Քաղաքական

12.01.2023 10:45


Լաչինի միջանցքի բացման երկու ճանապարհ կա․ քաղաքագետ․ «Փաստ»

Լաչինի միջանցքի բացման երկու ճանապարհ կա․ քաղաքագետ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի՝ շուրջ մեկ ամիս շրջափակված լինելու արդյունքում ձևավորվել է մի ընդհանուր պատկեր, որն ավելի խորքային դիտարկելու պարագայում ուշագրավ իրողության մասին է վկայում: Այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնք բխում են ստեղծված իրավիճակից:

«Արտաքուստ տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանցիները խախտել են նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, շրջափակել են Արցախը, Հայաստանի իշխանությունները, Արևմուտքը ոչինչ չեն կարող անել, Ռուսաստանն էլ խառնված է Ուկրաինայի պատերազմով: Արդյունքում Արցախը դանդաղ մահանում է, ու տպավորությունն այնպիսին է, թե գլխավոր մեղավորն Ադրբեջանն է և այլ ոչ մի մեղավոր չկա, բայց իրականությունը լրիվ այլ է»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, խնդիրը հետևյալն է. «Երբ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրվեց, այնտեղ ներառված կետերը համապատասխանում էին այն ժամանակվա քաղաքական իրավիճակին: Ո՞րն էր այդ իրավիճակը: Փաստացի ռուսները փրկեցին Արցախի մնացած մասը, որոշում կայացվեց, որ հայկական զորքերը պետք է դուրս գան Քարվաճառից, Լաչինի միջանցքը պետք է պահեին խաղաղապահ ուժերը, իսկ ԼՂ կարգավիճակի խնդիրը թողնում էին հետագայի քննարկման: Մինչ այս Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքներում, հետագայում Կազանյան համաձայնագրի շուրջ բանակցություններում և բոլոր քննարկումների ժամանակ դրված էր հետևյալ դրույթը՝ ԼՂ-ի և ԼՂ-ն Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի, այսպես ասած, խնդիրները թողնվելու են հետագայի քննարկմանը: Նոյեմբերի 9-ի համաձայնագրով ևս հենց այդ բովանդակության հիման վրա էր, որ ՌԴ-ն կարողացավ Լաչինի միջանցքը վերահսկելու պարտավորություն ստանձնել: Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, փոխեց ամբողջ տրամաբանությունը. նախ՝ արևմտյան հարթակում սկսեց հայտարարել, որ ԼՂ-ն պետք է քննարկի, թե Ադրբեջանի կազմում ինչ կարգավիճակում պետք է լինի:

Անցած տարվա գարնանը հայտարարեց, որ «Արցախի կարգավիճակի հարցում պետք է նշաձողը մի փոքր իջեցնենք», հետո արդեն Պրահայում փաստացի պաշտոնապես հաստատեց ասվածը: Ռուսներն ապշած էին ու ասում էին, որ եթե հայերը համաձայն են, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում լինի, մենք խնդիր չունենք: Իրականում ռուսները չեն կարող հայերից ավելի հայ լինել, ինչը պահանջելն իրականում անմեղսունակություն կլինի»:

Անդրադառնալով նշվածին հաջորդած գործընթացներին՝ նա հավելեց. «Երբ ռուսները նման բան հայտարարեցին, Ադրբեջանը հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ ԼՂ-ն պետք է մնա Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ ԼՂ հանքերը, միջանցք հասկացողությունը պետք է լինեն Ադրբեջանինը: Երբ կարգավիճակը փոխվում է, Ադրբեջանն էլ է փոխում իր մոտեցումը, ինչը շատ տրամաբանական է: Հենց Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանին մոտեցում փոխելու շանս տվել: Եթե Հայաստանը ճանաչում է, որ ԼՂ-ն պետք է մնա Ադրբեջանի կազմում, այս տեսանկյունից Ադրբեջանի դիրքորոշումները տրամաբանված են դառնում: Իսկ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն ակնհայտ է. այսինքն, իրականում Լաչինի միջանցքի շրջափակումն առաջացել է Փաշինյանի պահվածքից: Միգուցե նա չէր ուզենա, որ այդպիսի բան լիներ, բայց այդպես ստացվել է, որովհետև երբ իշխանության են գալիս փողոցային տգետներն ու անգրագետները, այդպես է լինում: Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ իր որոշման գինն է վճարում»:

Քաղաքագետի խոսքով, հաշվի առնելով վերոնշյալը՝ զուտ տեխնիկական լուծումները բավարար չեն լինելու: «Մենք այլևս չեք կարողանալու Լաչինի միջանցքը բացել: Լաչինի միջանցքի բացման երկու ճանապարհ կա. կա՛մ պետք է Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանությունից և այստեղ նորմալ իշխանություն ձևավորել, կա՛մ պետք է Արցախի իշխանությունները հայտարարեն, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, համաձայնեն, որ հանքերը կառավարվեն ադրբեջանցիների կողմից: Այդ ժամանակ ճանապարհը կբացվի: Ուրիշ ճանապարհ չկա: Եթե այսօր Արցախում համաձայնեն անցակետ տեղադրելու տարբերակին, ադրբեջանցիներն անընդհատ նոր պահանջներ են դնելու: Ադրբեջանը հստակ հասկանում է, թե ինչ է ուզում, հարցն այն է, թե Հայաստանում հասկանո՞ւմ են, արդյոք, թե ինչ են ուզում: Ըստ իս, չեն հասկանում: Եթե հայ ժողովուրդն ուզում է որևէ ակնկալիք ունենալ աշխարհից, աշխարհը պետք է հասկանա՝ հայ ժողովուրդն իրենից ինչ է ներկայացնում, ով է և, ամենակարևորը, ինչ է ուզում: Մարդիկ չեն հասկանում, թե հայ ժողովուրդն ինչ է ուզում: Իրականում ցանկություններն անհասկանալի են, իսկ հայ ժողովրդի ցանկությունները ձևավորվում են ընտրված իշխանություններով: Բայց խայտառակ իշխանություն է ձևավորվել, ինչը նաև աշխարհն է տեսնում»,-ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով, մուրացիկի կարգավիճակում գտնվողին երբեք գործընկեր, ռազմավարական դաշնակից չեն դիտարկի. «Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ևս միջազգային մակարդակով քաղաքական մուրացկան է դարձրել, որն այլևս ոչ մի լուրջ քայլ աշխարհից ակնկալել չի կարող: Ցանկացած ժողովրդի դրսում դիտարկում են իր իշխանությամբ, մանավանդ, երբ իշխանությունն ընտրություններով է ձևավորվել: Այսինքն, շատ ավելի ծանր վիճակում ենք մենք հայտնվել, քան կարելի է պատկերացնել: Խնդիրները տեխնիկական լուծումները չեն: Նույնիսկ Փաշինյանին փոխելը բավարար չէ աշխարհին ապացուցելու, որ մուրացկան չենք: Քայլերով ու գործողություններով պետք է ապացուցել հակառակը, որ աշխարհը վերջնականապես հասկանա, որ մեզ հետ կարող է որպես գործընկեր հանդես գալ: Լավ, վատ, ուժեղ, թույլ՝ երկրորդական խնդիր է»:

Անդրադառնալով այս շրջանում ՀՀ իշխանությունների կողմից Ռուսաստանին ուղղված ազդակներին, որոնք արվեցին նաև Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում՝ Երվանդ Բոզոյանը շեշտեց. «Հակառուսականությունը երկու նպատակ ունի: Առաջին՝ եթե կա խնդիր, ուրեմն պետք է գտնել մեղավորներ: Հիշենք՝ երբ եկան իշխանության, ամեն ինչի մեջ նախկին իշխանություններին էին մեղադրում: Քանի որ Լաչինի միջանցքի փակման մեջ հնարավոր չէ մեղադրել նախկին իշխանություններին, ուրեմն նոր մեղավորներ պետք է փնտրել, որոնք այս դեպքում ռուսներն են: Այդ մարդը խաբելով է իշխանության եկել, շարունակում է խաբել սեփական ժողովրդին: Նա գիտի, թե այս ամենն ինչ կործանարար հետևանքներ է ունենալու իր համար, ու արդեն այս փուլում, ի դեմս Ռուսաստանի, նոր քավության նոխազ է գտել: Ըստ էության, հայտարարելով, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգության պատասխանատուն ՌԴ-ն է, նա փաստացի հող է նախապատրաստում, որ վաղը-մյուս օրն արևմտյան որևէ երկիր փախուստի դիմածի կարգավիճակով հայտարարի, որ Հայաստանի կործանման մեղավորը Ռուսաստանն է: Ռուսաստանին մեղադրելը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին պոպուլյար է: Սա իրեն ընտանիքով արևմտյան որևէ երկրում փրկվելու շանս կտա, իհարկե, Հայաստանի կործանման հաշվին»:

Քաղաքագետը շեշտեց, որ «մեղավորները» կարող են նաև փոխվել: «Հիմա կմեղադրեն ռուսներին, վաղը-մյուս օրը՝ ամերիկացիներին, ֆրանսիացիներին: Երբ մարդն անգրագետ ու տգետ է, ոչինչ չի կարող անել և ամեն ինչ ձախողում է, չի ասելու՝ ես մեղավոր եմ: Այս իշխանությունն իր փրկության համար հենց այդ վարքագծով է առաջնորդվում, որ արդարացնի իր անմեղսունակ քայլերն ու որոշումները, երկրի ծանր վիճակը: Հայ ժողովուրդն ամեն օր զարթնելով՝ սպասում է, թե էլ ինչ կատաստրոֆա է լինելու: Այս հոգեվիճակի համար, իհարկե, Փաշինյանն իրեն չի մեղադրելու: Երբ ասուլիսի ժամանակ իրեն հարցին՝ իրեն մեղավոր չի՞ ճանաչում, շփոթվեց, փիլիսոփայելով, ի վերջո, ծիծաղելի վիճակի մեջ հայտնվեց: Փաստացի խոստովանելով, որ մեղավոր է, միևնույն ժամանակ ասաց՝ եթե մեղավոր եմ, հանեք, եթե չեք հանում, ուրեմն պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ: Ճիշտ է ասում: Եթե հայ ժողովուրդը հետևում է, թե ինչպես է կործանման գնալու, ապա քաղաքական վերնախավի հետ մեղավոր է նաև հայ ժողովուրդը»:

Քաղաքագետը շեշտեց՝ արդեն մեկ տարի է, ինչ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում և չի էլ թաքցնում, որ Արցախի հարցում ձեռքերը լվացել է. «Ավելին, անուղղակի մեղադրում է նշվածին դեմ հանդես եկող մարդկանց՝ ասելով, որ նրանք են մեղավոր լինելու, երբ վաղը չէ մյուս օրը Ադրբեջանն արդեն ՀՀ տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնի: Հիշենք իշխանության գալու ժամանակ և այժմ արվող լոզունգները: Խաբեբաներն էլ որոշակի սահմաններ ունեն, բայց նման «կլասի» խաբեբա, անկեղծ ասած, պատմության մեջ չեմ հիշում: Այս «կլասի», այս աստիճանի խաբեբա լինելն ու մինչև հիմա իշխանության մնալն աբսուրդ է»»:

Այս խորագրի վերջին նյութերը