Կարծիք

02.02.2023 12:26


Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գերակայությունների մեթոդաբանությամբ

Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գերակայությունների մեթոդաբանությամբ

Երկար ու կարդալու:

Փաշինյանի աջակիցները չունեն նրա ընկալման և ընդունման ռացիոնալ կամ իռացիոնալ մոտեցում: Նրանք ընկալում են Փաշինյանին հենց այնպես, ինչպես նրան հրամցնում է նրա սեփական պրոպագանդան, որի վրա ծախսվում են միլլիոնավոր դոլլարներ: Քաղաքական պրոպագանդան ունի նրբություն, այն չի քննարկում քաղաքական գործչի վարքը, միտքը, մոտեցումը այլ բացառապես հրամցնում է նրա «ճշմարտացիությունն» ու «անսխալականությունը»:

Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գերակայությունների մեթոդաբանությամբ:

Հայաստանի նոր քաղաքական «էլիտայի» և դրա առաջնորդի բնույթի, որակի և բովանդակության ընկալումն ու խորքային վերլուծությունը էական նշանակություն ունի հասկանալու համար, թե ինչպիսի իրական ձգտումներ, քաղաքական շարժառիթներ և մղումներ ունեն նրանք: Արդյո՞ք դրանք իրականում նոր «էլիտայինն» են, թե՞ մենք գործ ունենք այդ գործողություններն ու շարժառիթները կիրառող անտեսանելի «շահառուների» հետ:

Վերջին միտքը առավել հիմնավոր կյանքի իրավունք է ձեռք բերում, երբ սկսում ես ոչ թե մակերեսային «մասսայական օգտագործման» տեսանկյունից, այլ խորքային և համընդգրկուն դիտանկյունից գնահատել պրոցեսները, որոնք հարուցվում են իբր իշխանությունների կողմից, բայց կարծում եմ իրականում «ուրվական շահառուների» կողմից: Այս «շահառուների» իրական մղումները և շահերը կարող են լինել և սկսվել ֆինանսատնտեսական և ռազմաքաղաքական տարածաշրջանային շահերից մինչև գեոստրատեգիական ազդեցության գոտիներ կամ ուղղակի կրեն սոցիալ-էքպերիմենտալ բնույթ:

Բայց մաքսիմալ էֆեկտի հասնելու համար մեկ բան աներկբա է: Վերը նշված մղումների և շահերի լոկալ դերակատարները չպետք է ունենան և կրեն խորքային պատկերացումներ, ինտելեկտուալ և մասնագիտական խորություն, այլ պետք է լինեն պրիմիտիվ, կեղծ լոզունգային աշխարհայցքի և պարտադիր բևեռային մտածողության կրողներ, որոնք ձգտել են կազմաքանդման առանց կառուցելու մասին որևէ ստրատեգիական և արժեքային պատկերացումների: Վերջին հանգամանքը նոր քաղաքական էլիտայի որակման անքակտելի բնորոշիչ գիծն է, հատկապես, երբ դիտարկում ես վերջին կադրային նշանակումները:

Արդյունքում իշխանական քաղաքական էլիտայի հիմնական քաղաքական սևեռուն միտքը, դարձել է գերնպատակ, որը լայն զանգվածներին վերահսկելն է, իրենց սեփական նպատակների և «շահառուների» քաղաքական խաղի և շահի համար որպես գործիք կամ «դեստրուկտիվ զանգված» օգտագործելը:

Էլիտայի գերագույն գլխավոր քարոզչին բնորոշ է կեղծիքը, դերային խաղերը, ամեն գնով տպավորություն թողնելը, ագրեսիվ գրգռունակությունը, որն ուղղված է դեպի դուրս, դեպի քաղաքական օպոնենտներ, իսկ վերջերս նաև դեպի սոցիալական շերտեր, կրթություն և նույնիսկ ԴՆԹ:

Գերագույն գլխավոր մանիպուլյատորին ներհատուկ է նաև ապատիան ու տագնապները։ Նրա կողմից օգտագործվող բանալի բառերի հոգեվերլուծությունը վեր է հանում նրա ներքին տագնապները, պատժվելու վախը, բարոյական հանցանքը և ինֆանտիլ անօգնականությունը։ Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունների համար անհրաժեշտություն են դառնում կոնֆլիկտները, կոնֆրոնտացիան, նրանց սևեռուն միտքը՝ ուրիշներին վերահսկելն ու կառավարելն է, ցինիզմը, կեղծիքն ու անհավասարակշռությունը, իսկ վերջերս նաև անպատժելիությունը, ինչին հասել են օպոնենտության բացակայության արդյունքում: Սրանք քաղաքական սիմպտոմներ են, որոնք այլևս խոսում են նրա մասին, որ երբեմնի «կիսաժողովրդավարական կամ պսևդոժողովրդավարական ռեժիմը» այլևս տրանսֆորմացվում է ավտորիտար ռեժիմի, քանի որ ունի ինքնապահպանման խնդիր, իսկ գլխավոր քաղաքական ակտորը սկսում է հաշվի չնստել օրենքի, իրավունքի և սահմանադրականության հետ, դրանք հարմարեցնելով սեփական կամքին և դեսպոտիկ մղումներին։ Սակայն այս ամենը մատուցվում է այսպես կոչված «ժողովրդի անունից, ժողովրդի համար և հանուն ժողովրդի» դիզայներական փաթեթավորմամբ:

Նմանատիպ մոդելները լայնորեն օգտագործվում են կրոնական տոտալիտար աղանդների քարոզչա- հոգեբանական ազդեցության համար:

«Աղանդի հետևորդներն ապրում և քարոզում են իրենց «ուսուցչի» գաղափարներն ու «բարոյական» նորմերը»:

Դրա համար այժմ լայնորեն օգտագործվում են քարոզչական թեզերի տարածման բոլոր խողովակներն ու ակտորները սոցիալական ցանցերի և մեդիաների միջոցով:

«Աղանդավորների համոզմունքները հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ հեղինակության, նրա աստվածացման և անմեղության վրա»:

«Փաշինյանը մեղք չունի չեն թողնում աշխատի», «Պատերազմը գցեցին ջեբը», «Էդ հողերը նախկիններն են տվել»:

Աղանդավորական խումբը ստեղծվում է այն առաջնորդողի խոստումների, սպառնալիքների, հնարքների, իշխանության չարաշահումների ներքո, օգտագործելով հոգեբանական ճնշում՝ իր հետևորդներին դարձնում է իրենից կախյալ էակներ: Որպես հետևանք, հետևորդները կորցնում են քննադատական վերաբերմունքը աղանդի յուրաքանչյուր գործունեության, դրա մեթոդների և սկզբունքների նկատմամբ:

«Կատարյալ քանդված ու անպաշտպան պետություն, բայց ապագա կա կա ապագա»:

Յուրաքանչյուր աղանդ նաև մի նոր «պետություն» է պետության ներսում, որն ապրում է սեփական կանոններով և օրենքներով, ավանդույթներով և հավատալիքներով, ուստի ձգտում է քայքայել այն ամենն, ինչ հակասում է իր ներքին կանոններին:

«Նախկինի պերմանենտ մերժում, նորի կառուցում, հնի ապամոնտաժում, «Նոր Հայաստան»

Աղանդի կողմից ի հայտ են բերվում տրանսի, էքստազի և այլ հոգեբանական հնարքների տարրեր, որոնք մի կողմից բացատրվում են նախընտրած պաշտամունքի նկատմամբ նվիրվածությամբ, բայց մյուս կողմից նպաստում են ֆանատիզմի և ծայրահեղ վարքի դրսևորումների:

«Թող թուրքը մեզ կոտորի, բայց նախկինները հետ չգան», «Ղարաբաղը տանք խաղաղ ապրենք»

Համեմատությունները և համընկնումները կարող եք շարունակել ինքներդ, իսկ նմանությունները ահռելի են: Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գերակայությունների մեթոդաբանությամբ և գործիքակազմով

Այն քաղաքական և արժեքային բազան որին մենք այսօր

ենք ականատես լինում, որևէ կապ չունի մեր վաղվա սպասումների հետ: Ժամանակակից քաղաքական զարգացումներն ունեն ոչ ժողովրդավարական համապատասխանություններով և անկայունությամբ, սոցիալ-տնտեսական և սահմանադրա-իրավական ոլորտներում խորը ճգնաժամերով ուղեկցվելու միտումներ և դրանք արդեն անասելի խորացել են: Քանզի հեղափոխական իշխանափոխություն իրականացրած առաջնորդները պոպուլիզմը և աղանդավորական ծայրահեղական արժեհամակարգը դարձրել են քաղաքական վարչակարգի մեթոդ՝ այն տարածելով մեր հասարակության մեջ:Այս հայեցակարգային պոպուլիզմը հանդես է գալիս որպես ավերիչ ուժ մեր պետության համար:

Արտաքին շահառուների «Նոր Հայաստան» կոնցեպտը իր ողջ պոտենցիալով պայքարում է անցյալի դեմ, իր կողմից չընկալվածի, չհասկացվածի, մերժվածի դեմ և ամենավտանգավորը նրանում է ,որ իր նպատակին հասնելու համար այլևս սկսել է մեթոդների և քայլերի ընտրության, օրինականության և հատկապես բարոյականության ընտրության մեջ տարբերություններ չդնել:

Հարցերի հարցը մնում է մեկը, ինչպես կանգնեցնել այս ամենը: Այս ամենի կասեցման ճանապարհը մեկն է և միակը

« ԿՈՆՍՈԼԻԴԱՑՆԵԼ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԵՐԺՈՂՆԵՐԻՆ և ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄՈՎ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ» Այն է՝

քաղաքական առաջարկ, քաղաքական պլանավորում, միասնական քարոզչական բազա, քաղաքական տեսլականի բաց, ազնիվ և հստակ ներկայացում, որը կտրականապես կտարբերվի իշխանականից,

անվանական ստվերային կաբինետի առաջարկ

քաղաքական առաջնորդ-ների խումբ-խորհուրդ

և վերջապես գրողը տարած քաղաքական ճգնաժամի ստեղծում, ինչը ենթադրում է գերակտիվ ընդդիմություն՝ քաղաքական և հանրային զինանոցի բազմաթիվ գործիքների ակտիվ կիրառմամբ:

P.S. Սա պրիմիտիվագույնն է, որ պետք է արվի, իսկ առաջնայինը պետք է վերջ տալ սեփական ամուր մեծամասնությունը ստեղծելու փոխարեն «ապագա կա ապագայիստների» մեծամասնության հետ աննպատակ ու անօգուտ բաթլին, ինչն արդեն վերածվել է ժամանցի և կրում է ցասման թոթափման բնույթ:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը