Մեկնաբանություն

22.12.2022 11:02


Ալեն Սիմոնյանն ու Արտակ Բեգլարյանը միացան ադրբեջանական քարոզչամեքենային

Ալեն Սիմոնյանն ու Արտակ Բեգլարյանը միացան ադրբեջանական քարոզչամեքենային

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա էր դարձել ՄԱԿ–ի անվտանգության նիստում։ Ադրբեջանի ապօրինի ու հակամարդկային գործողությունները քննադատության արժանացան։ Բոլորն էլ պահանջում էին բացել միջանցքը, խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, դիվանագիտական ու քաղաքական գործիքակազմերով։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կոչ արեցին Ադրբեջանին բացել ճանապարհը՝ ամեն մեկն իր շեշտադրմամբ։

Գրեթե բոլոր երկրները՝ Չինաստանը, Ֆրանսիան և այլք, միջանցքի խնդրի կարգավորմանն անդրադառնալիս, հղում էին անում 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը՝ դրանով իսկ ընդունելով, որ Ռուսաստանն ունի գլխավոր դերակատարում հայ–ադրբեջանական հարաբերություններում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու պետությունների՝ ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի համեմատ մի փոքր այլ տոնայնություն ուներ Ռուսաստանի ներկայացուցչի խոսքը, ինչը հասկանալի է։ Ռուս խաղաղապահներն են Արցախում գտնվում, և եթե ՌԴ–ն շատ կոշտ արտահայտվեր Ադրբեջանի հասցեին, ապա արբիտրից կվերածվեր հակադրության կողմի, ինչը խնդիրներ կառաջացներ։ Ռուսաստանն, ի տարբերություն մյուս երկրների, գետնի վրա անմիջական պատասխանատվություն է կրում Արցախի ժողովրդի անվտանգության համար, և բնական է, որ այդ երկրի բառաֆոնդը պետք է այլ լինի։ Չհասկանալ այս ամենը, նշանակում է՝ ոչինչ չհասկանալ քաղաքականությունից։ Հասկանալ այս ամենը, բայց այդուհանդերձ բողոքել ռուսներից, նշանակում է՝ աշխատել թշնամու օգտին ու Արցախի դեմ։

Այո՛, ՌԴ գործողությունները կամ որոշ դեպքերում՝ անգործությունը շատ դեպքերում հարցեր են առաջացնում, բայց մենք այլընտրանք ունե՞նք։ Եթե մենք ունենայինք այլ տարբերակ, ապա կարելի էր մուննաթ գալ, բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն է հնարավորություն տվել Ադրբեջանին լկտիանալ։ Նիկոլն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս ու հիմա պահանջում է, որ ռուսներն ավելի հայ լինեն, քան հայերը, ավելի կոշտ լինեն Ադրբեջանի հանդեպ, քան ՀՀ կառավարությունը։

Ուշագրավն այն է, որ երեկ գրեթե նույն շեշտադրմամբ Ռուսաստանի դեմ քարոզչություն իրականացրեցին ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը և ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց շոու կազմերպող Արտակ Բեգլարյանը՝ Արցախի Հանրապետության նախկին պետնախարարը, ով Արցախում հայտնի է որպես սորոսական։ Երկուսին էլ չէր գոհացրել ՌԴ ներկայացուցչի խոսքը ՄԱԿ–ում, երկուսն էլ առաջին հայացքից տեղին էին մուննաթ գալիս, բայց երբ հաշվի ես առնում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ՌԴ դերակատարումը, ապա պարզ է դառնում, որ երկուսն էլ կամա թե ակամա միացել են ադրբեջանական քարոզչությանը, որի հիմնական թիրախները ՌԴ–ն ու Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներն են։

Վերջին օրերին առավել ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հարվածի ուղղությունը նույնն է՝ ՌԴ–ն։ Դա է պատճառը, որ նրանց քարոզչագործիքները, ՀՀ–ում բացահայտորեն գործող թուրքական 5–րդ շարասյունը նույն հակառուսական քարոզն են տանում, որպեսզի դուրս մղեն ռուս խաղաղապահներին Արցախից, ապա՝ Հայաստանից։ Այդ գիծը պաշտպանելու համար էր Երևան ժամանել բրիտանական հետախուզության թուրքամետ ղեկավարը։

Լաչինի միջանցքն իրականում Ալիևն ու Փաշինյանն են փակել։ Քննադատության թիրախը հենց նրանք պետք է լինեն։ Մյուս թիրախները կեղծ են։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը