Քաղաքական

16.11.2022 16:21


Ադրբեջանցի զինվորականներն այգիներ են մտնում. Արցախի ՄԻՊ-ն ամփոփել է խախտումները

Ադրբեջանցի զինվորականներն այգիներ են մտնում. Արցախի ՄԻՊ-ն ամփոփել է խախտումները

2020 թվականի նոյեմբերի 10-ից 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական)։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ամփոփելով 2020-2022թթ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ու Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտումները։

Ադրբեջանի կողմից սպանության փորձի է ենթարկվել 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):

«Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել է բռնության, խոշտանգման բացահայտ հետքերով, կոտրվածքներով։ Հայկական կողմին վերադարձված նշված անձանցից մեկը` Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Արտակ Մանասյանը (1989թ. ծնված) ընդամենը ամիսներ անց մահացել է»,–գրել է Ստեփանյանը։

Բացի այդ, թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Միաժամանակ, պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում և օգտագործվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։

Ըստ Ստեփանյանի` բացահայտ խոչընդոտվում են շփման գծի հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները։ Ադրբեջանցի զինվորականները երբեմն անմիջապես այգիներ են մտնում և զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն:

Արցախի ՄԻՊ–ը նշում է, որ, ի հեճուկս միջազգային տարբեր կառույցների կոչերի և հայտարարությունների, հրադադարի հաստատումից հետո բաց աղբյուրների մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր–մշակութային արժեքների, գերեզմանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման և պղծման հարյուրից ավելի դեպքեր։ Բացի այդ, Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը։

Այս բոլոր գործողությունները, ըստ Ստեփանյանի, Արցախի էթնիկ զտման և Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը