Կարծիք

14.11.2022 14:00


Ստամբուլի պայթյունը Էրդողանը մաքսիմալ իր իշխանության պահպանման օգտին է ծառայեցնելու

Ստամբուլի պայթյունը Էրդողանը մաքսիմալ իր իշխանության պահպանման օգտին է ծառայեցնելու

Այն, որ Ստամբուլում ահաբեկչական գործողությունները թուրքական իշխանությունները կապելու են Քրդական բանվորական կուսակցության հետ, գիտեն նույնիսկ ծույլերը:

Թուրքիայում ցանկացած նման գործողություն ավտոմատ կապվում է քրդերի հետ:

Սակայն այս անգամ այս գործողությունը զարմանալիորեն խիստ շահավետ էր կոնկրետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հայտնի է, որ Շվեդիայի և Ֆինլյանդիայի ՆԱՏՕ-ի շարքերում անդամակցության հարցում Թուրքիայի վրա մեծ ճնշում կա ԱՄՆ-ի կողմից:

Էրդողանն իր հերթին ցանկանում է, որ այս հարցը հնարավորինս թանկ վաճառի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրա: Միաժամանակ ցույց տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, թե ինչ «համառությամբ է» Թուրքիան դիմադրում Արևմուտքի ծրագրերին՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործում:

Սույն փաստը սկսել է արդեն հոգնեցնել ամերիկացիներին, քանզի թուրքերի այս երկու լարի վրա խաղը հասել է մի աստիճանի, որից հետո երկու կողմն էլ ցանկանում են, որ Էրդողանը վերջնական որոշում կայացնի: Սակայն Էրդողանը այդ որոշումը չի ուզում կայացնել, քանզի այսօրվա իր դիրքորոշումից քաղում է մաքսիմալ օգուտ:

Եվ, ահա, Ստամբուլում կատարված ահաբեկչությունը, կարծես, փրկողակի նման գալիս է օգնելու իրեն այս հարցում:

Այս ահաբեկչական գործողությունից հետո Էրդողանը քաղելու է իր մաքսիմում օգուտները:

Նախ իր «հիմնավորումները» Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում միս ու արյուն են ստանում և ամերիկացիները գոնե որոշ ժամանակ կդադարեն ճնշել իր վրա:

Բացի այդ Էրդողանի լեզուն կերկարի ռուսների և իրանցիների մոտ, ովքեր զսպում են թուրքական ներխուժումը Սիրիա: Քանզի, ըստ թուրքական հատուկ ծառայությունների, ստամբուլյան ահաբեկիչը իբր կապված է եղել Սիրայում գործող քրդական բանվորական կուսակցության հետ կապված շրջանակների հետ:

Վերջապես ներքաղաքական ներկայիս իրավիճակում Էրդողանը նույնպես կշահի՝ ցույց տալով, թե ինչ «հրեշավոր հակառակորդների դեմ է պայքարում», որտեղ անհրաժեշտ է համազգային համախմբում իշխանության, այսինքն՝ իր շուրջ:

Այնպես որ երեկվա Ստամբուլում իրականացված ահաբեկչությանը կարծես երկար էր սպասել Էրդողանը, որպեսզի փորձի ամրապնդել իր դիրքերը երկրի ներսում և դրսում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը