Քաղաքական

20.09.2011 14:02


ՀԱԿ–ն այնքա՜ն հաճախ է ասել՝ մնաց երկու օր, 32 օր, 10 օր, մի շաբաթից կգնան...

ՀԱԿ–ն այնքա՜ն հաճախ է ասել՝ մնաց երկու օր, 32 օր, 10 օր, մի շաբաթից կգնան...

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ քաղաքական դաշտում այսօր  սկզբունքայնություն չկա։

–Ելնելով իշխանության վերաբերմունքից՝ քաղաքական միավորները ձևավորում են իրենց գործընթացները։ Մե՛կ ընկնում են իշխանության գիրկը, մե՛կ խոսում են կառուցողական, մե՛կ արմատական ընդդիմության մասին, ի վերջո, ժողովուրդը պետք է հասկանա՝ ով չի դավաճանում իր սկզբունքներին, իսկ մենք մի անգամ լսում ենք մոնղոլ–թաթարներ, հետո լսում ենք, թե արմատական չեն, կառուցողական են, իսկ հետո վերադառնում են նույն դիրքերին,–ասել է նա։

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ ԺԿ–ն առաջին իսկ օրվանից չի դավաճանել իր սկզբունքներին, և համարում է, որ հենց ԺԿ–ն է արմատական և սկզբունքային։

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ–ի այն հայտարարությանը, թե եթե իշխանությունները մինչև սեպտեմբերի վերջ ազատ չարձակեն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, ապա իրենք ծայրահեղ միջոցների կդիմեն, նա ասել է, որ դժվար է դրան հավատալ։

ՀԱԿ–ն այնքան հաճախ է ասել՝ մնաց երկու օր, 32 օր, 10 օր, մի շաբաթից կգնան, այնքան է ասել, որ մի քիչ  դժվար է հավատալ, որ որևէ բան կանի վճռական ձևով։ Եթե անի, շատ լավ կլինի,–ասել է նա։

Հարցին, թե կմիանա՞ ՀԱԿ–ին ԺԿ–ն, եթե ՀԱԿ–ը դա անի, Տիգրան Կարապետյանն ասել է. «Եթե վճռական քայլ անի ու  տանի  իշխանափոխության, ապա ինչո՞ւ չէ»։

Անդրադառնալով քաղաքական դաշտի առաջիկա վերադասավորումներին՝ նա նշել է, որ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն այսօր պայքարում են երկրորդ տեղի համար։

–Քաղաքական ուժերը Հայաստանում շատ տարբեր են և չեն կարող միավորվել,–ընդգծել է  Տիգրան Կարապետյանը։

Ըստ նրա՝ 2012–ի խորհրդարանական ընտրություններին ԺԿ–ն մասնակցելու է ազգային ճակատով։

–Արդեն 10 ՀԿ և տարբեր միավորումներ միացել են մեր ազգային ճակատին։ Սեպտեմբերի 23–ին՝ ժամը 16։00–ին, կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա մեր համաժողովը, իսկ հոկտեմբերի 14–ին նախատեսում ենք հանրահավաք,–ասել  է նա։

Տիգրան Կարապետյանն անդրադարձել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ նշելով, որ չնայած նա ավելի  դրական կերպար է, քան Գարեգին Ազարյանը, բայց չի կարողանա ինքնուրույն գործել. նա ևս պետք է կատարի համակարգի թելադրած պահանջները:

Հարցին՝ եթե չի հավատում, որ ընտրություններն արդար կանցնեն, ինչո՞ւ է ԺԿ–ն պատրաստվում մասնակցել 2012–ի խորհրդարանական ընտրություններին, Տիգրան Կարապետյանը պատասխանել է, որ իրենք մասնակցելու են, որպեսզի  ժողովուրդն ունենա այլընտրանք, այլ ոչ թե ընտրություն կատարվի ներկա և նախկին իշխանություններրի միջև։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը