարծում եմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը գալիս էր բոլոր սխալներն ուղղելու, բայց իր կողքին ոչ մի մարդ չկար, որ ընդուներ դա։ Լևոն Տեր–Պետրոսյանին օգտագործում են որպես սիմվոլ, որպես դրոշ, խաբում են նրան։ ՀԱԿ–ի վերին էշալոններում ուրիշ որևէ մարդ չկա, որ անգամ կիսատ–պռատ երկիրը ղեկավարի։ ՀԱԿ–ում կան մի խումբ մարդիկ, օրինակ, ՀՀՇ–ի կորիզը, որոնք ոչ մի բան չեն ուզում մեր երկրի համար. իրենք գալիս են անեն այն, ինչը չեն հասցրել։

–Այսինքն։

–Հարստանալ՝ ինչ գնով էլ ուզում է լինի, նույնիսկ երկիրը վաճառելու։

–Հայ ազգային կոնգրեսում ՀԱԿ–ից հիասթափվողները շա՞տ են։

–Ասեմ, որ ՀԱԿ–ի գիտության և կրթության հանձնաժողովում տարբեր քաղաքական կուսակցությունների անդամներ իրար ուտում էին։ Ես մնում էի շշկռված։ Փաստորեն, մենք այնտեղ ոչնչով չէինք զբաղվում, իզուր ժամանակ էինք կորցնում, և դրա համար էլ ես այնտեղից հեռացա։ ՀԱԿ–ի այդ հանձնաժողովում խմբակային աշխտանաք չէր կարող լինել, քանի որ այնտեղ կարող ուժեր ընդհանրապես չկային։ Ասեմ նաև, որ այդ հանձնաժողովի մի խումբ մարդիկ բերել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գործող հայեցակարգը և ներկայացրել որպես իրենց ծրագիր, ու պահանջում էին, որ դա դառնար ՀԱԿ–ի ծրագիրը։ Ու ոչ ոք այդ մասին չգիտեր, որովհետև այնտեղ գիտության հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ էին հավաքված։ Չնայած կային կանդիդատ–մանդիդատներ, բայց այլ բան է լինել գիտնական, այլ բան՝ դոկտոր, ակադեմիկոս։ Ստիպված ես եմ ասել՝ ա՛յ հոգիս, դուք բերել եք ակադեմիայի հայեցակարգը, որ գործում է։

Հայ ազգային կոնգրեսից հիասթափվողներ, իհարկե, կան, բայց հիմա երևի մնացել են նրանք, ովքեր ուզում են, որ պակասեն ՀԱԿ–ի շարքերը, քանի որ այդ դեպքում իրենք ինչ–որ բան կստանան, եթե հաղթեն։

–Բայց կհաղթե՞ն։

–Աստվա՛ծ չանի, որ նրանք գան։ Աստվա՛ծ չանի։ Լևոն Զուրաբյանը վտանգ է մեր երկրի համար։ Ես Տեր–Պետրոսյանի մասին իրավունք չունեմ դա ասելու, որովհետև նրան անձամբ չեմ ճանաչում։ Բայց Լևոն Զուրաբյանը, համոզված եմ, հեղաշրջում էր նախապատրաստում ընդդեմ Լևոն Տեր–Պետրոսյանի։ Ես ուզում եմ, որ դա Լևոն Տեր–Պետրոսյանն իմանա։

–Ի՞նչ հիմքեր ունեք դա պնդելու։

–Օրինակ՝ ի՞նչ պետք է հասկանալ, երբ ՀԱԿ գիտության և կրթության հանձնաժողովի անդամներ Հարություն Կարապետյանն ու Վլադիմիր Հարությունյանն ինձ ասացին, որ իրենք դաշնակցական են եղել, այս հանձնաժողով մտնելու համար ուրիշ նպատակներ են ունեցել և կյանքում չեն մտնի ՀԱԿ, Լևոն Տեր–Պետրոսյանն իրենց անձնական թշնամին է, քանի որ սպանել է իրենց մտերիմ ընկերոջը՝ Արթուր Մկրտչյանին։ Իրենք ի վնաս Լևոն Տեր–Պետրոսյանի էին աշխատում՝ հօգուտ Հրանտ Բագրատյանի։

–Այսինքն, Ձեր ասածից ստացվում է, որ Լևոն Զուրաբյանը հեղաշրջում էր նախապատրաստել ընդդեմ Լևոն Տեր–Պետրոսյանի, որպեսզի ՀԱԿ–ի թեկնածուն դառնա Հրանտ Բագրատյա՞նը։

–Ինձ Հարություն Կարապետյանն ու Վլադիմիր Հարությունյանն ասացին, որ ՀԱԿ–ի ղեկավար կազմից մի խումբ մարդիկ քայլեր են անում Բագրատյանի օգտին, քանի որ Բագրատյանն է լինելու թեկնածուն, ոչ թե Լևոն Տեր–Պետրոսյանը։ Դա 2010թ. մայիսի 23–ին էր։

–Իսկ ՀԱԿ–ի կողմից սպառնալիքներ հնչե՞լ են Ձեր հասցեին, որպեսզի լռեք, չբացահայտեք իրենց Ձեր նշած այս գողության մասին։

–Առայժմ ասենք՝ չէ։ Բացահայտումները հաջորդականությամբ կլինեն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը