Կարծիք

19.09.2011 18:45


Անկախությունը և մարդկանց տխուր հայացքները

Անկախությունը և մարդկանց տխուր հայացքները

Հայաստանը նշում է անկախության 20-րդ տարեդարձը: Շատ տրամաբանական կլիներ, եթե մարդկանց դեմքերին ժպիտ և ուրախություն լիներ, բայց այդպիսի դեմքեր, ցավոք, հաճախ չես հանդիպի: Ոմանք կասեն, որ գրեթե հնարավոր չէ Երևանի կամ երկրի այլ բնակավայրերում ժպտացող մարդու հանդիպել: Պատճառն այն չէ, որ մեր համերկրացիները դժգոհ են, որ Հայաստանն անկախացել է: Տխրության և ժպիտների բացակայությունն այլ պատճառ և բացատրություն ունի: Անշուշտ, մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք, ալարելով մի փոքր մտածել, կարծում են՝ իրենց ձախորդությունների, վատ կյանքի և առկա խնդիրների պատճառը հենց անկախությունն է: Նրանք, չգիտես՝ ինչու, չեն էլ ստիպում իրենց մտածել, որ Էստոնիան, Լիտվան, Հունգարիան կամ Սլովակիան ևս անկախ երկրներ են, և մեծ արագությամբ շարունակում են զարգանալ, իսկ բնակչության կենսամակարդակն էլ շարունակում է աճել:

Մեր երկրում անկախությունից դժգոհ և իրենց խնդիրներն անկախության հետ կապող մարդկանց առկայության մեղավորն իշխանություններն են, որոնք մատը մատին չխփեցին, որ հայ մարդն իսկապես հպարտանա իր անկախ պետությունով, և հասկանա, որ եթե խնդիրներ կան, ապա դրա մեղավորը ոչ թե անկախ պետականությունն է, այլ վատ կառավարությունը, չգործող օրենքները կամ արտաքին որոշ գործոններ:

Վատ իշխանություններին ձեռնտու է, որ մարդը մտածի, թե ով էլ գա իշխանության, նույնն է լինելու: Այս դեպքում վատ պաշտոնյան հարմարավետ տեղավորվում է իր աթոռին և շարունակում իր, մեղմ ասած, վատ և երկրին վնաս պատճառող գործունեությունը: Երբ իշխում է այն կարծիքը, թե սրանք արդեն կշտացած կլինեն, և չպետք է թույլ տալ, որ նորերը գան ու թալանեն, ապա գործող վատ իշխանություններն իրենց գրեթե երջանիկ են զգում:

Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ամեն ինչ արեց, որ ՀՀ քաղաքացին թևաթափ լինի: Նա մոտ տաս տարի առաջ ասում էր, թե հաստատ լավ չեք ապրի, քանի դեռ չի լուծվել ԼՂ հիմնախնդիրը, իսկ մոտ մեկ տարի առաջ էլ շեշտեց, որ ով էլ գա իշխանության, երկրում դրական փոփոխություններ չեն լինի, քանի որ լուծված չէ ԼՂ խնդիրը: Եթե սրան գումարենք գործող իշխանությունների՝ մարդու դեմ ուղղված գործողությունները, ապա պարզ կդառնա՝ ինչու է լայն թափ ստացել արտագաղթը, և ինչու հայ մարդը չի ուրախանում, երբ նշվում է Անկախության տոնը:

Հիմա միջին ՀՀ քաղաքացուց ինչո՞ւ ենք պահանջում ուրախանալ, երբ կառավարությունն ամեն օր նոր խնդիրներ է ստեղծում, իսկ ընդդիմության ներկայացուցիչներից մեկն էլ, ծառի վրա նստած, սոված ագռավի նման տեղի–անտեղի կրկնում է՝ ՀՀ քաղաքացի՛, դու լավ չես ապրելու, քանի դեռ լուծված չէ ԼՂ հարցը: Այսքանից հետո դեռ հայ մարդուց էլ նեղանում ենք, որ ուրախությունից գլուխը կորցրած փողոցներում չի պարում:

Վերջին մեկ տարում մոտ 500 տնտեսվարող ստիպված է եղել փակել իր գործը: Նրանց մի մասն ընտանիքներով հեռացել է Հայաստանից: Հիմա նրանց ինչպե՞ս ստիպենք հպարտանալ անկախությունով: Տասնյակ հազարավոր մարդիկ զրկված են արժանապատիվ աշխատանք գտնելու հնարավորությունից: Եվ հավատացե՛ք՝ այս մարդկանց դժվար է համոզել, որ Անկախության տոնին պետք է մի լավ ուրախանալ: Փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք մի պահ արդեն ուզում էին բարձրացնել իրենց մեջքը, ծանր հարված ստացան՝ զրկվելով պարզեցված հարկից: Հիմա այս մարդկանց դժվար է բացատրել, որ այս օրերին պետք է ուրախ լինեն: Ինչպե՞ս պահանջենք հայ գյուղացուց ուրախ լինել, եթե նա չարչարանքով աճեցրած և մշակած բերքը ստիպված է լինում հանձնել տեղական իշխանիկի, քանի որ հասկանում է, որ դիմադրելու դեպքում օրվա հացից էլ կզրկվի:

Դժվար է ստիպել ուրախանալ դպրոցականների ծնողներին, որոնք ամեն օր բախվում են կրթական համակարգի խայտառակ իրավիճակին: Տխուր են նաև ուսուցիչները, որոնք վախից, թե ինչից դպրոցներում անկախությանը նվիրված հանդեսներ են անում, տնօրենների մոտ ժպտում, իսկ հետո դժգոհում իրենց կյանքից էլ, անկախությունից էլ, քանի որ իրոք դժվար է ուրախանալ այն երկրի անկախության համար, որի ուսուցչին նվաստացնում են՝ ստիպելով մասնակցել ընտրակեղծիքներին, իսկ հետո հանդուրժել ցինիկ երեխաների արարքները:

Նույնը կարելի է ասել դասախոսների մասին, որոնք իրենք իրենցից են զզվում, քանի որ մեկ–մեկ ստիպված են լինում չսովորող ուսանողներից փող վերցնել, քանի որ նրանց սիրտը տրաքում է, երբ տեսնում են՝ ինչպես է ինչ–որ դեբիլ ուսանող առավոտյան համալսարան գալիս տասնյակ հազարավոր դոլար արժեցող ավտոմեքենայով:

Գործող իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Անկախության օրը լիաթոք չուրախանան նաև միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ամեն օր ստիպված կքում են կառավարության արկածախնդիր քաղաքականության ծանրության տակ:

Այս թվարկումը կարող ենք շարունակել և շարունակել: Սակայն այս ամենից մի հետևություն պետք է անել՝ մեզ պետք է օր առաջ ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, որոնց թվում է՝ իրենք պարտավոր են կոռուպցիան արմատավորել և ապրել անաշխատ եկամուտով և ամեն ինչ անել, որ բիզնեսի ներկայացուցիչները ստիպված լինեն աշխատել ստվերում:

Մենք քաղաքական դաշտը պետք է մաքրենք այն գործիչներից, որոնք զբաղված են ժողովրդի աչքը վախեցնելով և անկեղծ չեն ժողովրդի հետ: Կարճ ասած՝ մեզ պետք է արմատապես փոխել քաղաքական դաշտը և ձևավորել այնպիսի իշխանություն, որը կարտահայտի հենց երկրի և ժողովրդի շահերը:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը