Քաղաքական

18.01.2023 10:42


Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել

Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել

Հետք-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից, Ուկրաինայում անցյալ տարի ընկերություն է հիմնել:

Սիփան Փաշինյանը համատեղ բիզնես է սկսել Չերկասիում հայտնի Ղազարյանների հետ

2022 թ. սեպտեմբերի 13-ին Չերկասի քաղաքում գրանցվել է Նարեկ Ղազարյանի եւ Սիփան Փաշինյանի «ՉերՎուդ» ՍՊԸ-ն («CherWood»): Սեփականատերերը կիսում են ընկերության բաժնեմասերը 50-50 հարաբերակցությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 25 հազ. ուկրաինական գրիվնա է: Դրա տնօրենը Նարեկ Ղազարյանի հարազատ եղբայրն է՝ Արթուրը:

«ՉերՎուդ» անունը պատահական չէ ընտրված: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Այդպես էլ կա: Համաձայն ուկրաինական ռեգիստրի՝ Փաշինյանի ու Ղազարյանի ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

Ղազարյանների գերդաստանը հայտնի է ոչ միայն Չերկասի քաղաքում, այլեւ ամբողջ Չերկասիի մարզում: Նարեկ եւ Արթուր Ղազարյանները գործարար Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյանների եղբոր՝ Պետրոսի որդիներն են: Անդրանիկ Թելմանի Ղազարյանը նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում:

Թռչնաբուծական բիզնեսում Տկաչենկոների եւ Ղազարյանների գործընկերներից է 2010-2018 թթ. Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով 2017-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր «Ծառուկյան» եւ ԲՀԿ խմբակցություններից: Մանուկյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է:

ՀՀ քաղաքացի, Իջեւանի գրանցում ունեցող Սիփան Փաշինյանի ու Չերկասիում ապրող եւ գործունեություն ծավալող Ղազարյանների կապը պատահական չէ, քանի որ վերջիններս եւս Իջեւանից են: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջեւանի նույն թաղից են եղել: Նրանք նաեւ սերնդակիցներ են, Ա. Ղազարյանը 53 տարեկան է, Ն. Փաշինյանը՝ 48․․․

․․․Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանը բավականին էժան գնով (դրանում, ըստ լուրերի, կարեւոր դեր է խաղացել Ն. Փաշինյանի հետ մտերիմ լինելը) ձեռք է բերել խորհրդային տարիներին կառուցված Իջեւանի համանուն հյուրանոցն ու 2021-ին վերածել բնակելի շենքի, ապա հայտարարել, որ կառուցապատված բնակարանները գնի (քմ-ն՝ 650 դոլարին համաժեք դրամ) 30 տոկոս զեղչով առաջարկում է Ուկրաինայի հայերին։

2020-ի ամռանն էլ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը հայտարարել էր, որ արտերկրում բնակվող գործարար Անդրանիկ Ղազարյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են նրա աջակցությամբ վերականգնել Իջեւանի բոլոր հին, փայտե կանգառները:

Հետաքրքիր է, որ 2021-ի հուլիսին, երբ դեռ ԱԺ պատգամավոր էր, Սիփան Փաշինյանը ներկա է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի եւ Չերկասիի այն ժամանակվա մարզպետ Ալեքսանդր Սկիչկոյի հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանը:

Հատկանշական է նաեւ, որ ներկայում ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարը վարչապետ Փաշինյանի աներորդին է՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վերջինս եւ Սիփան Փաշինյանը նախորդ գումարման ԱԺ-ում էլ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամներ էին:

Հիշեցնենք նաեւ, որ բիզնեսից անմասն չի մնացել նաեւ Սիփան Փաշինյանի հայրը՝ Արտակ Փաշինյանը: Վարչապետի ավագ եղբայրը 2020 թ․ սեպտեմբերին «Հայանտառ» ՊՈԱԿ-ից երկու հողակտոր է վարձակալել Տավուշի Սեւքարի անտառտնտեսության տարածքում՝ 0,5 հա եւ 0,2 հա մակերեսներով։ «Հետքի» հետ զրույցում Ա. Փաշինյանը հայտնել էր, որ տարածքը վարձակալվել է տուրիստական նպատակներով, զրուցարաններ են տեղադրվել, գիշերակացի համար էլ փայտաշեն կառույցներ են դրվել: 2020-ի սեպտեմբերին գրանցված «Արտակ Փաշինյան Վովայի» ԱՁ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է հյուրանոցների տրամադրման ծառայություններով:

Մանրամասները՝ Հետք-ում։

Այս խորագրի վերջին նյութերը