Լրահոս

28.09.2011 14:19


Բակո Սահակյան. «Ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ մեկը չի կարող որոշում կայացնել առանց մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»

Բակո Սահակյան. «Ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ մեկը չի կարող որոշում կայացնել առանց մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»

Այսօր Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարան կատարած այցի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է ուսանողների հարցերին։

Պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե արդյոք չի՞ հուզում Արցախի ժողովրդին և իշխանությանն այն, որ ՀՀ իշխանությունները երկխոսում են այն քաղաքական ուժի հետ (խոսքը ՀԱԿ–ի մասին է), որն անընհատ քարոզում է հիմնահարցի լուծման փուլային տարբերակը, որով ենթադրվում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ ԼՂՀ կարգավիճակի չհստակեցված հեռանկարով, Բակո Սահակյանն ասել է.

–Խնդրի լուծման լիազորությունները պատկանում են մեր ժողովրդին. միայն համաժողովրդական հանրաքվեն կարող է վճռական որոշում կայացնել այս հարցում։ Խնդիրն այնպիսին է, որ որևէ մեկը, լինի քաղաքական գործիչ, թե նախագահ, չի կարող որոշում կայացնել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, չի կարող այսպիսի հակահայկական որոշում կայացնել։ Այո՛, կա, այսպես կոչված, փոխզիջումների տարբերակը, բայց այն ընդունվում է մեր կողմից ոչ թե մեր թուլությունը ցույց տալու, այլ հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու համար, և չկա ու չի կարող լինել այդ փոխզիջումների մեջ բուն Լեռնային Ղարաբաղի տարածքի հանձնման հարցը։ Սա շատ նուրբ հիմնախնդիր է, ես կողմնակից չեմ ծայրահեղ հայտարարություններին։ Եթե մենք Ադրբեջանի նման հիստերիկ հայտարարություններ չենք անում, չի նշանակում, որ թույլ ենք. նշանակում է, որ մենք զգաստ ենք մեր ճակատագրի նկատմամբ, ու համոզված ենք, որ այսպիսի մոտեցումը վաղ թե ուշ բերելու է Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։

Բակո Սահակյանը նաև նշել է, որ եթե ազատագրված տարածքներում չեն կատարվում շինարարական կամ այլ բնույթի աշխատանքներ, ապա դա չի նշանակում, որ այդ տարածքները պատրաստվում են հանձնել։ Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ չկա համապատասխան ֆիզիկական ուժ և զանգված այդ տարածքներում էլ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը