Քաղաքական

27.01.2023 09:39


Շուշիի մասին չարագուշակ գրառման հեղինակը` ԱԳ փոխնախարար (լուսանկար)

Շուշիի մասին չարագուշակ գրառման հեղինակը` ԱԳ փոխնախարար (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահան Կոստանյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին։

Մինչև այժմ Կոստանյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։ Մինչ այդ եղել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղարը:

Վահան Կոստանյանը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Դեռևս անցյալ տարի հոկտեմբերի 28-ին, խորհրդարանում դիմելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, հայտնել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընթերցելով ՊՆ-ին ուղղված իր գրության պատասխանը:

«Երեք տարի գիտությամբ չզբաղվելուց հետո մայիսին դիմումով դուրս է գրվել ասպիրանտուրայից: Ես նախարարությանը հարց էի ուղղել, թե արդյոք այս տարվա ամառային զորակոչին Կոստանյանը զորակոչվել է Զինված ուժեր, որովհետև հիմա արդեն աշխատում է որպես ԱԳ նախարարի խորհրդական, ՊՆ-ից տեղեկացրել են, որ նա ազատվել է զինծառայությունից օրենքով սահմանված հիմքով: Մանրամասները չգիտեմ` ինչ պատճառով, բայց Վահան Կոստանյանն ազատվել է զինծառայությունից»,-նշել էր պատգամավորը:

Այդ ժամանակ ՔՊ-ական պատգամավորներից մեկը խորհրդարանում արձագանքելով Գեղամ Մանուկյանին` ասել էր, թե Կոստանյանը հիվանդության հիմքով է ազատվել զինծառայությունից, իսկ ՊՆ փոխնախարարն էլ պատասխանել էր. «Այն հիմքերը, որոնցով նա ազատվել է զինծառայությունից, գիտի ինքն ու այդ որոշումն ընդունած մարմինը»:

Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանն առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից 2018թ. սեփական դիմումի համաձայն ազատվել էր՝ գիտությամբ զբաղվելու համար մասնագիտական հանձնաժողով դիմելու և ակադեմիական տարկետում ստանալու նպատակով, կառավարությունն էլ հուլիսի 19-ին 42 քաղաքացու, այդ թվում՝ Վահան Կոստանյանին, տարկետման իրավունք էր տվել: Օգոստոսի 14-ին նշանակվել էր իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, այնուհետև Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո նախ նրա օգնական, ապա` խորհրդական:

Ի դեպ, 2019թ. հոկտեմբերի 1-ին` 44-օրյա պատերազմից մոտ մեկ տարի առաջ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքահայությանը հայտնի դարձավ մի գրառմամբ.

«Իսկ այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը արդեն Արցախում է։ Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»,-գրել էր նա` տեղադրելով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու բակում պատվիրակության հետ իր լուսանկարը։

Հասարակական տարբեր շրջանակների կողմից բուռն արձագանքից հետո նա մեկ այլ գրառում էր կատարել.

«Այն ինչ կատարվում է իմ նախորդ գրառման շուրջ, հստակորեն ապացուցում է, որ ֆեյքերն ու իրենց հետևում կանգնած անձինք ջանք ու եռանդ չեն խնայում ստեղծել «հող հանձնելու» ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, իրականության հետ ՈՐԵԵՒԷ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԵՑՈՂ դիսկուրս։ Սրա վառ ապացույցը մեկնաբանություններում ծփացող ֆեյքերն են։

Շարունակում ենք կոնգրեսական Փալոունի այցը Արցախում։

Հ.Գ. Երեկոյան ազատ ժամանակ ունենամ, կստուգեմ թե նախորդ գրառումս ակտիվորեն տարածած լրատվականներից քանիսն են նաև այս գրառումս տարածել»,-գրել էր նա։

Այսօր հանձնված է Շուշին, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանցիների կողմից ոչ միայն հրետակոծվել է, այլև մշակութային վանդալիզմի է ենթարկվել` կանգնելով ամբողջովին ոչնչացման եզրին:

Այնպես որ, այդ գրառումից մոտ մեկ տարի անց Վահան Կոստանյանի քաղաքական թիմի և լիդերի` Նիկոլ Փաշինյանի կողմից և’ հողերը հանձնվեցին` Արցախի 75 տոկոսը, և 5000-ից ավել զոհեր ունեցանք, 10.000-ից ավելի հաշմանդամներ, և’ զոհեր ու տարածքային կորուստներ ունեցանք Հայաստանի ինքնիշխան տարածքից…

Իսկ աղետը դեռ շարունակվում է:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը