Քաղաքական

19.01.2023 10:30


Նորից ինքն իրեն հակասում է․ «Փաստ»

Նորից ինքն իրեն հակասում է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Թվում է՝ արտառոց բան չկա, շատերն են այս ընթացքում վստահ եղել, որ Նիկոլ Փաշինյանը հակված է ստորագրել, այսպես կոչված, արևմտյան տարբերակը:

Սակայն 2022 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում ՀՀ 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, անդրադառնալով ռուսական առաջարկներին, Փաշինյանն ասել էր. «Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռևս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով:Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել»:

Ստացվում է՝ կա՛մ այս ընթացքում ինչ-որ բան է փոխվել, կա՛մ Փաշինյանը մոռացել է, թե մի քանի ամիս առաջ ինչ է ասել: Ի դեպ, կարևոր է նշել, որ Ռուսաստանն առաջարկում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգել, իսկ, այսպես կոչված, պրահյան տարբերակում կարգավիճակի հարցն ընդհանրապես բացակայում է»:

Այս խորագրի վերջին նյութերը