Մեկնաբանություն

17.11.2022 14:47


Ֆրանսիայի սենատը բացահայտեց Փաշինյանի հերթական սուտը

Ֆրանսիայի սենատը բացահայտեց Փաշինյանի հերթական սուտը

Ինչպես հայտի է, Ֆրանսիայի սենատը Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել։

Սենատի որոշման մեջ մասնավորապես շեշտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին։ Սա շատ ուշագրավ ձևակերպում է ոչ միայն ու ոչ այնքան այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի Սենատը խոսում է Արցախի ճանաչման մասին, որքան այն պատճառով, որ փաստացի բռնվում է Նիկոլ Փաշինյանի սուտը։

Նիկոլը պատերազմ ու պարտություն բերեց։ Եվ ահա իր ապահոված խայտառակ արդյունքներն արդարացնելու և ապագա է՛լ ավելի խայտառակ արդյունքները «հիմնավորելու» համար նա հայտարարեց, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողը և ինքը համաձայն է դրա հետ։

Նիկոլը ստում էր և ստում է։ Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ եռանախագահողները չէին պահանջել իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Նման պահանջ դրել են Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրքիան Հայաստանի կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցմանը հարցը դրել է որպես նախապայման։ Նիկոլն այդ նախապայմանն ընդունել է, որից հետո է միայն սկսել հայ–թուրքական շփման գործընթացը։

ԱՄՆ–ը մինչև այդ որևէ կերպ չէր պահանջում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել։ ԱՄՆ դիրքորոշումը փոխվեց, երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց Վաշինգտոնյան պլանին, համաձայն որի Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս։ Ալիևն Աստանայում հայտարարեց, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Նիկոլը ոչ միայն դրան չհակադարձեց, այլ դրանից հետո Հայաստանում է՛լ ավելի ագրեսիվ ձևով քարոզեց՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»։ Ասել է թե՝ ամերիկացիները, որոնց թիրախը ՌԴ–ն ու Իրանն են, Նիկոլի ու թուրքերի համաձայնության պատճառով հրապարակավ խոսեցին այն մասին, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Ինչ մնում է համանախագահող մյուս երկրներին, ապա ՌԴ նախագահ Պուտինի ակտիվ միջամտությամբ առժամանակ «ջրվեց» Վաշինգոտնյան պլանը, այսինքն՝ անուղղակիորեն ՌՆ–ն էլ ընդունեց, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դե իսկ Ֆրանսիայի սենատը փչացրեց Նիկոլին, ով հայտարարում էր, որ աշխարհում չկա մի երկիր, որը կողմ լինի Արցախն Ադրբեջանից դուրս տեսնելուն։ Սենատը բացահայտեց Նիկոլի հերթական սուտը և ապացուցեց, որ նա ի՛ր որոշմամբ է ուզում հանձնել Ղարաբաղը, որպեսզի, իբր, Հայաստանում խաղաղություն բերի, իրականում՝ սպասարկի թուրք–ադրբեջանական օրակարգը։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․։ Ֆրանսիայի սենատի որոշումը ոչ միայն Ալիևի, այլ նաև Նիկոլի սրտով չէ։ Դա է պատճառը, որ պաշտոնական Երևանը գոնե ցածրաձայն չի անդրադարձել Սենատի որոշմանը։

Այս խորագրի վերջին նյութերը