Լրահոս

20.09.2011 12:54


ՀՀԿ փոխնախագահ. «Ես չգիտեմ մի որևէ հանրահավաք, որից առաջ չասեն, որ այս հանրահավաքը վճռորոշ է լինելու»

ՀՀԿ փոխնախագահ. «Ես չգիտեմ մի որևէ հանրահավաք, որից առաջ չասեն, որ այս հանրահավաքը վճռորոշ է լինելու»

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե սեպտեմբերի 23–ի ՀԱԿ հանրահավաքը վճռորոշ է լինելու, ասել է.

–Ես չգիտեմ մի որևէ հանրահավաք, որից առաջ չասեն, որ այս հանրահավաքը վճռորոշ է լինելու։ Այդ վճռորոշ հանրահավաքների շարքն արդեն քանի տարի մենք գիտենք։

Խոսելով երկխոսության մասին՝ Ռ. Զոհրաբյանը նշել է, որ երկխոսությունն առկախվել է, սակայն չի ավարտվել։

–Կարծում եմ՝ այդ հանրահավաքները երկխոսության շարունակությունն են այլ վայրում, այսինքն՝ ոչ թե կլոր սեղանի շուրջ, այլ Ազատության հրապարակում,–նկատել է ՀՀԿ փոխնախագահը։

Բանախոսը կարծում է, որ այսօր մենք քաղում ենք երկխոսության պտուղները, քանի որ այս երկխոսության ընթացքում որևէ ընդհարում չեղավ։ Նրա խոսքերով՝ այս երկխոսությունը նրանք տանելու են խորհրդարանական, այնուհետև նախագահական ընտրություններ։

Մենք կողմ ենք ՀԱԿ–ի բոլոր պահանջներին, բայց ամեն ինչ ժամանակին, այսինքն՝ կգա մայիսը, կլինեն խորհրդարանական ընտրություններ, կգա 2013–ի փետրվարը, կլինեն նախագահական ընտրություններ,–ընդգծել է նա։

Հարցին՝ ՀԱԿ–ը ռեսուրսներ ունի՞ իրավիճակը սրացման տանելու համար, բանախոսը պատասխանել է.

–Ես անընդհատ ՀԱԿ–ից լսում եմ «ջրբաժան» արտահայտությունը, բայց չեմ կարող հասկանալ՝ ինչ է դա նշանակում։ ՀԱԿ–ը կարող է գնալ թեթևակի սրացումների, ինչպես, օրինակ, նստացույցերի, բայց ոչ մարտի 1–ի ճանապարհով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը