Կարծիք

24.09.2011 16:21


Կոնգրեսի հեքիաթը մոտենում է ավարտին

Կոնգրեսի հեքիաթը մոտենում է ավարտին

Տարբեր հնարքներ եւ միջոցներ կիրառելով Կոնգրեսի ղեկավարությունը ջանք եւ եռանդ չխնայեց, որպեսզի գոնե սեպտեմբերի 23-ի հանրահավաքի մասնակիցների թիվը խայտառակ քիչ չլինի: Այսուհանդերձ, անկախ նրանից, թե տարբեր ֆոկուսներով նրանք հրապարակ քանի մարդ կբերեն, կարեւորն այն է, որ ՀԱԿ-ն աստիճանաբար հայտնվում է քաղաքական դաշտի եզրային գծից դուրս: Եւս մի փոքր ժամանակ, եւ Կոնգրեսն արդեն կհայտնվի տրիբունաներում եւ հենց այնտեղից կհետեւի քաղաքական իրադարձություններին:

Իսկ հիմա Կոնգրեսի ղեկավարներն իրենք իրենց համոզելով, որ ժողովուրդը զուրկ է հիշողությունից այնպիսի հայտարարություններ են անում, որ գոնե մի փոքր բարձրացնեն զրոյին մոտեցած իրենց վարկանիշը: Միաժամանակ Կոնգրեսը հայտնվել է իր կողմից լարած ծուղակում եւ դեռ երկար ժամանակ կապկպված է լինելու արտահերթի հասնելու դատարկ խոստմամբ և «երկխոսության» թելերով, իսկ երբ ՀԱԿ–ն ազատվի այդ թելերից այլեւս քաղաքականությունում անելիք չի ունենալու: Կոնգրեսը փորձեց ժողովրդի քթից բռնած այս ու այն կողմ տանել, իսկ դա անպատիժ չի կարող մնալ:

Կոնգրեսի խայտառակ ձախողումներից այս կառույցի ղեկավարները դեռ որեւէ հետեւություն չեն արել եւ առանձնահատուկ ցինիզմով շարունակում են պնդել, թե իրենք ներկայացնում են ժողովրդին: Այս իրավիճակում ավելի քան պարզ է, թե իրենք ինչու են ատելությամբ լցված ընդդիմադիր ուժերի նկատմամաբ եւ ինչու են որեւէ հացադուլ կամ խորհրդաժողով թշնամանքով եւ սվիններով ընդունում: Այսքանից հետո ավելի քան հասկանալի է դառնում, որ Կոնգրեսը պետք է հեռանա քաղաքական դաշտից` իր հետ տանելով այն քաղաքական մշակույթը, որը ներմուծվեց վերջին տարիների ընթացքում: Ատելության սերմանումը, մեծամտությունը, ժողովրդի հետ եւ քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչների հետ վերեւից խոսելը մեր երկրին եւ ժողովրդին բացի վնասից այլ բան չի կարող տալ:

«Մենք ողջ ժողովրդով պետք է դուրս գանք փողոց ու ստիպենք իշխանություններին գնալ զիջումների այնպես, ինչպես արեցինք փետրվար-մարտ ամիսներին»,- նշում են կոնգրեսական դեմքերը: Ուշադրություն դարձրեք այն ցինիզմին, որն առկա է այս շատ կարճ նախադասությունում: Նախ ուշադրության է գրավում «մենք ողջ ժողովրդով ձեւակերպումը»: Կրկին անգամ շեշտենք` Կոնգրեսի ղեկավարներ, դուք եւ ժողովուրդը բոլորովին տարբեր հասկացողություններ եք: Իսկ ցինիզմի գագաթնակետն այն է, որ Կոնգրեսի ներկայացուցիչները հիշում են այս տարվա փետրվար եւ մարտ ամիսները, եւ այն, թե ինչպես ժողովրդի թիկունքում գործարքի գնացին վարչախմբի հետ: Հիշում են, բայց կրկին խոսում փետրվար–մարտից։

Ավելացնենք նաեւ, որ հիմա, երբ Կոնգրեսի ղեկավարները կոչ են անում վճռական գործողությունների, մտածում են, թե նույն ժողովուրդը մոռացել է, թե ինչպես Տեր-Պետրոսյանը մատ թափ տալով նույն ժողովրդին տուն ուղարկեց: Իհարկե, հրաշալի է, որ նա գնաց այդ քայլին, քանի որ նա եւ նրա թիմը պետք է կիլոմտերերով հեռու մնան իշխանությունից: Այստեղ հարցն այն է, որ Կոնգրեսը կրկին փորձում է խաղալ որոշակի փոքր քանակի, բայց փողոց դուրս եկած մարդկանց նուրբ լարերի վրա եւ նեղ անձնական խնդիրներ լուծել:

Ով-ով, բայց Կոնգրեսը բարոյական իրավունք չունի մարդկանց վճռական գործողությունների կոչ անել: Չմոռանանք, որ Կոնգրեսի առաջնորդները` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այն կարծիքին են, որ վճռական գործողություններից կօգտվի Ադրբեջանը: Այնպես որ, հարգելի եւ ոչ այնքան հարգելի կոնգրեսականներ, ավելի լավ է մարդկանց հանգիստ թողեք եւ գնացեք զբաղվեք ձեր տնային գործերով: Կարող եք նաեւ շենքի բակերում նարդի եւ շախմատ խաղալ եւ այնտեղ ժողովրդին համոզեք, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել՝ մարդիկ լավ չեն ապրելու եւ երկրում էլ ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունենալու:

«Բոլորի համար էլ հասկանալի է, որ պետք է գնալ վճռական քայլերի»,- ասում է Կոնգրեսի ներկայացուցիչը: Հավանաբար նա այս մտքին եկել է, երբ «երկխոսության» առկախումից հետո Սերժ Սարգսյանը ծնկաչոք Լեւոն Տեր-Պետրոսյանին չի խնդրել վերսկսել «երկխոսությունը», եւ երբ տեսել են, թե որքան քիչ մարդ է հավաքվում Ազատության հրապարակում:

Ահա սա է Կոնգրեսի անկեղծության աստիճանը, եւ բնական եւ տրամաբանական է, որ նման ուժի հետ ժողովուրդի մեծ մասն այլեւս չի ցանկանում գործ ունենալ: Իսկապես, չի կարելի նույնիսկ մակերեսային գործ ունենալ այն ուժի հետ, որը արտահերթ ընտրությունները ինքնանպատակ է դարձրել՝ շատ լավ հասկանալով, որ չի հասնելու դրան, քանի որ հենց ինքն է վերածվել Սերժ Սարգսյանի իշխանության կայունության երաշխիքի, իսկ ժողովրդին էլ փորձում է օգտագործել իր նպատակների իրագործման համար:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը