Քաղաքական

28.01.2023 20:04


«Նիկոլի ու Ալիևի սցենարում փոփոխություն է կատարվել». Մետաքսե Հակոբյան

«Նիկոլի ու Ալիևի սցենարում փոփոխություն է կատարվել». Մետաքսե Հակոբյան

Արցախը շրջափակված է արդեն 48 օր՝ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փաստացի պատանդի կարգավիճակում է պահում 120 հազար խաղաղ բնակիչների։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի բնորոշմամբ՝ այս օրերին միջազգային կառույցների հայտարարություններն ու կոչերը, ինչպես նաև Արցախի գործողությունները ճիշտ են եղել, սակայն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։

«44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային հանրության կողմից նման արձագանքներ չեն եղել, այդ ժամանակ կոչերն ուղղվում էին երկու կողմերին, հիմա դրանք ավելի հասցեական են դառնում, և դրանց մեջ պահանջներ կան՝ ուղղված Ադրբեջանին։ Բայց կարծես այդ ամենը մնում է թղթի վրա, մի կողմից՝ Ալիևն ասում է, որ ինքը որևէ կոչի ու հայտարարության ընդհանրապես չի լսելու ու կատարելու, իր քաղաքականության մեջ որևէ բան չի փոխվել։ Միաժամանակ ասում է, թե «Արցախի հարցը լուծված է և նման հարց այլևս չկա», այսինքն՝ Ադրբեջանն ունի իր ուղիղ գիծը, որով հստակ գնում է։ Ամբողջ այս շղթայում մի օղակ կա, որը չի աշխատում, և որի արդյունքում մենք ունենք ինչ-որ անհասկանալի իրավիճակ և Արցախի ճանապարհի փակ լինելը»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե իրենք ակտիվ աշխատում են Արցախի ճանապարհը բացելու ուղղությամբ, Արցախի ԱԺ պատգամավորը նկատեց՝ հերթական անգամ Հայաստանի իշխանությունը ստում է, քանի որ չեն աշխատում, պարզապես աշխատելու իմիտացիա են ստեղծում։ 44-օրյա պատերազմի ժամանակ ևս իշխանությունն այդ իմատացիան էր ստեղծում, ինչն Արցախում շոշափելիորեն զգում էին։

«44 օր ես ասում էի՝ զենքերը չեն լռելու, քանի դեռ չկա վարվող հստակ քաղաքականություն, դիվանագիտություն։ Նույնն այսօր եմ ասելու՝ այս իրավիճակը չի հանգուցալուծվելու, քանի որ չկա վարվող քաղաքականություն, դրա վառ ապացույցը նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպումն էր, որին ՀՀ արտգործնախարարը չմասնակցեց։ Պատճառաբանելով, թե Արցախում հումանիտար աղետ է, նրանք դրանով են զբաղված, սակայն հասկանալի է, որ արտգարծնախարարի միակ անելիքը պետք է լիներ նման հարթակների օգտագործումը»,-հավելեց պատգամավորը։

Ըստ նրա, միջազգային հանրության բոլոր հայտարարությունները, կոչերն արդյունքն են Արցախի քաղաքական ուժերի միասնական աշխատանքի, նաև հայկական սփյուռքի աշխատանքները։ Այսօր սփյուռքն այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տանում։ Եվ դրանից ստացած արդյունքները վերագրել ՀՀ իշխանություններին՝ հերթական անամոթությունն է։

«Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեզ հստակ ներկայացրեց իր պայմանավորվածությունն Ալիևի հետ, այսինքն՝ այդ ամենը ոչ թե խոսք էր՝ ուղղված թշնամուն, այլ սա նրանց համատեղ աշխատանքի բարձրաձայնումն էր։ Այսինքն՝ ըստ այդ սցենարի, ճանապարհն այնքան կբացեն ու կփակեն, մինչև Արցախը հայաթափվի։ Ստացվում է, որ Նիկոլի ու Ալիևի սցենարում փոփոխություն է կատարվել, քանի որ նրանք չէին սպասում Արցախի դիմադրությանը. նրանց սցենարը չի իրագործվելու, քանի որ միտում կա դրական արդյունք ստանալու, որը չի կարող լինել այս իշխանությունների օրոք»,-շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Խոսելով հունվարի 37-ին Արցախ վերադարձած մի խումբ երեխաների մասին, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ իրենց ճիշտ աշխատանքի արդյունքում այս անգամ ադրբեջանցիները չեն կանգնեցրել երեխաներին տեղափոխող մեքենան։ Այդ հարցում Կարմիր խաչի հետ մեծ աշխատանք է տարել նաև Արցախի ՄԻՊ-ը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։

Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Այս խորագրի վերջին նյութերը