Մեկնաբանություն

05.01.2023 11:25


Հայաստանի դավաճան իշխանությունը, անկարող Ռուսաստանը և երկերեսանի Արևմուտքը

Հայաստանի դավաճան իշխանությունը, անկարող Ռուսաստանը և երկերեսանի Արևմուտքը

Արցախն արդեն 24–րդ օրն է շրջափակված։

Նիկոլ Փաշինյանը բացահայտ դավաճանական վարքագիծ է դրսևորում։ Նա ամեն ինչ գցում է ռուսների վրա ու Արցախը ճանաչում ադրբեջանական։ Նիկոլի այդ դիրքորոշումն է թևեր տալիս Ալիևին և թևաթափ անում ռուսներին։

29.800–ի տեսությունն առաջ քաշելով՝ Նիկոլն ամբողջ աշխարհին մեսիջ հղեց, որ Ալիևը ճիշտ է, քանզի Արցախն ադրբեջանական է ու հետևաբար՝ Ալիևն ինչ ուզի, կանի իր տարածքում գտնվող 120 հազար անհնազանդների հետ։

Ռուս խաղաղապահներն, ըստ այդմ, հայտնվել են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների ճնշման տակ։

Ռուսաստանին պետք է հայկական Արցախը, որպեսզի իր զորքն այնտեղ պահելը լեգիտիմ ու հիմնավորված լինի, բայց երբ Հայաստանի իշխանությունը միանում է Ադրբեջանի իշխանությանն ու փաստացի պահանջում ռուսական զորքերի դուրսբերում, ապա ռուսների գործը բարդանում է։

Եթե ուկրաինական ճգնաժամը չլիներ ու Ռուսաստանն այսքան թուլացած չլիներ, ապա Ադրբեջանը չէր համարձակվի այսքան լկտի պահել իրեն։ ՌԴ–ն հիմա չի կարող ուժով բացել Լաչինի միջանցքը, քանի որ այդ դեպքում երկրորդ ճակատ կստանա, կոնֆլիկտի մեջ կմտնի Թուրքիայի հետ։ Մնում են բանակցությունները, որոնք այս պահին արդյունք չեն տալիս ու չեն կարող տալ այն պայմաններում, երբ, կրկնենք, Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչում է ադրբեջանական ու, ըստ էության, ողջունում Լաչինի շրջափակումը։

Ինչ մնում է Արևմուտքին, ապա Արցախի պահով մենք տեսնում ենք երկերեսանի քաղաքականության դասական օրինակ։ Արևմուտքը խոսքով, իբր, դատապարտում է Ադրբեջանի քայլերը, բայց զուգահեռաբար տարատեսակ եվրաչինովնիկները դրական խոսքեր են շռայլում Ալիևի հասցեին, քանզի գազ են գնում Ադրբեջանից։ Տարատեսակ ուրսուլաները, միշելները լուռ են այն դեպքում, երբ 120 հազար մարդ սովամահ է լինում Արցախում։

«Դիմոքրսիի» մասին Երևանում ճառող Փելոսին ի՞նչ է արել Լաչինի միջանցքը բացելու համար։ Գոնե ձևականորեն պատժամիջոցների թեմա նախաձեռներ։ Դա էլ չի անում։

Ժողովրդավարությունից խոսող ամերիկաները, եվրոպաները լուռ են ու ոչ մի քայլ չեն անում ավտորիտար, սուլթանական Ադրբեջանի դեմ։ Մարդու իրավունքներից ճամարտակողները չեն նկատում 120 հազար մարդու կյանքի ու առողջության իրավունքների կոպիտ ոտնահարումները։ Չի կիրառվում ոչ մի պատժամիջոց Ալիևի, նրա շրջապատի կամ Ադրբեջանի դեմ։ Աշխարհը լուռ հետևում է, թե ինչպես են ուզում խեղդել 120 հազարին։ Հետևում է այնպես, ինչպես 1915–ին։ Այն ժամանակ էլ էին կարեկցում, ցավում, բայց անտարբեր էին, քանզի ռեալպոլիտիկ կոչվածն ավելի կարևոր էր, քան հայի արյունը։

Արևմուտքը ցույց է տալիս, որ արժեքներն իր համար երկրորդական են դառնում, երբ բանը հասնում է իրենց շահերին, ու ճիշտ են անում։

Ի դեպ, վերևում գրված տողերն ամենևին էլ Արևմուտքին քննադատելու համար չէին։ Երբ ունես դավաճան իշխանություն, իրավունք չունես օտար երկրից բան պահանջել կամ նեղանալ։ Նրանք իրենց շահն են պաշտպանում։ Վերևում գրածն ընդամենը փաստի արձանագրում է։ Մենք արձանագրում ենք, որ Նիկոլը դավաճան է, Ռուսաստանն՝ անկարող, Արևմուտքը՝ երկերեսանի։

Լուծումները պետք է ներսում փնտրել։ Խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքում է։ Հենց որ մեզանից բան ներկայացնենք, արժանապատիվ պահենք մեզ, անմիջապես դաշնակիցներ կհայտնվեն։ Հարգում են սեփական «Ես» ունեցողին, այլ ոչ թե մուրացկանին կամ առավել ևս՝ դավաճանին։

Լաչինի միջանցքը կբացվի ու մեր երկիրն այս խայտառակ վիճակից դուրս կգա, երբ փակվի նիկոլական իշխանության էջը։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը