Քաղաքական

22.12.2022 19:57


Այսօր Լաչինի միջանցքը փակ է այս իշխանությունների գործունեության արդյունքում. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Այսօր Լաչինի միջանցքը փակ է այս իշխանությունների գործունեության արդյունքում. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Այսօր Լաչինի միջանցքը փակ է այս իշխանությունների գործունեության արդյունքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«11 օր է ճանապարհը փակ է, Արցախը կանգնած է հումանիտար աղետի և ցեղասպանության առջև, ՀՀ իշխանությունները ուղիղ հայտարարում են, որ դա ռուս խաղաղապահների ազդեցության գոտին է և իրենք այդտեղ անելիք չունեն: Նույն հաջողությամբ երբ թշնամու զորքերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, հասան մինչև Վարդենիս ու Ջերմուկ, այդ ժամանակ էլ ասացին՝ ՀԱՊԿ-ն է մեղավոր, ՀԱՊԿ-ը չօգնեց: Այսինքն օրվա իշխանությունը, որ ունի թիվ մեկ պատասխանատվությունը երկրի տարածքային ամբողջականությունն ապահովելու, իր քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանությունը կազմակերպելու համար, հրաժարվում է իր թիվ մեկ պատասխանատվությունից: Անընդհատ այդ մեղքը բարդում է մեկ ռուսների վրա, մեկ ղարաբաղիցների, մեկ ընդդիմության, նախկինների: Այսինքն բոլորը մեղավոր են այս շղթայի մեջ, բացի գլխավոր պատասխանատուից, ով ստանձնել է իշխանություն և այս ամենի համար պատասխանատու է»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, երբեմն հասարակության մեջ ուղղորդված քարոզչությամբ փորձում են տպավորություն ստեղծել, թե ելք չկա, հնարավորություն չկա, այն, ինչ կա, այդպես էլ պետք է լինի, մենք ինչ կարողանում անում ենք:

«Եթե իրենք ինչ կարողանում անում են և արդյունքում ունենք այն, ինչը կա, ուրեմն րոպե առաջ պետք է հեռանան, որովհետև իրենց գործունեության արդյունքում մենք շարունակում ենք ունենալ նոր կորուստներ, նոր զոհեր»:

Անդրադառնալով ռուս խաղաղապահներին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Իհարկե, ռուս խաղաղապահները պետք է ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը. «Բայց այստեղ պետք է հստակ արձանագրենք, որ Փաշինյան-Էրդողան-Ալիև բանակցությունները որևէ կերպ չեն կանխում Հայաստանի նկատմամբ որևէ ագրեսիան: Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի շուրջ կոչված բանակցությունները բերում են նոր պատերազմ, նոր զոհեր: Հետևաբար, պետք է այդ բանակցություններն առկախել, բանակցությունների միակ արդյունավետ ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն է, որտեղ կան միջազգային երաշխիքներ, այդ ֆորնմատը արդյունավետ աշխատել է»,-ընդգծեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը