Քաղաքական

19.11.2022 10:06


«Նպատակը Արցախի հայաթափումն է. ինչպես կարելի է «խաղաղության պայմանագիր» կնքել մի երկրի հետ, որի բանակը կրակում է խաղաղ բնակչության վրա». Հացիի համայնքապետ

«Նպատակը Արցախի հայաթափումն է. ինչպես կարելի է «խաղաղության պայմանագիր» կնքել մի երկրի հետ, որի բանակը կրակում է խաղաղ բնակչության վրա». Հացիի համայնքապետ

Ադրբեջանը վերջին շաբաթվա ընթացքում արդեն մի քանի անգամ սադրանքների է դիմում՝ Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի, դաշտում աշխատող բնակիչների ուղղությամբ կրակ արձակելով։

Հերթական սադրանքին ադրբեջանական զինված ուժերը դիմել են Մարտունու շրջանի Հացի գյուղի ուղղությամբ: «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել նույն գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանի ուղղությամբ։ Կրակել են գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքից:

Տրակտորը վնասվել է, քաղաքացիական անձինք չեն տուժել։

168.am-ի հետ զրույցում Հացիի համայնքապետ Սանթուր Սարգսյանն ասաց, որ տվյալ պահին գյուղում իրավիճակը նորմալ է, դեպքը ռուս խաղաղապահների ներկայությամբ չի տեղի ունեցել։

«Տրակտորը Հացիի վարչական համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, դեպքից հետո են ռուս խաղաղապահները եկել։ Այս պահին դեռևս գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվում։ Բանակցություններ են տարվում աշխատանքները վերսկսելու համար»,-նշեց Սանթուր Սարգսյանը։

Համայնքապետն իր հստակ կարծիքն ունի, թե ինչ նպատակ է հետապնդում թշնամին հատկապես գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող խաղաղ բնակչության նկատմամբ սադրիչ գործողություններ կիրառելով, կրակ արձակելով.

«Այս ամենի նպատակը Արցախի հայաթափումն է ամեն գնով։ Եվ ինչպես կարելի է «խաղաղության պայմանագիր» կնքել մի երկրի հետ, որի բանակը կրակում է անգամ անզեն խաղաղ բնակչության վրա»,-շեշտեց Սանթուր Սարգսյանը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ելքը ո՞րն է, ի՞նչ անի ՀՀ ու Արցախի քաղաքացին՝ Արցախի հայկականությունը պահպանելու համար, առհասարակ «խաղաղության պայմանագիրը» խաղաղություն խոստանո՞ւմ է, համայնքապետը պատասխանեց.

«Շարքային քաղաքացիներից կախված է այն, որ նրանք շարունակեն ապրել ու արարել Արցախում։ Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա կարծում եմ՝ պարտված կարգավիճակով նստել բանակցությունների սեղանին և ստորագրել «խաղաղության պայմանագիր»՝ լավ բանի չի բերելու։

Թեպետ անորոշ իրավիճակ է, բայց Արցախի ժողովուրդը շարունակում է ապրել իր հայրենի հողում ու շարունակել առօրյա աշխատանքները։ Ուղղակի շատ վատ է, որ ժամանակ առ ժամանակ մեզ խանգարում են»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Հացիից շատ քիչ տարածքներ մնացել են թշնամու հսկողության տակ, սակայն տարածքների մեծ մասը՝ հատկապես վարելահողերն ու արոտավայրերը, թշնամու նշանառության տակ, սահմանին շատ մոտ են։

«Սա է պատճառը, որ վարելահողերի մեծ մասը չի մշակվում, եթե նման դեպքեր էլ լինում են՝ չմշակվող տարածքները բնականաբար ավելի մեծ տոկոս կկազմեն։ Պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որ նման դեպքերը բացառվեն, գուցե խաղաղապահների տեղակայման վայրերն ավելի շատացնեն»,-եզրափակեց Սանթուր Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը