Մեկնաբանություն

02.12.2022 01:16


Ալեն Սիմոնյանը՝ հեղափոխության կատարում

Ալեն Սիմոնյանը՝ հեղափոխության կատարում

ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը մեկնել է Կատար՝ ֆուտբոլի խաղերը դիտելու։ Մինչև մեկնելը նա տարածել է, որ մեկնել է հրավիրող կողմի հաշվին (բաց է մնում այն հարցը, թե ում հաշվին է Ալենի կինը մեկնել Կատար), բայց դե հասկանալի չի դառնում, թե ինչու է ախպերությանն էլ ՀՀ պետբյուջեի հաշվին իր հետ տարել Կատար (նրա հետ ֆուտբոլային վոյաժների մեջ են նաև ԱԺ երկու աշխատակից)։

Լրահոսից պարզ է դառնում, որ Ալենը, գրեթե ֆուտբոլային հագուկապով, ձեռքի հետ մտել է նաև Կատարի խորհրդարան։ Ակնհայտորեն՝ զբոսաշրջիկի կարգավիճակով։

Ալեն Սիմոնյանն, իհարկե, կարող էր մերժել հրավերը՝ շնորհակալություն հայտնելով ու հիմնավորելով, որ ՀՀ–ն նոր պատերազմից հինգ պակաս է, ուստի ինքը չի կարող գալ։ Բայց Ալենը չի մերժել հրավերը, քանզի «թավշա» հեղափոխությունը հենց դրա համար է տեղի ունեցել։

Ալեն Սիմոնյանը նիկոլենց թիմի ամենաանկեղծ մարդկանցից է։ Նա չի թաքցնում, որ իրենց բուն նպատակը կապիտալ կուտակելն ու աշխարհով մեկ ման գալն է։ Ջհանդամ, թե անթաղ մարմիններ կան, թշնամին մեր տարածք է մտել, պատերազմում հազարավոր զոհեր ենք տվել, Արցախը կորցրել է պետականությունը։

Ալենը հասել է հեղափոխության գագաթին՝ կատարին։ Նա մարմնավորում է նիկոլենց այլասերվածությունը, գռեհիկությունը, գեղցիությունը, երեսպաշտությունը, չտեսությունը։

Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում հանդիպում է գերիների ու զոհերի հարազատներին, ասում, որ գիշերները չի քնում, միայն նրանց մասին է մտածում ու հաջորդ օրը մեկնում է հունական Միկոնոս կղզի՝ տժժալու։

Ադրբեջանը ամիսներ անց հանձնել է մեր 13 զինվորի մարմին, նրանք դեռ նույնականացված չեն։ Լրահոսում իրար կողք են հաայտնվում «Ադրբեջանը հանձնել է սեպտեմբերի 14–ից մարտի դաշտում մնացած 13 զինվորի աճյուն» և «Ալեն Սիմոնյանը մեկնում է Կատար՝ ֆուտբոլ նայելու» վերնագրերը։ Սա նիկոլական Հայաստանի իրական պատկերն է, որտեղ «հպարտ» որակված քաղաքացուն վերապահված է զոհվելը, տանջվելը, առողջություն կորցնելը, գների աճի տակ ճկռելը, իսկ քայլարածներին՝ կայֆերը, փող աշխատելը, շրջագայելը։

Նիկոլը սիրում է բոլորին, հպարտանում բոլորով ու խոնարհվում բոլորի առաջ, իսկ Ալենը շատ պատկերավոր ցույց է տալիս, թե ինչպես է դա տեղի ունենում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը