Քաղաքական

13.01.2023 18:21


Սա անարգանք է հայրենիքի համար պայքարողների հասցեին, ունի «Հայաստան դաշինքը», Դաշնակցությունը վարկաբեկելու նպատակ․ ՀՅԴ-ն՝ ՔԿ հայտարարության մասին

Սա անարգանք է հայրենիքի համար պայքարողների հասցեին, ունի «Հայաստան դաշինքը», Դաշնակցությունը վարկաբեկելու նպատակ․ ՀՅԴ-ն՝ ՔԿ հայտարարության մասին

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով դաշնակցականների տներում իրականացված խուզարկությունների մասին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։

«Խստորեն դատապարտում ենք Քննչական կոմիտեի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով օգոստոսի 25-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Դաշնակցության անդամների և համակիրների բնակարաններում խուզարկությունների, ձերբակալությունների և հարցաքննությունների վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած առերևույթ կեղծ տեղեկությունների և օրենքի խախտումների վերաբերյալ, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ այս շինծու գործի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը օրվա քաղաքական իշխանությունների հայրենադավ ծրագրերից, կասեցնել դրանց դեմ պայքարող անձանց և ուժերին:

Ոտնահարելով անմեղության կանխավարկածը, փորձելով քողարկել իր ապօրինությունները, քննչական կոմիտեն այս հաղորդագրությամբ փորձում է հանրության մոտ ստեղծել տպավորություն՝ թե իբր իրականացված խուզարկությունների արդյունքում «պարզվել է», որ հայրենադավ իշխանությունների դեմ պայքարող անձինք հավաքներին մասնակցել են նյութական շահադրդությամբ: Սա ոչ միայն անարգանք է հայրենիքի համար պայքարողների հասցեին, այլև ունի նպատակ՝ վարկաբեկելու այդ պայքարը, «Հայաստան դաշինքը», Դաշնակցությունը, ստեղծի «հիմքեր» նոր ձերբակալություններ և ակնհայտ ոչ իրավաչափ ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորումներ իրականացնելու համար:

Իրավապահ մարմինների կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը նպատակ է հետապնդում կեղծ հիմքեր ստեղծել այս ապօրինի քրեական գործը շարունակելու, դատական ատյաններում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները «հիմնավորելու» նպատակ:

Ակնհայտ քաղաքական հետապնդման այս ամոթալի վարքագծի փոխարեն քննչական կոմիտեն և դատախազությունը պարտավոր էին քրեական հետապնդում նախաձեռնել ապօրինի գաղտնալսման համար, այլ ոչ թե ապօրինիությունների միջոցով մաս դառնալ հայրենադավ ծրագրեր իրականացնմանը կամ անխնա օգտագործման գործիք դառնալ այդ ծրագրերը իրականացնողների ձեռքին»:

Այս խորագրի վերջին նյութերը