Քաղաքական

20.12.2022 21:08


«Այս մարդկանցից ի՞նչ սպասես՝ կատվի հետ գիրք են կարդում, իսկ 120.000 արցախահայ գերության մեջ է». Աշոտ Սևյան

«Այս մարդկանցից ի՞նչ սպասես՝ կատվի հետ գիրք են կարդում, իսկ 120.000 արցախահայ գերության մեջ է». Աշոտ Սևյան

Ադրբեջանի դեկտեմբերի 12-ից փաստացի ցեղասպանություն է իրականացնում 120 հազար արցախահայերի նկատմամբ՝ նրանց պահելով շրջափակման մեջ։ Ադրբեջանը արդեն 9 օր է՝ փակ է պահում Լաչինի միջանցքը։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը Լաչինի միջանցքում տեղի ունեցողը, դրան նախորդած իրադարձություններն ու հետևանքներն այսպես գնահատեց.

«Աղավնոյի հանձնումը մեր վերջի սկիզբն էր։ Բոլորիս էլ պարզ էր, որ այդ ճանապարհը հանձնելուց հետո, թշնամին Արցախի գազն է անջատելու, հոսանքն է անջատելու։ Բայց մարդիկ հարց էին լուծում ու դրա արդյունքում տվեցին Բերձորը, գուցե տվողները բոլոր հետևանքները գիտակցել են, դրա համար էլ տվել են։

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես Հայաստանի իշխանությունների վրա հույս չեմ դնում։ Ինչ վերաբերում է 120 հազար արցախահայերին, ապա հստակ պետք է իմանալ, որ Հայաստանի իշխանությունների համար այդ մարդիկ չկան, գոյություն չունեն։ Նրանք 120 հազար հազար արցախցու Աղավնոյի հետ հանձնել են»։

Ազատամարտիկի խոսքով՝ ժամանակին հստակ ներկայացրել են այն քայլերը, որոնք իրականացնելու դեպքում, այժմ վիճակն այլ կլիներ, ասել են, որ առանց պայքարի խաղաղություն ու անվտանգություն չի լինելու, բայց որևէ մեկը չի լսել։

«Մինչև չդիմադրենք, մինչև պատերազմ չանենք, մեզ ոչ մեկը բանի տեղ չի դնելու։ Ճիշտ է, ցավալի է լինելու, կորուստներ ենք ունենալու, բայց հայրենիք ենք ունենալու, հող ենք ունենալու։ Հիմա սրանք չեն գիտակցում՝ հող չեն տալիս կյանք փրկելու համար, կյանք են տալիս հող փրկելու համար։ Սրանք հողը տալիս են, կյանքն էլ՝ հետը։

Հիմա ես իսկապես ելքը չեմ կարողանում տեսնել, որովհետև քաղաքական դաշտում ո՛չ ընդդիմություն եմ տեսնում, ո՛չ իշխանություն, ցավում եմ, բայց սա է իրողությունը»,-նշեց Աշոտ Սևյանը։

Նա ցավով ասաց, որ այսօր Հայաստանում ապրողների մեծ մասին Արցախն ու հայրենիքը չի մտահոգում, նրանք տոնածառի ու ամանորյա սեղանի հարցեր են լուծում։

«Մարդիկ չեն գիտակցում՝ ինչ է կատարվում, նրանց այդքան բթացրել են, մենք գիտենք՝ ինչպես ենք ապրում, վատ օրինակ բերեմ, բայց այդպես է՝ երբ անասուն են մորթում, խոտ են տալիս մորը, նա ուտելով նայում է, թե ինչպես են իր հորթին մորթում։ Սա ցավալի է, բայց փաստ։

Եթե այսպես շարունակվի, ապա լավագույն սցենարի դեպքում Հայաստանը դառնալու է թուրքական վիլայեթ, վատագույն սցենարի դեպքում՝ Արցախից մինչև Հայաստան կոտորելով գալու են, ու Հայաստանը վիլայեթի կարգավիճակ էլ չի ունենալու։ Մինչև զենք չվերցնեն, պատասխան չտան, ճնշելու են մինչև վերջ»,-հավելեց Աշոտ Սևյանը։

Ազատամարտիկի խոսքով՝ բոլորը նստած սպասում են, որ մի հերոս պետք է ծնվի ու երկիրը փրկի, ինչը խորը մոլորություն է։

«Ես միշտ ասել եմ, ժողովուրդ, հերոսները «Եռաբլուրում» են, հերոսի մի սպասեք, կանգնեք ձեզ պաշտպանեք։ Ամեն մարդ պիտի գիտակցի, որ վաղն իրենց դուռն էլ են գալու։ Սրանք ժողովրդին այնքան են դեգրադացրել, որ վաղը հրազդանցին կասի՝ ինչի՞ գնամ Ջերմուկի համար կռվեմ, երևանցին կասի՝ ինչի՞ գնամ Վարդենիսի համար կռվեմ։ Հանգած հրաբուխների վրա հույս դնելու փոխարեն՝ պետք է համախմբվել, որևէ մեկը մեր փոխարեն երկիր չի փրկելու։ Երբ թուրքը հասնի բոլորի դռանը, արդեն ուշ է լինելու»,-շեշտեց Աշոտ Սևյանը։

Ըստ նրա, արցախյան առաջին ազատամարտի ժամանակ ժողովուրդը կարողացավ համախմբվել՝ անհատից վերածվելով բանակի, կարողացավ հաղթանակ տանել, իսկ դրանից հետո մոռացավ այդպես շարունակել, ինչի արդյունքում էլ հայտնվեց այդ իրավիճակում։

«120 հազար արցախահայեր գերության մեջ են, ինչ է արել Հայաստանի իշխանությունը, վաղը նույնը լինելու է Ջերմուկում, Սյունիքում, Լենինականում (Գյումրիում), Մարտունիում՝ կրկին ոչինչ չեն անելու։ Այս մարդկանցից ի՞նչ սպասես։ Մեր «գերագույնի» կինը մի խոսք է ասել, կյանքում միակ ճիշտ խոսքը՝ տղաները զոհվել են հանուն ոչնչի ու շարունակում են զոհվել հանուն ոչնչի։ Այս մարդկանցից ի՞նչ սպասես՝ կատվի հետ գիրք են կարդում, իր քաղաքացիներից 120 հազար հոգի գերության մեջ են, նա Օսկար կատվի հետ գիրք է կարդում, ֆուտբոլ դիտում։ Գիտեմ, դժվար է կատվին տառաճանաչություն սովորեցնելը, բայց գուցե իրենց մոտ ստացվի»,-եզրափակեց Աշոտ Սևյանը։

Այս խորագրի վերջին նյութերը