Մեկնաբանություն

26.01.2023 21:07


Ալիևը Նիկոլի բերանով ներկայացրեց իրենց ծրագրերն Արցախի մասով

Ալիևը Նիկոլի բերանով ներկայացրեց իրենց ծրագրերն Արցախի մասով

Լաչինի միջանցքն արդեն 1,5 ամիս փակ է, Արցախը շրջափակված է։ Արցախում անցել են կտրոնային ռեժիմի, որոշակի սննդատեսակներ պարզապես չկան։ Առաջացել է էներգետիկ, պարենային ճգնաժամ։

Լաչինի շրջափակումը տեղի ունեցավ Պրահայում Ալիևի ու Փաշինյանի համաձայնությունից հետո։ Մակրոնի ու Միշելի միջնորդությամբ անցկացված քառակողմ հանդիպման արդյունքում Նիկոլը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչն էլ հնարավորություն է տվել Ալիևին նախ հանդես գալ Արցախի Հանրապետության Կաշենի հանքավայրը փակելու պահանջով, ապա՝ փակել Լաչինի միջանցքը։

Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ իրեն չեն հետաքրքրում Արցախի 120 հազար հայերը։ Ինքը տարածում է, թե, իբր, հանձնել է Ղարաբաղը, որպեսզի Հայաստանը փրկի ու «Զանգեզուրի միջանցքը» չտա, բայց Ալիևն անհամեմատ անկեղծ է հայ ժողովրդի հետ, քանզի չի թաքցնում, որ Լաչինի միջանցքի փակելու նպատակը ոչ միայն ու ոչ այնքան Արցախը, այլ Հայաստանը գրավելն է։ Պատահական չէ, որ Պրահայում տեղի ունեցած համաձայնություններից հետո Ալիևը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ֆաշիստական՝ «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը՝ բոլոր հայկական քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ Երևանը հռչակելով ադրբեջանական։

Պրահայում ձեռք բերված համաձայնության բուն թիրախն Արևմուտքի համար Ռուսաստանն ու Իրանն են։ Նիկոլը համաձայնել է հակառուսական ու հակաիրանական գործիք դառնալ ԱՄՆ–ի ձեռքում՝ դիմացն ակնկալելով անձնական անվտանգության երաշխիքներ Հայաստանի կործանումից հետո։

Նիկոլ–Իլհամ համաձայնությունը կյանքի չի կոչվում արցախցիների համառության ու դիմադրության արդյունքում։ Ալիևը մտածում էր, որ մի շաբաթ սեղմելուց հետո արցախցիները կարող են հանձնվել ու արդեն հնարավոր կլիներ անցնել Հայաստանին, սակայն չստացվեց։ Եվ ահա Ալիևը դիմում է «Հավաստի Աղբյուրի»՝ Նիկոլ Փաշինյանի օգնությանը։ Վերջինս կառավարության նիստում այսօր հայտարարեց, որ իր ունեցած տեղեկություններով Ադրբեջանը հետևյալ պլանն ունի․ «Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը և հետո մի քանի օրով բացել և այսպես այնքան ժամանակ, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»։

Ուշագրավն այն էր, որ Նիկոլն Ալիևի պլանը ներկայացնում էր գերհանդարտ վիճակում։ Նա ներկայացնում էր ադրբեջանական հակահայ պլանն այնպես, կարծես խոսքն աշխարհի հեռավոր մի անկյունում մի ինչ-որ անհայտ ժողովրդի մասին է։ Եվ ամենակարևորը՝ Նիկոլը Ալիևի ծրագիրը ներկայացնելուց հետո որևէ բառ չասաց, թե ՀՀ կառավարություն կոչվածն ինչ է պատրաստվում անել, որպեսզի այդ ծրագիրը տապալվի։

Նիկոլը ներկայացնում էր Ալիևի ծրագիրը, որպեսզի ղարաբաղցիներին ահաբեկի ու կոչ անի շուտ հեռանալ այդտեղից, որպեսզի ինքն անցնի իր պարտավորությունների կատարմանը՝ հակառուսական ու հակաիրանական արշավին արդեն բուն Հայաստանում։

Նիկոլն ու իր դրսի տերերը գիտեն, որ եթե Արցախը հայաթափվի, ապա այնտեղ արդեն ռուս խաղաղապահները, որոնց Նիկոլն ու Իլհամը համատեղ ուժերով թիրախավորել են, չեն կարող մնալ։ Հենց Արցախից ռուսները դուրս գան, արդեն կսկսվի Հայաստանից նրանց հեռացման ու մեր տարածաշրջանը թուրք–ադրբեջանական տանդեմի գերիշխանության տակ անցնելու գործընթացը, ինչը հնարավորություն կտա հակաիրանական ու հակառուսական մեծ ծրագրերը կյանքի կոչել։ Այդ ամենի արանքում Հայաստանն ու Արցախը կվերանան, բայց դա Նիկոլի դրսի տերերին չի հետաքրքրում։

Արևմուտքը մեր դեմ բան չունի, բայց հանուն հակառուսական ու հակաիրանական ծրագրերի՝ կարող է գնալ «փոքրիկ» զոհաբերությունների։ Նիկոլը համաձայնել է միանալ այդ ամենին՝ սեփական կաշին փրկելու դիմաց։ Սա է այն դավաճանական ծրագիրը, որը վարչապետի աթոռին հայտնվածն իրականացնում է։ Այնպես որ Նիկոլին հեռացնելը Հայաստանի ու Արցախի լինել–չլինելուն է վերաբերում։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան հակազդեցություն է առաջացրել ՌԴ–ի ու Իրանի մոտ։ Եվ սա այն դեպքում, երբ այդ երկու պետության հաշվին է Հայաստանը դեռ մնում քարտեզի վրա։ Նիկոլը սա շատ լավ գիտի, բայց ՀԱՊԿ–ի զորավարժությունները և այդ կառույցի դիտորդական առաքելությունը մերժելուց հետո դուռ է բացել Արևմուտքի առաջ՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։

Այս խորագրի վերջին նյութերը