Մեկնաբանություն

23.01.2023 22:40


Եվրախորհրդարանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ խորհրդարանական մեծամասնության

Եվրախորհրդարանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ խորհրդարանական մեծամասնության

Եվրախորհրդարանն օրերս բանաձև էր ընդունել։ Անդրադարձել էին Հայաստանին ու Արցախին վերաբերող խնդիրներին։ Խիստ քննադատության էր ենթարկվել Ադրբեջանի վարքագիծը։

Եվրախորհրդարանը կոշտ գնահատական է տվել նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի դեմ և ադրբեջանցիների գործած ռազմական հանցագործություններին, Ադրբեջանից պահանջել է դուրս գալ Հայաստանի տարածքից, ազատել հայ ռազմագերիներին։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին ու Արցախին՝ Եվրախորհրդարանը ևս զերծ է մնացել դիվանագիտական ու պոլիտկոռեկտ ձևակերպումներից։ Դատապարտվել է Ադրբեջանի հակաօրինական քայլը։ Եվրախորհրդարանականները պահանջել են ապաշրջափակել Արցախը, և որ շատ ուշագրավ է՝ Եվրախորհրդարանը պահանջում է, որ արցախյան հակամարտության կարգավորումը հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարում, ժողովուրդների իրավահավասարություն և ազատ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն։ Այսինքն՝ Եվրախորհրդարանը գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և որ կարգավորումը պետք է հիմնվի նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այլ կերպ ասած՝ Եվրախորհրդարանը հղում է արել հակամարտության կարգավոման Մադրիդյան սկզբունքներին։

Ելնելով Եվրախորհրդարանի ընդունած բանաձից՝ կարող ենք պնդել, որ այն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի իշխանությունների դեմ է ուղղված, քանզի Նիկոլ Փաշինյանը և նրա կցորդ ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը Ղարաբաղը համարում են ադրբեջանական, խուսափում են ինքնորոշման իրավունքի մասին անգամ ցածրաձայն խոսելուց, հայ ժողովրդին խաբում են, թե բա՝ աշխարհում որևէ մեկն Արցախի ինքնորոշման իրավունքից չի խոսում։

«Քաղաքացիական Թուրքական պայմանագիր» խմբակցությունը, Նիկոլի ցուցմամբ, մերժում է բոլոր այն նախաձեռնությունները, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որտեղ խոսվում է Արցախն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու մասին։

Ըստ այդմ՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից դժգոհ են ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև ՀՀ կառավարությունում ու ԱԺ մեծամասնության շրջանում։ Դա էր պատճառը, որ նիկոլենք «չնկատեցին» Եվրախորհրդարանի ընդունած բանաձն ու չարձագանքեցին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը