Մեկնաբանություն

30.01.2023 00:46


Սասուն Միքայելյան․ երկաթի վաճառականը և Վազգենին եռակի ուրացողը

Սասուն Միքայելյան․ երկաթի վաճառականը և Վազգենին եռակի ուրացողը

«Մարմնիս մեջ քո քաշով երկաթ կա»,– հիստերիկաբար արձագանքեց Սասուն Միքայելյանը լրագրողի՝ Արցախի, Լաչինի միջանցքի ու Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված հարցադրումներին՝ ցանկանալով հիշեցնել, որ Ղարաբաղյան 1–ին պատերազմի ժամանակ նռնակի բեկորներ են հայտնվել իր մարմնի մեջ։

Սասունն այդ նռնակի երկաթե բեկորները շատ թանկ է վաճառել ու վաճառում հայ ժողովրդի վրա։ Նա այդ երկաթը վաճառել ու վաճառում է՝ դիմացը ստանալով սեփականություն, բիզնեսներ, փող, պատգամավորական մանդատ, պաշտոն։ Սասունը երկաթները վաճառելով նաև տղայի համար է պաշտոն ձեռք բերել։

Սասունն այն տղաներից էր, որ Ղարաբաղյան պատերազմի գնացին ցնցոտիներով ու հետո այդ գնալը դարձրեցին ազատ փոխարկելի ապրանք։ Ցնցոտիներով գնացին, ու հետո տեղական բդեշխներ դարձան։

Հենց սասունները վարկաբեկեցին Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը, հայկական բանակը, հայ զինվորականներին։ Նիկոլ Փաշինյանը հենց սասուններին քննադատելով էր «աչոկներ» հավաքում պողոսների մոտ, թեև ինքն էլ լրատվական դաշտում էր սասունություն անում, այսինքն՝ իր ընդդիմադիր իմիջը վաճառում էր հայ ժողովրդի վրա՝ իշխանություններին քննադատելով ու նույն այդ իշխանություններից դրա դիմաց փող ու այլ բաներ ստանալով։

Հիմա Սասունը ԵԿՄ ղեկավար է աշխատում ու կրկին իր ոճի մեջ է՝ քծնում է օրվա իշխանությանը և ուրանում Վազգեն Սարգսյանին։ Թեև մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամի պես հանրությանը ներկայանում է որպես Վազգենի գաղափարների հետևորդ ու երեսպաշտոներն անընդհատ Վազգենին է մեջբերում։

Ինչպես Սասունը դավաճանեց Վազգեն Սարգսյանին

Ուրացում 1–ին

Երբ 1998–ին Վազգեն Սարգսյանը դեմ գնաց Լևոն Տեր–Պետրոսյանի հանձնողական ծրագրին ու հեռացրեց նրան իշխանությունից՝ Սասուն Միքայելյանը բռնեց ուժեղի կողմը, այսինքն՝ Վազգենի կողմը։ Բայց նույն Սասունը 2008–ին թռավ Սերժ Սարգսյանի ճամբարից ու նախագահական ընտրություններում պաշտպանեց Լևոն Տեր–Պետրոսյանին։ Այն Տեր–Պետրոսյանին, որի տեսակետները Ղարաբաղի հարցում չէին փոխվել։ Դա նշանակում է, որ 1998–ին Սասունը Վազգենի կողմն էր բռնել ոչ թե գաղափարական, այլ անձնական շահի նպատակահարմարությամբ։

Հետագա կյանքը ցույց տվեց, որ Ղարաբաղի թեման ու մարմնում առկա երկաթները Սասունի ու իր նմանների համար զուտ անձնական հարստացման ու իշխանական թիմում հայտնվելու միջոց են, այլ ոչ թե սկզբունքային հարց։

Ուրացում 2–րդ

Սասունը 2008–ին անցել էր Տեր–Պետրոսյանի կողմը, քանզի համոզված էր, որ նա է դառնալու նախագահ, դե ինքն էլ նախագահին կից ֆիդային կդառնար ու երկաթները ավելի թանկ գնով կծախեր ժողովրդի վրա։ 2008–ին Սասունը սխալ խաղադրույք կատարեց ու նրան կզացրած տարան մեկուսարան։ Ինչքան էլ «մարտի 1» կազմակերպեցին սասունենք, ինչքան էլ Նիկոլը 10 հոգու գլուխ կերավ, միևնույն է իշխանազավթումը չստացվեց։

Իշխանությունների հետ գործարքի արդյունքում Սասունը 2011–ին դուրս եկավ բանտից, սկսեց քծնել Սերժ Սարգսյանին ու թռավ Տեր–Պետրոսյանի թիմից, թե բա՝ Սերժն իմ մարտական ընկերն է, իսկ դա վեր է քաղաքական պատկանելությունից։

Սասունը քծնում էր Սարգսյանին, որպեսզի Հրազդանի քաղաքապետ դառնա, բայց չդարձավ։

2018–ի հայտնի իրադարձությունների սկզբում Սասունը կամուկացի մեջ էր՝ հա՛մ Նիկոլի հետ էր, հա՛մ այդքան էլ ակտիվ չէր մերժում Սերժին՝ այն հաշվարկով, որ եթե իշխանափոխությունը տեղի չունենա, ինքը Սերժ Սարգսյանին քծնելու և հերթական անգամ թիմակիցներին քցելու հնարավորություն ունենա։

2018–ին եղավ իշխանափոխություն և Սասունը դարձավ թունդ հեղափոխական։ Նա շատ արագ որսաց Նիկոլ Փաշինյանի սրտի ուզածը՝ հայտարարելով, որ «թավշյա» կոչված հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Ղարաբաղյան ազատամարտը։ Այդպիսով նա 2–րդ անգամ ուրացավ Վազգեն Սարգսյանին ու ցույց տվեց իր բազմերեսանի դեմքը։

Ուրացում 3–րդ

Սասունը 3–րդ անգամ ուրացավ Վազգենին այս տարվա հունվարի 28–ին՝ բանակի օրը։ Նա կրկին Նիկոլին քծնելու և ընթացիկ կոնյունկտուրան որսալու շրջանակներում հայտարարեց, որ ռուսներն են մեղավոր Լաչինի միջանցքի փակման համար և հայ–ռուսական հարաբերություններին վնասող պրոթուրքական հայտարարություններ արեց Եռաբլուրում։ Սա կրկին ուրացում էր, քանզի Վազգեն Սարգսյանը հայտնի է որպես հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացման ջատագով։

Սասունը Վազգենի անունը տալով պարզապես իր արածներն է ուզում լեգիտիմացնել ու իր նյութապաշտությանը, իշխանասիրությանը գաղափարական տեսք տալ։ Բայց դե երկաթի վաճառականը մնում է երկաթի վաճառական։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ահա այսպիսի անհայրենիք պատեհապաշտներից է կազմված ու իշխանափոխությունից հետո նաև սասունները, Մելքոնյան Գագիկի ու իրենց նմանների ձեռքը բռնած, պետք է նետվեն աղբանոց՝ իրենց երկաթների հետ միասին։ Հերիք է ինչքան երկաթները ծախեցին ժողովրդի վրա ու նույն այդ ժողովրդին հարստահարեցին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը