Քաղաքական

14.01.2023 18:21


Ադրբեջանի իշխանությունների քաղաքական բոլոր հայտարարություններն ուղերձ են Հայաստանին, որ պետք է պատրաստ լինել․ Եվսեև

Ադրբեջանի իշխանությունների քաղաքական բոլոր հայտարարություններն ուղերձ են Հայաստանին, որ պետք է պատրաստ լինել․ Եվսեև

Ադրբեջանական ու ռեգիոնալ լրատվական կայքերի գլխագրերում այսօր Զաքիր Հասանովն է ու նրա այսօրվա հրամանը՝ «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»։

Ըստ նույն այդ աղբյուրների՝ պաշտպանության նախարարությունում Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են զորքերի հրամանատարները, գլխավոր վարչությունների և ծառայությունների ղեկավարները:

Տեսակապով խորհրդակցությանը մասնակցել են նաև ստորաբաժանումների ու միավորների հրամանատարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Հասանովը նաև բանակին կարգադրել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»:

Զաքիր Հասանովի կողմից նման խորհրդակցությունների անցկացման հաղորդագրություններ հաճախ են լինում, սակայն այս անգամ հաղորդագրությունը տարբերվում է իր շեշտադրումներով և ժամանակահատվածով՝ հետևում է Իլհամ Ալիևի ասուլիսին։

Հաղորդագրության մեջ խոսվում է նաև, այսպես կոչված, ինչ-որ սադրանքների մասին, որոնք ադրբեջանական կողմը պետք է կանխի, որոնք սովորաբար իրականում սպասվող ադրբեջանական սադրանքների մասին են վկայում։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ, բնականաբար, հայկական կողմից սադրանքներ չեն լինի, իսկ խորհրդակցությունը նման հրամաններով ներկայացնելը ուժի ցուցադրություն է, հայկական կողմերին ճնշելու փորձ և, ինչո՞ւ ոչ, ուղերձ հայկական կողմի համար, որ զգոնությունը թուլացնել չի կարելի։

Ըստ նրա, ընդհանրապես ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանությունը սովորաբար ակտիվանում է ռազմական օպերացիաներից ու լարվածություններից առաջ։

«Դրանց Ադրբեջանը մշտապես նախապատրաստվում է տեղեկատվական դաշտում, ներկայացնելով իբրև թե սադրանքներ հայկական կողմից տևական ժամանակ, որին, ըստ ժանրի կանոնների՝ պետք է հետևի ինչ-որ պատասխան։ Սա ստանդարտ սխեմա է։ Ուստի հատկապես նման փուլերում պետք է ավելի զգույշ ու աչալուրջ լինել։

Բացի այդ, ընդհանուր առմամբ նույնիսկ առանց նմանատիպ ուղերձների, քանի որ ռազմաքաղաքականությունը սովորաբար առանց անոնսների է, դեռ վաղուց, 2020 թվականի պատերազմից հետո հայկական կողմն անվտանգային լիովին այլ տրամաբանություն պետք է որդեգրեր, այլ ուժգնությամբ նախապատրաստվեր հնարավոր զարգացումների, հատկապես, երբ խաղաղությունից ռեգիոնում խոսում է միմիայն Հայաստանը, իսկ Ադրբեջանն անընդհատ սադրում և նույնիսկ ՀՀ տարածքներին է անդրադառնում։ Այդ քաղաքական հայտարարություններն ուղերձ չե՞ն, իհարկե ուղերձ են, ադրբեջանական սպառնալիքները որևէ փուլում չեն դադարել, և պարտադիր չէ, որ որևէ երկրի պաշտպանության նախարար ուղիղ ինչ-որ բան հայտարարի, իրավիճակը չափազանց հստակ է, օգտվելով իրավիճակից՝ Ադրբեջանը ցանկանում է պլան մաքսիմում իրագործել, պատերազմից հետո պատերազմի վտանգը չի դադարել»,-նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նա միաժամանակ նշեց, թե այս ֆոնին ի՞նչ խնդիր լուծեց Հայաստանի համար ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարումը։

«Ադրբեջանը նկատեց, որ հերթական հարցում չկա կոնսենսուս, որ խնդիրներ կան ՀԱՊԿ-ում ՀՀ-ին աջակցելու շուրջ, սա որքանո՞վ ամրապնդեց ՀՀ անվտանգությունը։ Ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքական խնդիրները կամ մասնավորապես հայ-ռուսական հրապարակային քաղաքական խնդիրները, տարաձայնությունները թուլացնում են անվտանգային համակարգը, դա ևս որևէ վերլուծաբանի համար նորություն չէ։

Կայուն արտաքին հարաբերություններն ինքնին վերածվում են անվտանգության երաշխիքի։ Այդ առումով այսօր ևս ցավալիորեն խնդիրներ կան։ Ռուսաստանից զուգահեռ պահանջում են կատարել պարտավորությունները և քննադատում են, հաշվի չառնելով ներկայումս հենց ՌԴ խոցելիությունը և այն, որ այս իրավիճակը կանխելուն ուղղված քայլեր՝ մանդատի հարցի շուրջ բազմաթիվ քննարկումներ ՌԴ-ն փորձել է նախաձեռնել։

Եվ այս իրավիճակում, երբ ՌԴ-ն գլոբալ հարցեր է լուծում իր համար ռազմավարական տարածաշրջանում, բախվելով ահռելի խնդիրների, նման խնդիրներ են ստեղծվում Ռուսաստանի համար, այդ թվում՝ միջանցքի փակմամբ։

Սա մեծ ու բազմակողմանի խնդիր է Ռուսաստանի համար, Ռուսաստանը դա հասկանում է, նկատում է նաև քննադատության տարափը երկու երկրներից, ու ՌԴ-ն ընտրել է չեզոք զգուշավորությունը, որպեսզի այս առաքելությունը չհայտնվի այս պահին վտանգի տակ»,-ասաց նա։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը