Մեկնաբանություն

04.12.2022 22:00


Քանի մասից է կազմված «Քաղաքացիական պայմանագիրը»

Քանի մասից է կազմված «Քաղաքացիական պայմանագիրը»

Ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության ընդդիմության առաջարկած նախագիծը մերժվեց «Քաղաքացիական պայմանագրի» կողմից։ Ավելի ճիշտ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կատարեց Նիկոլ Փաշինյանի հրահանգը և տապալեց Ադրբեջանին պատասխանելու գործընթացը։

Նիկոլի ՔՊ–ն դեմ էր նախաձեռնությանը հետևյալ պատճառաբանությամբ․

–չէին ուզում օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն ձևակերպումները․ նրանք վախենում են «հանրապետություն» բառից,

–չէին ուզում Թուրքիայի հասցեին որևէ թթու խոսք ասել և ֆիքսել մի բան, որի մասին իրենք էլ են որոշ ժամանակ առաջ խոսել,

–չէին ուզում, որ խոսվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին,

–դեմ էին «Շուշիի հռչակագրի» դատապարտմանը,

–դեմ էին Ղարաբաղն Ադրբեջանի մաս չհամարելուն։

Դատելով ՔՊ–ականների ելույթներից ու ընդհանուր վարքագծից՝ այդ խմբակցությունը բաղկացած է 5 մասից։

ՔՊ–ում կան Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր նախապայմանները բավարարելու և Ղարաբաղից որպես բեռ ձերբազատվելու կողմնակիցներ։ Սրանց կարելի է համարել ՔՊ–ի սորոսաթուրքական թևը։ Այդ թևի վառ ներկայացուցիչներից են Մարիա Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Ռուբեն Ռուբինյանը։

ՔՊ–ում կան պոտենցիալ «պերեբեժչիկներ», որոնք հարմար առիթի դեպքում կթռնեն ՔՊ–ից։ Դա ակնհայտ դարձավ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։

ՔՊ–ում կան Նիկոլ Փաշինյանի թուրքական գիծը չընդունողներ։ Նրանք հիմնականում չեն խոսում։

ՔՊ–ում կա նաև տեսակետ չունեցողների մեծ խումբ, որը բառիս բուն իմաստով ուսապարկային է․ որ կողմ քշեն, այն կողմ էլ կգնա։

Եվ վերջապես ՔՊ–ում կան Նիկոլի նեղ շրջապատի մարդիկ՝ աներձագի գլխավորությամբ, որոնք Նիկոլի հետ են ոչ թե գաղափարապես, այլ անձնական շահով պայմանավորված։ Սրանց համար միևնույն է, թե ինչ քաղաքականություն է վարում Նիկոլը։ Իրենք աթոռին են հավատարիմ ու հասկանում են, որ Նիկոլի գնալով իրենց թռիչքաձև կարիերան ավարտվում է։

Այս պահին կարող ենք արձանագրել, որ ՔՊ–ում դոմինանտայինը սորոսաթուրքական թևն է, քանզի Նիկոլը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս ու բնական է, որ մարիակարապետյաններն են տոն տվող դառնում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը