Քաղաքական

09.01.2023 16:53


Արցախցի մայրերը ակցիա են իրականացրել ԿԽՄԿ գրասենյակի դիմաց

Արցախցի մայրերը ակցիա են իրականացրել ԿԽՄԿ գրասենյակի դիմաց

Արցախի մայրերի նախաձեռնությամբ խաղաղ ակցիա է իրականացվել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Արցախի գրասենյակի դիմաց։ Ակցիայից լուսանկարներ է հրապարակել ֆոտոնկարիչ Դավիթ Ղահրամանյանը:

Ըստ հաղորդման՝ մայրերը խնդրել և կոչ են արել Կարմիր Խաչին լիարժեք կատարել միջազգայնորեն ամրագրված իր գործառույթները, որից հետո Արցախի մայրերի ակումբի անունից նամակ են փոխանցել "ԿԽՄԿ" Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարին։

Ստորև ներկայացնում եմ նամակը։

«Մենք` Արցախի մայրերս, գրեթե 1 ամիս մեր երեխաների հետ գոյատևելով ադրբեջանական տոտալ շրջափակման պայմաններում, սպառվել ենք հոգեպես և սպառվել են մեր բոլոր ռեսուրսները։ Մեր երեխաները թերի են սնվում, մենք սարսափում ենք այն մտքից, որ երեխան կարող է հիվանդանալ, քանի որ առաջին անհրաժեշտության մի շարք դեղեր իսպառ բացակայում են։ Բազմաթիվ կաթնախառնուրդով սնվող երեխաների մայրեր սարսափում են ամեն օր դեղատնից դեղատուն գնալով և կաթնախառնուրդ չգտնելով։

Այսօր մեր երեխաները պիտի գնային մանկապարտեզ ու դպրոց, բայց նրանք մեզ հետ այս ցրտին կանգնած են ձեր գրասենյակի առաջ, քանի որ սննդի դիֆիցիտի պայմաններում փակվել են հանրակրթական մի շարք հաստատություններ և ի թիվս այլ հիմնարար իրավունքների, նրանք նաև զրկված են կրթություն ստանալու իրենց հիմնարար իրավունքից։

Նրանցից որոշները արդեն 1 ամիս է հեռու են իրենց ծնողներից և չգիտեն նույնիսկ, թե երբ նորից հնարավորություն կունենան գրկել իրենց մայրերին ու հայրերին...

Մենք գնահատում ենք Կարմիր Խաչի մինչ այս գործադրած բոլոր ջանքերը ճգնաժամը մեղմացնելու ուղղությամբ և շնորհակալ ենք ցուցաբերած սրտացավության համար, բայց, ցավոք, իրավիճակի սրության պայմաններում դրանք բավարար չեն և աղետը գնալով ահագնանում է, ուստի խնդրում և կոչ ենք ենք ձեզ, որպես աշխարհում ամենաազդեցիկ հումանիտար կազմակերպություն, գործի դնեք ձեր բոլոր կապերը, ռեսուրսներն ու ջանքերը այս ճգնաժամի գոնե հումանիտար կողմը կանխելու համար։

Ձեր նշանաբանն է. «Բարեգործություն պատերազմի ընթացքում», սրանից էլ դաժան պատերա՞զմ...»:

Այս խորագրի վերջին նյութերը