Մեկնաբանություն

26.09.2011 23:30


Սերժ Սարգսյանի միակ հույսը «միաբաններն» են

Սերժ Սարգսյանի միակ հույսը «միաբաններն» են

Ռուսաստանում տեղի ունեցած ներիշխանական պայքարի հանգուցալուծումը Հայաստանի հասարակական, քաղաքական ու պետական կառավարման լայն շրջանակների մոտ քննարկման թիվ մեկ թեմա է դարձրել այն հարցը, թե արդյոք Պուտինի վերադարձը նշանակու՞մ է նաև Ռոբերտ Քոչարյանի վերադարձ։ Նշանակում է դա, թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում։ Առայժմ թողնենք այս հարցի քննարկումը և վերլուծության ենթարկենք մեկ այլ բան. եթե այնուամենայնիվ Քոչարյանը որոշի իշխանությունը վերցնելու հրապարակային հայտ ներկայացնել, ապա ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը և ու՞մ վրա հենվելով է փորձելու իր դիրքերը պահել։

Անցած երեք տարիների ընթացքում Սարգսյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում նա, մեծ հաշվով, զրկվել է հնարավոր բոլոր ներիշխանական հենարաններից, դե իսկ հանրային լեգիտիմության դեֆիցիտ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը միշտ է ունեցել։

Նախագահի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի համատեղ վարած անհեռատես տնտեսական քաղաքականության արդյունքում իշխանությունների դեմ տրամադրվեցին ոչ միայն փոքր ու միջին բիզնեսը, այլ նաև խոշորի մեծ մասը։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը Սարգսյանից հեռացրեց ՀՅԴ–ին ու հասարակության այն բոլոր շերտերին, ովքեր, ի հակակշիռ քիրվայության կողմնակից ու հանձնողական լոզունգներով պայքարի մեջ մտած Լևոն Տեր–Պետրոսյանի, 2008–ին քվեարկել էին իրենց կարծիքով չարյաց փոքրագույնի՝  Սարգսյանի օգտին։ Հայ–թուրքական «ֆուտբոլը» նախաձեռնելով ու Տեր–Պետրոսյանի գաղափարական գծի ուղղությամբ շարժվելով՝ Սարգսյանը «քցեց» ու հուսախաբ արեց այն փոքրաթիվ մարդկանց, ովքեր նրան էին ձայն տվել նշյալ մոտիվացիայով։

Անփառունակ քաղաքականության հետևանքով Սարգսյանին չի ընդունում  պետական ապարատի մեծ մասը, ուժայինների տարբեր շրջանակներ, ինչպես նաև պատգամավորներից շատերը, ովքեր հարմար առիթի դեպքում պարզապես կբզկտեն Ս. Սարգսյանին ու նրա նեղ թիմին՝ «ժելեոտածներին»։

Իշխանության ներսում Սարգսյանի վարկանիշի անկմանը նպաստեց նաև ՀԱԿ–ի հետ կազմակերպած գյալաջին՝ «երկխոսությունը»։

Եթե այս ամենին ավելացնենք նաև սոցիալ–տնտեսական կյանքում արձանագրվող շարունակական անկումը, ապա վստահաբար կարելի է պնդել, որ Սերժ Սարգսյանը հանրության մեջ ունի զրոյին մոտեցող վարկանիշ։

Այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչպե՞ս է Ս. Սարգսյանը կարողանում աթոռը պահել։ Պատասխանը շատ պարզ է՝ իներցիայի և տիտղոսային ընդդիմություն համարվող լևոնական ուժի փաստացի աջակցության շնորհիվ։ Պահը գալու ժամանակ բոլորին ակնհայտ կդառնա ասածներս։

Տեսե՛ք. երկրում առկա է խորը դժգոհություն վարվող քաղաքականությունից և հեղափոխական մթնոլորտ, սակայն հարթակում կանգնած ուժը յուրօրինակ ծառայություններ է մատուցում գործող վարչախմբին՝ հասարակական դժգոհությունները Ազատության հրապարակում հավաքելով և տուն ուղարկելով։ Ու կապ չունի, որ հանրահավաքի ժամանակ Ս. Սարգսյանի նկարն են այրում կամ գոռում «Սերժիկ, հեռացի՛ր»։ Այդ ամենն այնքան անվտանգ է իշխանության համար և այնքան կառավարելի, որ «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքները լայնորեն լուսաբանում են «արմատականների» հանրահավաքներն ու դեռ մի բան էլ անոնս անում։ Սարգսյանը լավ գիտե իր հաճախորդներին, ինչպես որ մի ժամանակ գիտեր դհոլի նշանակությունն ու հորինված երկրների գինը։

Գալով հոդվածի սկզբում առաջ քաշված այն հարցադրմանը, թե ինչ է անելու Ս. Սարգսյանը, եթե Ռ. Քոչարյանը ակտիվանա՝ կարող ենք նշել, որ նա կանի այն ինչը անում է հիմա, այն է՝ կդիմի Լևոն Տեր–Պետրոսյանի՝ իր միակ հենարանի օգնությանը։ Բայց խնդիրն այն է, որ ՀԱԿ առաջնորդը ոչինչ էլ չի կարող անել, քանզի փոշիացած է արդեն ու բացի այդ՝ գոնե հրապարակավ Տեր–Պետրոսյանն այս պահին Սերժի դեմ է խոսում, ինչը լրջագույն խոչընդոտ է նրանց միջև առկա վաղուց հաստատված կուլիսային համագործակցությանը հրապարակային տեսք տալու համար։ Իսկ եթե Սարգսյանը որոշի Լևոնին օգտագործելու համար ուժեղացնել նրան, ապա որևէ երաշխիք չկա, որ «միաբանը», կոպիտ ասած, չի հաբռգի ու չի փորձի դուրս գալ «Եղիազարի» հետ ունեցած պայմանավորվածությունների դաշտից։

Այսպիսով՝ Սարգսյանի միակ հենարանը «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից ի վեր եղել ու մնում է ՀԱԿ–ը, որը թամաշա–հանրահավաքներ կազմակերպելով ու սոցիալական մանիպուլիացիներ կիրառելով «նախաձեռնող» նախագահին կօգնի պաշտոնավարել մինչև ընտրությունները, բայց դրանից հետո Սարգսյանին այլևս ոչինչ չի փրկի, նույնիսկ «միաբանների» ինքնամոռաց գեղամյանացումը կամ արթուրբաղդասարյանացումը։ Ավելին՝ Տեր–Պետրոսյանի բացահայտ աջակցությունը է՛լ ավելի խոցելի կդարձնի Ս. Սարգսյանին ու իշխանափոխությունից հետո վերջինս արդեն չի կարողանա ներում–բեկում ակնկալել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հավանականությունն այնպիսի խուճապ է առաջացրել սերժականների շրջապատում (նաև՝ լևոնականների), որ նրանցից շատերը կարող է խորը դեպրեսիայի մեջ ընկնեն ու իրենց նետեն մոտակա պատուհանից դուրս։ Այդ թեմայով կիսահումորային ու սթափեցնող հոդված վերջերս կարդացի zham.am կայքում։ Խորհուրդ կտամ նայել՝ http://www.zham.am/index.php?lid=am&pageName=verlucakan&id=793122503։

Պի՛նդ կացեք։

Այս խորագրի վերջին նյութերը