Կարծիք

09.01.2023 20:45


«Ժողովրդավարության բաստիոնում» «ազատ խոսքի» ջատագովը շարունակում է հասարակությունը «սևերի ու սպիտակների» բաժանելու իրենց խմբակի արատավոր գործելակերպը

«Ժողովրդավարության բաստիոնում» «ազատ խոսքի» ջատագովը շարունակում է հասարակությունը «սևերի ու սպիտակների» բաժանելու իրենց խմբակի արատավոր գործելակերպը

Կիրակի, հանգստյան օրը կառավարությունից հայտարարեցին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մամլո ասուլիս է կազմակերպում, այս անգամ, իբր, լրագրողների մասնակցությամբ։ Նույն օրը նրա աշխատակազմից, ընտրողաբար, կապվել են ԶԼՄ-ների հետ և լրագրողների անուններ ճշտել, որոնք հավատարմագրվելու են ասուլիսին մասնակցելու համար, սակայն, կանխատեսելիորեն, այդ ցանկից դուրս են թողել մի շարք լրատվամիջոցների։ Այսպես, «ժողովրդավարության բաստիոնում» «ազատ խոսքի» ջատագովը շարունակում է հասարակությունը «սևերի ու սպիտակների» բաժանելու իրենց խմբակի արատավոր գործելակերպը։

Քանի որ Երկիր Մեդիան հերթական անգամ զրկվեց առերես հարց ուղղելու հնարավորությունից, մեր կողմից տրվելիք հարցերը տեղադրում ենք այս հարթակում և մեր այն գործընկերներին, որոնք մասնակցելու են վաղվա բեմադրված ակցիային, խնդրում ենք հնարավորության դեպքում հնչել դրանք.

1. Ինչո՞ւ Փաշինյանն ինքն առաջինը խախտեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ու 2020 թվին, իր խոսքով, իր կիրթ բարեկամի հետ «բանավոր ըմբռնմամբ» հրամայեց հետ քաշել հայկական դիրքերը Սյունքի հատվածում՝ Ադրբեջանին զիջելով Գորիս-Կապան միջպետական մայրուղին, ուղիղ նշանառության տակ դնելով Կապան, Գորիս, Սիսիան, Տեղ և այլ համայնքների բնակավայրերը:

2. Ինչո՞ւ է իշխանությունը և անձամբ ինքը Արցախի անվտանգության ողջ պատասխանատվությունը թողնում ռուսական խաղաղապահների վրա, մինչդեռ Հայաստանի Սահմանադրությամբ, Անկախության հռչակագրով, ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգով, հենց Փաշինյանի բոլոր կառավարությունների ծրագրով ու ՔՊ նախընտրական ծրագրով նշված է, որ Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության երաշխավորը:

3. Արդյոք իրակա՞ն են շատ վերլուծաբանների պնդումները, որ Փաշինյանին իշխանության բերած արեւմտյան ուժերը 2018 թվից սկսած հետևողական քայլեր են իրականացնում, փորձելով Փաշինյանի միջոցով հասնել, առնվազն Ռուսաստանի դեմ նոր ճակատի ստեղծմանը, իսկ առավելագույնը՝ տարածաշրջանից Ռուսաստանի հեռացմանը:

4. Մոտ երկու տարի առաջ, նախընտրական քարոզարշավի ընթացքում, Փաշինյան ասում էր՝ գերիները պայքարում են Հայաստանի սուվերենության համար և մի ամիս, երկու ամիս գերության մեջ կդիմանան ու իրեն կներեն։ Ինչու են նրանք մինչեւ այսօր գերության մեջ, ի՞նչ քայլեր է անում քպ-ական վարչակազմը նրանց վերադարձնելու համար։

Առայժմ այսքանը։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը