Կարծիք

22.09.2011 18:06


Անկախությունը և մենք

Անկախությունը և մենք

Պետության համար քսան տարին ակնթարթ է, բայց չմոռանանք, որ լինում են շատ վճռորոշ ակնթարթներ: Պետության ստեղծման առաջին տարիները հենց այդպիսին են:

Պատմաբանների համար ևս պետության քսան տարին շատ չնչին ժամանակահատված է, բայց պատմաբաններն էլ են հասկանում, որ քսան տարի է լինում, որ վճռում է հարյուրամյակների ճակատագիրը: Մենք հիմա հպարտ ենք և ուրախանում ենք, որ մեր երկիրն արդեն քսան տարի է՝ անկախ է, բայց նաև պետք է հասկանանք, որ դեռ շատ քիչ բան ենք արել, որ մեր երկրի անկախությունը երբեք հարցականի տակ չդրվի:

Մենք ունենք մեծ ձեռքբերում՝ դա հենց անկախ պետությունն է, որի առկայությունն էլ թույլ տվեց հաղթանակի հասնել Արցախի ազատամարտում: Մենք ունենք բազմաթիվ այլ նվաճումներ ևս, բայց դեռ բազում խնդիրներ ունենք, որոնց զգալի մասը արհեստածին են, որոնց մի մասն էլ բնական են նորանկախ երկրների համար: Բայց մեր ամենամեծ խնդիրը անկախության արժեքը հասկացող մարդկանց սակավաթիվությունն է:

Մեր խնդիրներից ամենամեծը` արտագաղթը, այսքան մեծ ծավալներ չէր ընդունի, եթե ՀՀ քաղաքացին Հայաստանը համարեր իր տունը: Մենք անցած քսան տարում չկարողացանք անել այնպես, որ բնակչության գերակշիռ մասը հասկանա անկախության արժեքը, լինի պետականության կրողը:

Անկասկած՝ պատճառները շատ են, որ հայ մարդը խորությամբ չգիտակցի պետության, անկախ պետության արժեքը: Դեռ գորբաչովյան ժամանակներն էին, երբ մի զրույցի ժամանակ հայրս ասաց, թե մեր ժողովուրդը զարգացման ճանապարհները չանցնելով՝ արհեստական թռիչք է կատարել դեպի սոցիալիզմ, և ավելացրեց, թե առաջին իսկ դժվարության դեպքում բազմաբնակարան շենքում բնակվող երևանցին մանրատախտակը կհանի և կվառը փայտի վառարանում, որը դրված կլինի ութերորդ կամ հինգերորդ հարկում: Ես նեղսրտեցի, վիճեցի, սկսեցի ապացուցել, որ մենք ամենահին ազգն ենք և որ մենք այնքան քաղաքակիրթ ենք, որ երբեք նման բան չենք անի: Պետք էր տարիներ անցնեին, որ ես հասկանայի, թե հայրս ինչ էր ասում:

Երբ արդեն պարզ էր, որ Խորհրդային Միությունը փլուզվելու է, և մեր անկախությունն էլ գրթեթ անխուսափելի է, կրկին վիճեցի` այս անգամ տնտեսագիտության դասախոսիս հետ: Նա մեզ բացատրում էր, որ անկախությունը մեծ պատասխանատվություն է, քանի որ մեր ժողովուրդը կապիտալիզմ չի տեսել և ֆեոդալիզմից թռիչք է կատարել դեպի սոցիալիզմ: Նա ասում էր, որ սոցիալիզմից ազատ շուկայական հարաբերությունների անցնելը անխուսափելի է, բայց պնդում էր, թե պետությունն ամեն ինչ պետք է անի, որ անցումը դանդաղ լինի: Հետո ավելացրեց, որ եթե պետությունը սխալվի և ձեռքը ետ քաշի, ապա մեր ժողովուրդը արագ կվերդառնա իր անցյալին: Ես կրկին սկսեցի վիճել՝ փորձելով ապացուցել, որ քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած, հինգերորդ դարի սկզբից սեփական գիր ունեցող ժողովուրդը չի կարող վերադառնալ ֆեոդալիզմ: Նա մի փոքր լռեց և ավելացրեց. «Ես ասում եմ՝ եթե պետությունը թույլ լինի, ապա «Ռոսիա» կինոթատրոնի տեղում կրկին Ղանթարի շուկան տեղ կզբաղեցնի»: Կրկին պետք է տարիներ անցնեին, որ ես հասկանայի, թե որքան ճիշտ էին իմ հայրն ու դասախոսը: Երևանցիները շատ արագ և գրեթե առանց բարդույթների սկսեցին տներում վառարան դնել և վառել իրենց ու հիմնարկների մանրատախտակները, թալանեցին կաթսայատները, իսկ «Ռոսիա» կինոթատրոնը և ընդհանրապես գրեթե ողջ կենտրոնը վերածվեց մի հսկայական արևելյան շուկայի:

Բնականաբր, այս վիճակում անչափ դժվար է մարդուն բացատրել, հասկացնել, թե ինչ է անկախ պետությունը: Շատերի համար այսօր գերագույն արժեքը փողն է: Մեր ժողովրդի մի զգալի հատվածի համար կյանքի նպատակը բացառապես շատ փող ունենալն է: Ընդ որում, այսպես են մտածում նաև նրանք, ովքեր այսօր պետության ղեկին են: Նրանք, ովքեր ղեկավարեցին մեր երկիրը, կա՛մ ժամանակ, կա՛մ ցանկություն չունեցան դնելու այն հիմքերը, որի վրա կարելի էր ժամանակակից և զարգացած պետություն կառուցել: Եվ ունեցանք այն, ինչ ունենք:

Բարեբախտաբար՝ անկախությունը մեզ թույլ տվեց, ինչպես իր շնորհավորական ուղերձում նշել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, վերականգնել կապը պատմության հետ: Մեր ժողովրդի գոնե մի մասը դեռ կրողն է այն գեների, որոնք ձևավորվել են այն ժամանակներում, երբ մենք բավական լուրջ և հզոր պետություն ենք ունեցել: Այլ կերպ ասած՝ մենք դեռ ներուժ ունենք նորմալ և արժանապատիվ պետություն կառուցելու: Ավելին՝ անցած քսան տարիներին մեծացավ մի սերունդ, որը չի տեսել խորհրդային երկիրը և չի էլ պատկերացնում, թե ինչպես կարելի էր ապրել այլ պետության կազմում, կամ ինչպես կարող է Արցախը այլ երկրի մասնիկ լինել: Այնպես որ, Աստված մեզ ևս մի հնարավորություն է տվել, և մենք պետք է ապացուցենք, որ կարող ենք նորմալ երկիր կառուցել:

Շատ ենք ասել և գրել, բայց մեկ անգամ ևս շեշտենք, որ այն համակարգը, որն սկսեց ձևավորվել 1995թ. խորհրդարանական ընտրություններից հետո, ոչ միայն իրեն սպառել է, այլև վտանգ է ներկայացնում մեր պետության համար: Եվ երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե սա այն Հայաստանն է, որին չի կարելի խաբել, վախեցնել կամ շանտաժի ենթարկել, ապա լավ կլիներ, եթե նա ընդուներ և ասեր, թե չի կարելի խաբել, վախեցնել կամ շանտաժի ենթարկել ՀՀ քաղաքացուն: Մենք պետք է հասնենք նրան, որ պետության ղեկավարման ղեկից հազարավոր կիլոմետրերով հեռու մնան նրանք, ովքեր կարծում են, թե ընտրակեղծիքով զբաղվելը, ժողովրդին կեղեքելն ու շանտաժի ենթարկելը շատ նորմալ գործ է:

Մեզ, մեր պետությանն անհրաժեշտ է թարմ օդ, թարմ թթվածին: Սկսենք նրանից, որ հարգենք հայ մարդուն և հարգենք ընտրության նրա արդյունքը: Հետո հասկանանք, որ ո՛չ նախագահական, ո՛չ էլ կիսանախագահական համակարգով մենք չենք կարող տեղից պոկվել, այլ շարունակ կխրվենք ճահճի մեջ: Պարզ է, որ պետք է ձևավորենք խորհրդարանական համակարգ և տնտեսությունն ազատենք մենաշնորհներից, հանցավոր չինովնիկներից։

Եթե մեր կողքին շարունակեն ապրել մարդիկ, ովքեր կմտածեն, թե որևէ գյուղ, քաղաք կամ մարզ իրենց սեփականությունն է, ապա մենք առաջընթացի մասին կարող ենք մոռանալ:

Մենք պետք է ընտրենք, թե ուր ենք գնում՝ դեպի մի երկիր, որը նման կլինի Բելգիային կամ Հարավային Կորեայի՞ն, թե՞ կառուցում ենք մի պետությունանման տարածք, որը նման կլինի Սոմալիին կամ Մյանմային:

Հիմա եկել է ընտրություն կատարելու պահը: Հետո մենք այդ հնարավորությունը չենք էլ ունենա:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը