Քաղաքական

13.01.2023 08:24


Հայաստանի համար սպառնալիքներ կան, իսկ հայ-ռուսական հարաբերությունները եղել են զսպող գործոն․ Լուկիանով

Հայաստանի համար սպառնալիքներ կան, իսկ հայ-ռուսական հարաբերությունները եղել են զսպող գործոն․ Լուկիանով

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168am-ի հետ զրույցում ասաց, որ հայ-ռուսական փոխադարձ դիվանագիտական հռետորաբանությունը երբեք նման լարված ու սուր չի եղել, ինչը հասունացավ վերջին շրջանում։

Ըստ նրա, կարելի է հասկանալ, որ Երևանն ունի դժգոհություններ, մտահոգություններ Ռուսաստանից, որը նրա դաշնակիցն է համարվում, սակայն Ռուսաստանն իր հերթին այս փուլում գործում է իր հնարավորությունների սահմաններում։

«Ավելին, կարծում եմ՝ Ռուսաստանում կրկին այս փուլում հարմարվել են այն իրողությունների հետ, որ դաշնակից երկրներից կարող են հնչել տհաճ հայտարարություններ, և ռուսական դիվանագիտությունը գործում է ճգնաժամային պայմաններում։ Այլ հարց է, թե ինչպես են սա ընկալում Ռուսաստանի գործընկեր երկրները և ինչպիսի ակնկալիքներ ունեն, որքանով են այդ ակնկալիքները հիմնված հստակ հաշվարկի ու վերլուծության վրա։

Բացի այդ, ամենակարևոր հանգամանքն այն է, թե եթե չկա Ռուսաստանը, եթե ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում պատշաճ, ապա ո՞վ, ո՞ր երկիրն է այն կատարելու ավելի լավ։ Ես չեմ տեսնում, որ Արևմուտքը պատրաստ է նման դերի, ամենևին։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը բավարարո՞ւմ է Երևանին, ի՞նչ հարց է այն լուծում։

Եթե Հայաստանն ունի այդ այլընտրանքները, ապա դա այլ խոսակցություն է, բայց ես խիստ կասկածում եմ։ Եթե դա այդպես է, ինչո՞ւ հայկական կողմը չցանկացավ բանակցությունները շարունակել Արևմուտքի հովանու ներքո, իսկ ներկայումս կողմ է ռուսական առաջարկներին, բայց զուգահեռաբար մերժում է ՀԱՊԿ զորավարժությունները և ռուսական ներկայությունը համարում սպառնալիք։ ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը, որ հայտարարությունները հակասական ու անհասկանալի են, արտացոլում է իրականությունը»,-ասաց Լուկիանովը։

Ըստ նրա, չի բացառվում նաև, որ Հայաստանին այլընտրանքներ պետք չեն, քանի որ ակնհայտ է, որ այդ այլընտրանքը չկա։

«Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներին փոխարինելու չեն գալու բազմազգ խաղաղապահներ, Արևմուտքը չի ցանկանում հավելյալ ռեսուրս տրամադրել և հույս ունի, որ կողմերը կգան համաձայնության, իսկ ռուս խաղաղապահները և ռուսական ներկայությունը ռեգիոնում պարզապես չի լինի։ Ակնհայտ է նաև, որ Երևանի ու Բաքվի՝ Ռուսաստանի նկատմամբ ներկայիս դիրքավորումը պայմանավորված է ՌԴ աշխարհաքաղաքական իրավիճակով, որը, սակայն, անորոշ է։ Բայց աշխարհաքաղաքական վեկտորի ընտրությունն ազատ ընտրություն է, ինչպես տեսնում ենք՝ Ռուսաստանը դրան նորմալ է վերաբերվելու, իր ռեգիոնալ շահերը հարմարեցնելով այդ իրողություններին։ Այնուամենայնիվ Ռուսաստանի ազդեցության գոտիները որոշում են ոչ միայն կողմերը, այլև ռեգիոնալ խաղացողները, ինչպիսին Թուրքիան ու Իրանն են։ Եվ այստեղ միայն Երևանի կամքից ու որոշումներից քիչ բան է կախված, հատկապես, եթե Ադրբեջանը շարունակի աշխատել ռուսական կողմի հետ։ Իրավիճակը ողջ աշխարհում փխրուն է, և փոքր ու խնդիր ունեցող երկրները պետք է շատ ավելի զգույշ գործեն սպառնալիքները չշատացնելու համար, իսկ սպառնալիքներ Հայաստանի համար կան։ Հայ-ռուսական հարաբերությունները պատմական առումով եղել են զսպող գործոն այդ սպառնալիքների տեսանկյունից»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը