Քաղաքական

24.01.2023 20:01


«Կորցնելու բան չունենք, ամենադժվարը կռվելն է այն մարդու հետ, որը կորցնելու բան չունի». Բերդաշենի բնակիչ

«Կորցնելու բան չունենք, ամենադժվարը կռվելն է այն մարդու հետ, որը կորցնելու բան չունի». Բերդաշենի բնակիչ

44-օր է՝ 120 հազար արցախահայեր գտնվում են Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ, պայքարում են հանուն իրենց ազատ տեղաշարժվելու և ապրելու իրավունքների՝ դիմակայելով ստեղծված դժվարություններին:

168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Կամո Աղաջանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին թվում է՝ արդեն վերջ, Արցախից ազատվել են, մնում է վերջին տախտակներն էլ խփեն ու վերջնական մոռանան, բայց այդպես չի լինելու՝ մինչև վերջ պայքարելու են։

«Մենք ոչինչ, կդիմանանք, պինդ ենք, այս ամենին սովոր ենք, մի կերպ դուրս կգանք այս վիճակից։ Ես ստեղծված իրավիճակում հայաստանցիներին եմ ամենալավը մաղթում, որ կարողանան գլուխ հանեն։ Հայաստանի իշխանությունն այդպես էլ չիմացավ, թե Արցախը բուֆերային ինչ գոտի էր Հայաստանի համար։ Գոնե հիմա, եթե հայ ժողովուրդը գիտակցի Մոնթեի հայտնի խոսքերը, էլի ուշ չի լինի, Մոնթեն ասում էր. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»»,-նշեց Կամո Աղաջանյանը։

Ըստ նրա, այսօրվա և 90-ականներին Արցախում ստեղծված իրավիճակի միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ մարդկանց հոգին կոտրված չէր, հավատ կար, լավատեսություն։

«Նիկոլն եկավ, մի ամսում այդ լավատեսությունն ու հավատը կոտրեց՝ շատ ափսոս, բայց արցախցիների մոտ մարտական ոգին տեղում է, կորցնելու բան չունեն։ Հավատացեք, զենք կգտնվի, մի քանիսին վարի կտամ, հետո ես կգնամ, կորցնելու բան չկա, ով կորցնելու բան ունի, թող ինքը մտածի, ամենադժվարը կռվելն է այն մարդու հետ, որը կորցնելու բան չունի։ Տեսեք, թե Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան ինչ է անում, իսկ Հայաստանը, որն Արցախի մեծ եղբայրն է, ի՞նչ է անում։

Տեսեք, թե մի վառարան վառելով՝ քանի հոգու կյանք խլեցին Հայաստանում, ու այդքանից հետո դեռ այդ մարդիկ կառավարման ղեկին են»,-եզրափակեց Կամո Աղաջանյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Այս խորագրի վերջին նյութերը