Մեկնաբանություն

06.02.2023 01:11


Ի «պաշտպանություն» Գուրգեն Արսենյանի․ «նախկիններն են մեղավոր» շարքից

Ի «պաշտպանություն» Գուրգեն Արսենյանի․ «նախկիններն են մեղավոր» շարքից

Հայաստաանի հետ սահմանին կից տարածքում Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում։ Այն ուղղված է Հայաստանի դեմ։

Թուրքիայի ուժային և այլ կառույցների պաշտոնյաները զորավարժություններին զուգահեռ հայտարարում են, որ Հայաստանը պետք է իրենց տրամադրի «Զանգեզուրի միջանցքը»։ Թուրքիան շարունակում է նախապայմանների ու սպառնալիքների լեզվով խոսել մեզ հետ։

Ու չնայած այս ամենին, ՔՊ–ական օլիգարխ–պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին։ Դատելով Արսենյանի հայտարարություններից՝ դժվար է ասել, թե նա իր թուրքամետ ու հակահայկական հայտարարություններով քծնում է Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Էրդողանին։ Միգուցե երկուսին միաժամանա՞կ։

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Գուրգեն Արսենյանը միշտ է այդպիսին եղել։ Նա միշտ է քիրվայական եղել։

Գուրգենը փողատեր դարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին։ Այդ փուլից սկսած նա օրվա իշխանություններին պարբերաբար քստմնելի ծառայություններ մատուցելու պատրաստակամություն է հայտնել։ Օրինակ՝ երբ Տեր–Պետրոսյանի իշխանությունն ուզում էր փակել «Ար» հեռուստաընկերությունը, Արսենյան Գուրգենին էր օգտագործում փողով «Ար»–ը փակելու օպերացիայում։ Օպերացիան այդ չստացվեց։

1998–ի իշխանափոխությունից հետո Արսենյանն անմիջապես գունափոխվեց ու հայտնվեց նոր իշխանությունների ճամբարում։ Նա իր վրա վերցրեց «Ա1+»–ը փակելուց հետո նույն հաճախականության վրա «Կենտրոն» հեռուստաընկերություն ստեղծելու գործը։ Մի պահ դրա սեփականատերն էր, հետո վաճառեց այն Գագիկ Ծառուկյանին։ Այդ ընթացքում Գուրգենը մի պահ որոշեց ընդդիմադիր խաղեր տալ՝ մտածելով որ կարող է իշխանություն փոխվել, բայց հետո այնպիսի քծնանք իրականացրեց առ իշխանություններ, որ էլ դու սուս։ Արսենյանը սկզբում քննադատել էր 2004–ի ապրիլի 12–ին տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանության պահվածքը, բայց հետո հրապարակավ շնորհակալություն էր հայտնել ոստիկանությանը, թե բա շնորհակալ եմ ոստիկանությունից։

98–ից հետո ձևավորված իշխանության մեծագույն մեղքերից մեկն այն էր, որ Արսենյան Գուրգենին 2003–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն տվեցին բառիս բուն իմաստով փողի միջոցով մի ամբողջ խմբակցություն ձևավորել Ազգային ժողովում։ «Միավորված աշխատանքային կուսակցություն» անունը հանրության ճնշող մեծամասնությանն անհայտ էր, սակայն փող բաժանելու միջոցով Արսենյանը բիզնես–պլան իրականացրեց ու մտավ խորհրդարան։ Նա դարձավ փողով խորհրդարան մտնելու օրենսդիրը։ Արսենյանը նույնիսկ կոալիցիոն իշխանության մաս կազմեց 2003–ից հետո։ Սա այն դեպքն է, երբ հաստատ կիրառելի է «Նախկիններն են մեղավոր» ձևակերումը։

Արսենյանն իր քաղաքական դեգերումների ընթացքում հասցրել է խորհրդարան մտնել նաև Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Դա 2012–ին էր։ Նա ԲՀԿ–ի հետ մասնակցել է նաև Երևանի ավագանու ընտրություններին՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Այն Օսկանյանի, ում վարած արտաքին քաղաքականությունը հիմա Արսենյանը քննադատում է։

Արսենյանը 2021–ի ԱԺ ընտրությունների արդյունքում դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Կան ողջամիտ կասկածներ, որ նրան Նիկոլ Փաշինյանն իր թիմում ներգրավել է երկու պատճառով՝

  1. Արսենյանն ընտրակեղծիքների մասնագետ է,
  2. Արսենյանը փող է մուծվել նիկոլենց ընտրարշավի ու ցուցակում տեղ գտնելու համար։

Ամփոփելով Արսենյանի «էպոպեան» կարող ենք ասել, որ նրա ներկա պահվածքի համար ինքն այնքան էլ մեղավոր չէ այն առումով, որ քաղաքականապես միշտ է թուրք եղել, բայց նրան 98–ի իշխանափոխությունից հետո ոչ թե իր տեղը ցույց տվեցին, այլ դեռ մի բան էլ աճեցրեցին ու հասցրեցին այս օրվան։ Իրոք, որ նախկինները բազմաթիվ մեղքեր ունեն։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը