Մեկնաբանություն

11.11.2022 14:51


Ումի՞ց է բողոքում «ռազմահայրենասեր» Փաշինյանը

Ումի՞ց է բողոքում «ռազմահայրենասեր» Փաշինյանը

Կառավարության երեկվա նիստին Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր անում․․․ Փաշինյան Նիկոլի դեմ։ Նա մտել էր «ռազմահայրենասեր» գործչի դերի մեջ։ Բայց դա ընդամենը դեր էր, քանզի հակառակ դեպքում նա պետք է ընդուներ իր խայտառակ քաղաքականության լիակատար տապալումը և հրաժարական տար։

Նիկոլ Փաշինյանը երեկ, նոր–նոր Ամերիկա հայտնաբերածի կեցվածքով, հայտարարեց, որ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղում հայերի ցեղասպանություն կազմակերպել, որ ուժ կամ ուժի սպառնալիք է կիրառում, որ ագրեսիվ է, որ․․․

Խնդիրն այն է, որ Ալիևն այդպիսին է եղել միշտ, Ադրբեջանն ուզում է Ղարաբաղը հայազրկել միշտ։ Դրա մասին եղել են բաց հայտարարություններ, արվելի կոնկրետ՝ գործողություններ։ Այսինքն՝ այնպես չէ, որ Ալիևի հռետորաբանությունը նոր է փոխվել և Ղարաբաղն ու Հայաստանը գրավելու նրա ծրագիրը նոր է ի հայտ եկել։ Այլ հարց է, որ Փաշինյան Նիկոլն է դա նոր նկատում կամ ցույց տալիս, թե, իբր, նոր է նկատել։

Ալիևի ագրեսիվությունը և ախորժակի մեծությունը պայմանավորված է Նիկոլով։ Ինչպես հայտնի է, Պրահայում Նիկոլն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Այդ գիծն, ի դեպ, Նիկոլի ու իր թիմակիցների կողմից քարոզվում է 2020–ի նոյեմբերի 9–ից սկսած ու է՛լ ավելի ագրեսիվ ձևով դա քարոզվել է վերջին շրջանում։

Պրահայի համաձայնութունների մասին Ալիևը հայտարարեց Աստանայում՝ Նիկոլի ու Պուտինի ներկայությամբ։ Նիկոլը նրան չհակադարձեց։ Ալիևի խոսքն ավելի շատ ուղղված էր Պուտինին՝ «Նիկոլը համաձայնել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, այնպես որ ՌԴ–ն թող չմտնի մեր արանքը և Ղարաբաղի հարցը փորձի չլուծված համարելով պահել իր զորքը» թեմայով։

Մոսկվան դրանից հետո ստիպված էր բացել խաղաքարտերը։ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը Ղարաբաղյան հակամարտության Վաշինգտոնյան պլանը Կրեմլին գոնե ժամանակավորապես հաջողվեց «ջրել» կամ սառեցնել։

ՌԴ–ն ու Իրանը շատ մատչելի ձևով բացատրեցին Նիկոլ Փաշինյանին, որ ինքը եթե ուզի էլ, ապա չի կարող Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին ու ստիպեցին նրան հետ քաշվել Վաշինգտոնյան պլանից։ Ահա թե ինչու է Նիկոլը հիշել, որ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղում հայերի ցեղասպանություն իրականացնել․ Իրանն ու Ռուսաստանն են ստիպել։ Ուրիշ բան պետք չէ փնտրել։ Այլապես եթե Նիկոլը եկած լիներ այդ տեսակետին, ապա պետք է զուգահեռաբար նաև հայտարարեր, որ հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը իրավունքներից ու անվտանգությունից բխեցնելու իր հայեցակարգից ու հայտարարեր, որ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, քանզի հայերն այդ դեպքում կենթարկվեն ցեղասպանության։ Իսկ նա այդ մասին չասաց։ Ասաց, որ Ադրբեջանն ուզում է ցեղասպանել հայերին, բայց ինքը համառորեն գնալու է «խաղաղության» օրակարգի ուղղությամբ։ Այդքան բան։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը