Քաղաքական

30.01.2023 15:40


Արգիշտի Քյարամյանի վարձատրությունը կկազմի 1մլն 916 հազար դրամ

Արգիշտի Քյարամյանի վարձատրությունը կկազմի 1մլն 916 հազար դրամ

Արդարադատության նախարարությունը պատրաստվում է կրկնապատկել քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությունը՝ նրանց համար ամսական 92 տոկոս հավելավճար է սահմանել։

Նախարարությունը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն է իրականացրել։ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք են Քննչական կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների պետերը և նրանց տեղակալները, բաժնի պետերը, բաժնի պետի տեղակալները, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչները, հատկապես կարևոր գործերով քննիչները, ավագ քննիչները և քննիչները։

Ներկայումս Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափը 12 է, Հայաստանում բազային աշխատավարձը 2023 թվականին կազմում է 83 հազար 200 դրամ, այսինքն՝ 2023 թվականին Քննչական կոմիտեի նախագահը ստանում է ամսական 998 հազար 400 դրամ, մինչդեռ 2022-ին, երբ բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամ էր, Քյարամյանը ստանում էր 793 հազար 680 դրամ, այսինքն՝ 2023 թվականին առանց որևէ փոփոխությունների ու աշխատավարձի բարձրացումների էլ Քյարամյանի վարձատրությունը բարձրացել է 205 հազար դրամով։

Եթե արդարադատության նախարարության նախագիծը Ազգային ժողովը ընդունի, ապա Արգիշտի Քյարամյանը 998 հազար 400 դրամի 92 տոկոսի չափով՝ 918 հազար 528 դրամ հավելավճար կստանա, և Քյարամյանի ամսական վարձատրությունը կկազմի 1 մլն 916 հազար 928 դրամ։

Հիշեցնենք, որ նույն արդարադատության նախարարությունը 100 տոկոս հավելավճար էր սահմանել գլխավոր դատախազի համար՝ նրա ամսական վարձատրությունը հասցնելով 2 մլն 500 հազար դրամի։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը