Կարծիք

15.11.2022 15:50


Մեհրիբան Ալիևայի քայլը ցույց է տալիս, թե ինչ իրական «խաղաղության» պայմանագիր է ցանկանում Ադրբեջանը Հայաստանի հետ

Մեհրիբան Ալիևայի քայլը ցույց է տալիս, թե ինչ իրական «խաղաղության» պայմանագիր է ցանկանում Ադրբեջանը Հայաստանի հետ

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ դադարեցնելու ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) բարի կամքի դեսպանի գործունեությունը:

Նամակում ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության զարգացման կարևորությանը, կազմակերպության հետ բազմաթիվ համատեղ նախագծերին՝ 2004 թվականից:

Մեհրիբան Ալիևայի՝ որպես բարի կամքի դեսպանի գործունեության ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների և սկզբունքների տարածման ոլորտում:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ, տիկին Ալիևան հայտարարում է, որ դադարեցնում է իր գործունեությունն այդ կառույցի հետ: Իսկ պատճառը հասկանալի է: Ադրբեջանը առաջարկում էր այդ կառույցին, որպեսզի ուսումնասիրվեին «...հայկական վանդալիզմից տուժած ադրբեջանական մշակութային կառույցների վիճակը «օկուպացված տարածքներում...»:

Այսինքն, Ադրբեջանը պահանջում էր այդ կառույցից ճանաչել Հայաստանին, որպես ադրբեջանական մշակութային ժառանգությունը ոչնչացրած երկիր:

Ի դեպ մոտավորապես նույն ոճով հանդես եկավ վերջերս նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս քայլերի բովանդակությունը հասկանալի է, Անկարան և Բաքուն Արցախի նվաճումից հետո լեգիտիմ հիմք են ման գալիս, նոր զիջումներ կորզելու այս անգամ արդեն Հայաստանից: Նրանք, իրականում, ոչ մի խաղաղության պայմանագիր չեն պատրաստվում կնքել Հայաստանի հետ, քանի դեռ մեզ իշխանություն է Նիկոլ Փաշինյանը: Եթե վաղը, օրինակ, Հայաստանը համաձայնվեր զիջել Սյունիքի միջանցքը, նրանք մյուս օրը պահանջելու էին հանձնել ողջ Սյունիքը, որովհետև, օրինակ, դա ոչ թե հայկական Սյունիքն է, այլ ադրբեջանական «Արևմտյան Զանգեզուրը»:

Դրանից հետո Ադրբեջանը կարող է պահանջել Սևանա լիճը, հետո, որ Հայաստանը ընդունի 160 000 ադրբեջանցիների «ցեղասպանությունն» ու բռնի տեղահանումը Հայաստանի տարածքից 1988-ին, և այսպես շարունակ:

Այն պնդումը, թե «հանձնենք Արցախը, որ Ադրբեջանի հետ կարողանանք խաղաղ ապրել», իրականում ոչ միայն կեղծ, այլև հանցավոր և Հայաստանի համար ինքնասպան թեզ է, որով գործում են, թե այսօրվա հայաստանյան իշխանությունները, և թե նրանց այս գաղափարախոսությունը կիսող դաշտում գործող տարատեսակ քաղաքական բոմժերը:

Եվ դրա համար պետք չէ շատ փաստեր բերել: Ադրբեջանի ամենօրյա քայլերն են դա ցույց տալիս:

Մեհրիբան Ալիևայի երեկվա այս որոշումը այդ շարքից ընդամենը մեկն է: Ինչպես կարող է երկիրը ձգտել իբր «խաղաղության» և միաժամանակ բացահայտ դեմարշ իրականացնել միջազգային կառույցի դեմ այն պատճառով, որ վերջինս հրաժարվում է Հայաստանին դիտարկել, որպես «վանդալիզմը խրախուսող երկիր»:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ ողբերգական վիճակի մեջ է դրել հայ ժողովուրդը ինքն իրեն, երբ միաժամանակ և հարևան Ադրբեջանը, և սեփական իշխանությունն ամեն օր, ամեն ժամ փորձում են ապացուցել հայ ժողովրդին, որ նա ապագա չի կարող ունենա, և հավերժ պիտի հատուցի Ադրբեջանին իր վարքագծի համար:

Միթե պատմության մեջ հայտնի է նման խայտառակ այլ օրինակ, իհարկե՝ ոչ: Հետո էլ ասում են, թե ինչու հենց հայերը ցեղասպանվեցին 1915-ին, մինչդեռ շատ ժողովուրդներ կարողացան խուսափել դրանից: Իսկ սույն փաստը ևս մեկ անգամ հուշում է, որ մեր ժողովրդի մեջ ինչ-որ բան պակասում է, որ մենք կրկին կարողանանք դառնալ պետականամետ ազգ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը