Քաղաքական

25.01.2023 07:18


Ներքին գործերի նորանշանակ փոխնախարար Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը

Ներքին գործերի նորանշանակ փոխնախարար Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը

Hetq.am-ը գրում է՝ Հայաստանում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Համբարյանն ազատվեց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվեց ներքին գործերի փոխնախարար։

Դավիթ Համբարյանն արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ նշանակվել էր 2022թ․ մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Մինչև այդ՝ 2021 թվականի փետրվարի 17-ից զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, չնայած որ 2020թ․ սեպտեմբերի 23-ից արդեն իսկ քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում Դավիթ Համբարյանի ներկայացրած ամենաթարմ հայտարարագիրը 2021թ․ տարեկան հայտարարագիրն է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում։

Որպես անշարժ գույք՝ ներքին գործերի նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ գնված 2000 թվականին, և բնակարան Մոսկվայում՝ գնված 2012 թվականին։ 2021 թվականի ընթացքում Դավիթ Համբարյանը 6,8 մլն ռուբլիով վաճառել է իր մոսկովյան բնակարանը Տատյանա Ֆադեևա անունով անձի։

Համբարյանը հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց՝ Nissan մակնիշի՝ ձեռք բերված 2011 թվականին, և KIA մակնիշի՝ գնված 2019 թվականին։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի բանկային հաշվին տարեսկզբում եղել է միայն 557 հազար դրամ, սակայն տարեվերջում նրա բանկային հաշիվների գումարը կազմել է 2 մլն 321 հազար դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։

Բացի այդ, Դավիթ Համբարյանը հայտարարագրել է նաև 30 հազար ԱՄՆ դոլար, 22 հազար եվրո և 8,5 մլն դրամ կանխիկ գումար։

Որպես եկամուտ՝ Դավիթ Համբարյանը հայտարարագրել է 7 մլն 897 հազար դրամ աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից և 4 մլն 913 հազար դրամ վարկ՝ «Ամերիաբանկից»։

Հարկ է նշել, որ ինչպես ներքին գործերի մյուս փոխնախարար Կամո Ցուցուլյանը, Դավիթ Համբարյանը նույնպես չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում իր ունեցած բաժնեմասը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը