Կարծիք

27.09.2011 18:59


Կոնգրեսի և նրա առաջնորդի վտանգավոր խաղերը

Կոնգրեսի և նրա առաջնորդի վտանգավոր խաղերը

Սերժ Սարգսյանը և նրա թիմը, ինչպես նաև նրանց ծրագրերը, վտանգ են ներկայացնում մեր երկրի ազգային անվտանգության համար: Այս կարծիքին համամիտ են հազարավոր, ես կասեի՝ հարյուր հազարավոր մարդիկ: Միևնույն ժամանակ շատ–շատերը հասկանում և գիտակցում են, որ մեր երկրի անվտանգության համար վտանգ են ներկայացնում նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը` իրենց ծրագրերով:

Հերթական անգամ ստիպված ենք արձանագրել, որ եթե մենք չկարողանանք հասնել նրան, որ քաղաքական դաշտում արմատական փոփոխություններ տեղի ունենան, ապա Հայաստանին բավական տխուր հեռանկար է սպասում: Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե նույն պատկերացումն ունեն տնտեսության կառուցվածքի և սոցիալական արդարության վերաբերյալ: Նրանք հենվում են իրենց կողմից ղեկավարվող օլիգարխների վրա և համոզված են, որ լավ պետք է ապրեն մի քանի հոգի, իսկ մնացածները պետք է գոյատևեն մեծահարուստների ողորմությամբ:

Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում ևս նրանց տեսակետները գրեթե չեն տարբերվում: Այս մասին են վկայում Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը, «ֆուտբոլային դիվանագիտությունը» և հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները, ինչպես նաև Ղարաբաղի հարցի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային և ոչ հրապարակային ելույթները: Այնպես որ, մենք ոչինչ չենք շահի, եթե հանկարծ Սերժ Սարգսյանին փոխարինի Լևոն Տեր-Պետրոսյանը: Այն, որ իշխանությունում կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ, փաստ է, բայց շեշտում ենք՝ մեզ իրո՛ք փոփոխություն է հարկավոր և ոչ թե՝ անձերի փոխատեղում կամ վատն ավելի վատով փոխելու գործընթաց:

Օրերս հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը մի միտք արտահայտեց, որը մեկ անգամ ևս մեզ հուշում է՝ ամեն ինչ պետք է անել, որ այն կրողները հեռու մնան իշխանությունից: Բայց ամենավատն այն է, որ այդ մտքի կրողն է նաև Սերժ Սարգսյանը: Այսպես, ելույթ ունենալով հանրահավաքի մասնակիցների առջև՝ Տեր Պետրոսյանն ասաց. «… լիովին համոզված եմ, որ հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է ոչ միայն միջազգային անվտանգության ու համագործակցության, այլև, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների, այդ թվում՝ առանձնապես Հայաստանի և հայ ժողովրդի շահերից»։

Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ընդունելի է Ղարաբաղի և հայ-թուրքական խնդիրների կարգավորման ցանկացած տարբերակ: Նա հատուկ շեշտում է, որ այս խնդիրների կարգավորումը բխում է բոլորի` այդ թվում՝ հայ ժողովրդի և Հայաստանի շահերից: Բայց, մեղմ ասած, կարգավորում էլ կա, կարգավորում էլ: Փաստորեն՝ Տեր-Պետրոսյանը հերթական անգամ խոստովանեց, որ իր համար ցանկացած կարգավորում էլ ընդունելի է: Ահա հենց այս մտածողության կրողն է ձգտում է իշխանության, որ երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինի հենց նույն մտածողության կրողին: Իրոք, անհեթեթ և վտանգավոր իրավիճակ է:

Բոլոր բանական մարդիկ էլ հասկանում են, որ Հայաստանը կշահի, եթե մենք թուրքերի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք և բացենք սահմանները, իհարկե, նախապես պատրաստ լինելով այս փոփոխություններին: Բայց պետք է շեշտել, որ մենք սահմանները չենք կարող բացել՝ զոհ տալով Լեռնային Ղարաբաղը: Նույնն էլ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Իհարկե, գիտակցում ենք, որ Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո կբացվեն նաև Ադրբեջանով անցնող ճանապարհները, բայց մի՞թե հանուն դրա մենք պատրաստ ենք անհեթեթ զիջումների գնալ: Կարծում եմ, որ մենք դեռ այնքան բանականություն ունենք, որ նման արկածախնդրություն չենք կարող թույլ տալ: Սա պետականություն ստեղծելու մեր վերջին փորձն է: Հետո մենք այլևս նման հնարավորություն չենք ունենա: Այնպես որ, չի կարելի վերցնել և հանուն աթոռի պահպանման՝ վտանգել Հայաստանի անվտանգությունն ու գոյությունը:

Վիկիլիքսյան վերջին բացահայտումները վկայեցին, թե իրականում ինչի է պատրաստ Տեր-Պետրոսյանը: Նրա ելույթները ևս դա են ապացուցում: Սերժ Սարգսյանի գործողությունները նույնպես վկայում են, որ նա, հանուն իշխանության պահպանման, պատրաստ է «նախաձեռնությունների»: Այս իրավիճակում մենք պետք է կրկնապատկենք մեր զգոնությունը և արկածախնդիր որոշումներ ու գործողություններ թույլ չտանք:

Մեկ անգամ ևս շեշտենք, որ որևէ բանական մարդ չի հրաժարվի Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների հաստատումից, բայց դա չպետք է լինի Լեռնային Ղարաբաղի հաշվին, իսկ ցեղասպանության լինել-չլինելու քննարկումների մասին խոսք անգամ լինել չի կարող: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա այստեղ նախաձեռնող պետք է լինեն պարտված և անարդար պատերազմ մղած ադրբեջանցիները, և ոչ թե մենք:

Այնպես որ, պատահական չէ, որ գնալով ՀԱԿ հանրահավաքներին ավելի քիչ թվով մարդիկ են մասնակցում: ժողովուրդն արդեն հասկանում է, թե իրականում ինչ նպատակներ ունի Տեր-Պետրոսյանը: Բայց պետք է նաև ընդգծենք, որ հանրահավաքների սակավամարդությունը չի վկայում, թե Սարգսյանի իշխանության վարկանիշն աճում է: Արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը և նրա թիմը վարկանիշ գրեթե չունեն: Այս իրավիճակում արդեն ժամանակն է, որ ակտիվանան այն ուժերը, որոնք դուրս են «երկխոսությունից» և հասկանում են, թե երկրի առջև ինչ խնդիրներ են դրված, և ինչպես պետք է լուծել դրանք: Ինչ վերաբերում է այն փոքրաթիվ զանգվածին, որը դեռ, չգիտես ինչու, հույսեր է կապում Տեր-Պետրոսյանի հետ, ապա առաջին նախագահը նրանց ավելի քան հստակ բացատրեց, որ իրենք նույնիսկ պատրաստ են հրաժարվել արտահերթ ընտրությունների պահանջից և կենտրոնանալ քաղաքաշինական բնույթի  խնդիրների վրա:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը