Քաղաքական

10.12.2022 13:23

ՌԴ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը. Դենիս Գոնչար

ՌԴ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը. Դենիս Գոնչար

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, այդ թվում ՝ Ռուսաստանի տարածքում բարձր մակարդակով համապատասխան եռակողմ հանդիպումների կազմակերպման միջոցով։ Երկու կողմերի համար չափազանց զգայուն այդ գործընթացները պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում»,-ասել է դիվանագետը։

Նրա խոսքով ՝ բանակցությունների մանրամասների հրապարակումը, կամ մամուլում կողմերի դիրքորոշումների քննարկումը միշտ չէ, որ օգուտ են տալիս գործընթացին:

«Մենք նաև պատրաստում ենք երկու երկրների հասարակությունների և փորձագիտական համայնքների հանդիպումները։ Համատեղ ջանքերի այս կարևոր ուղղությունը կոչված է՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության մթնոլորտի ձևավորմանը»,-հավելել է Գոնչարը։

Նրա խոսքով՝, այդ գործընթացում իր ներդրումը կարող է ունենալ նաև եռակողմ միջխորհրդարանական երկխոսությունը, որի մեկնարկի նախաձեռնությունն աջակցություն է ստացել Սոչիի գագաթնաժողովում:

«Համապատասխան հանդիպումների անցկացման ժամկետների մասին կհայտարարվի ժամանակին»,-հավելել է նա:

Գոնչարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանմանը, որոնք Սոչիի հիշյալ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության հետ միասին ձևավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը։

«Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային դերը դրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Դա հատկապես նշել են երեք երկրների առաջնորդները Սոչիի գագաթնաժողովում և ընդգծել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված մեր խաղաղապահների ջանքերի պահանջվածությունը»,-հավելել է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, դիվանագետը նշել է, որ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ:

«Առարկայական քննարկվել են երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և երեք երկրների միջև և տարածաշրջանում փոխադրումների կազմակերպման հարցերը։ Հայկական և ադրբեջանական կողմերը նշել են Ռուսաստանի դրական դերը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ջանքերում»,-նշել է Գոնչարը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։