Քաղաքական

29.12.2022 14:52


Նման բաներ ասելը նշանակում է «ցամաքում» տիրող իրողությունները չհասկանալ. Զախարովան պատասխանել է Փաշինյանին (տեսանյութ)

Նման բաներ ասելը նշանակում է «ցամաքում» տիրող իրողությունները չհասկանալ. Զախարովան պատասխանել է Փաշինյանին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին առ այն, թե ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց առաքելությունն Արցախում։

«Մենք արդեն բազմիցս մեկնաբանել ենք, այդ թվում՝ դեկտեմբերի 23-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին ասել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ Մենք ճեպազրույցներին մի քանի առիթներով խոսել ենք այդ մասին։ Այս թեմայի շուրջ արդեն այնքան մանրամասն են արտահայտվել, որ կարծում եմ, որ որևէ հավելում անելու կարիք չկա»,-ասել է Զախարովան։

Բացի այդ, նա արձագանքել է Փաշինյանի հայտարարության առ այն, որ «եթե Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուստի, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ, բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցը բարձրացնի»։

Ըստ Զախարովայի՝ այս իրավիճակում անընդունելի է ռուսական խաղաղապահ զորակազմին ուղղված քննադատությունը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են տեղում իրավիճակը կարգավորելու համար։ Ոչ մի հասարակական հարձակում գործին չի օգնի: Էլ ավելի վատ իրավիճակներ են եղել, մենք աշխատում ենք այս վիճակը բարելավելու ուղղությամբ։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել, որ առանց խաղաղապահ զորակազմի ավելի լավ կլինի։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Ուստի կարելի է ուզածի չափ խոսել այն մասին, որ հնարավոր է արդյունավետությունը բարձրացնել և այլն, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ բոլորն այժմ աշխատում են այս իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Բայց նման բաներ ասելն ու հայտարարելը նշանակում է պարզապես «ցամաքում» տիրող իրողությունները չհասկանալ»,-ճեպազրույցում ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը