Կարծիք

11.11.2022 08:36


Նիկոլի ելույթը կհամեմատեի դատարանում բարոն Մյունխհաուզենի կնոջ ելույթի հետ

Նիկոլի ելույթը կհամեմատեի դատարանում բարոն Մյունխհաուզենի կնոջ ելույթի հետ

Լսեցի կառավարության նիստի ժամանակ նիկոլի ելույթը։ Հետո ևս մեկ անգամ լսեցի, շատ ուշադիր լսեցի։ Եթե իրավիճակն այդքան ողբերգական չլիներ, նրա ելույթը կհամեմատեի դատարանում բարոն Մյունխհաուզենի կնոջ ելույթի հետ։ Բարոնուհի Մյունխհաուզենն էլ էր ամուսնուն անվանում "սրիկա", "աննորմալ հոգեկան հիվանդ", "դժբախտ սուտասան", բայց․․․․ բայց պահանջում էր, որ բարոնն իրեն չթողներ։ նիկոլի ելույթն էլ էր նույն տրամաբանությամբ կառուցված։ Ալիևը ստախոս է, ուխտադրուժ է, հոխորտացող է, ցեղասպան է, բայց․․․․ բայց պատրաստ է նրա հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Եթե բարոնուհի Մյունխհաուզենը տրագիկոմիկ ֆիլմի մտածածին պերսոնաժ էր, ապա նիկոլը տրագիկ իրականության պերսոնաժ է, այդ տրագիկ իրականության ստեղծողը, մեղավորն ու պատասխանատուն։ Նա խոստովանում է, որ իր ամբողջ քաղաքականությունը ձախողվել է։ Հասկանում է, որ Ալիևը, ում նա կոչել էր "կառուցողական մարդ", մարդ ով "շահագրգռված էր կարգավորելու արցախյան հիմնահարցը", թավշյա հեղափոխականին հասարակ քինդեռմատ է արել, ջախջախել ու ստորացրել է։ Ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ իր վարած քաղաքականությունը սխալ է, որ ցեղասպան Ալիևի մտադրությունները չեն փոխվել, որ Արցախին գոյութենական վտանգ է սպառնում, իսկ Հայաստանն ի զորու չէ ադրբեջանցիներին դուրս շպրտել իր տարածքից, բայց իր մեջ ուժ չի գտնում առերեսվելու այն պարզ ճշմարտությանը, որ ինքը ձախողակ է ու որ իր գոյությունը որպես ՀՀ վարչապետ կործանարար է հայոց երկու հանրապետությունների համար։ Էգոն թույլ չի տալիս։ Ու իր էգոյի պատճառով հայ ազգի գոյությունն է վտանգված։

Երևանի կենտրոնում, ոստիկաններով շրջապատված կառավարության շենքից, նա իբրև թե պատասխանում է Շուշիում զինվորականներով շրջապատված Ալիևին։ Ձեզ թվո՞ւմ է, թե նա հակազդում է Ալիևին։ Միայն թվում է, թե տղամարդլամիշ է լինում։ Իրականում ևս մի անգամ պատասխանում է Ալիևին, որ պատրաստ է Արցախը զոհել։ Նկատեցի՞ք, որ նա Արցախի Հանրապետության իշխանության փոխարեն օգտագործեց "Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչներ" արտահայտությունը։ Երբ նիկոլն ընդդդիմադիր էր, մենք ու ամբողջ աշխարհն էինք օգտագործում "Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ" արտահայտությունը։ Հիմա նիկոլն Արցախի Հանրապետության իշխանություններին կոչում է "Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչներ"։ Եվ դա ասում է մեկը, ով իր քաղաքականության նպատակ էր դրել "բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը"։ Տեսանք ինչպես բարձրացրեց։

Բայց իրավիճակը տրագիկ է։ Տրագիկ է նրանով, որ նա Արցախի Հանրապետության տարածքի այն մասը, որն ադրբեջանցիք չեն գրավել, կամ նիկոլի հետ "բանավոր պայմանավորվածությունների" արդյունքում, ձեռքները գրպանները դրած, շվշվացնելով չեն մտել, կոչում է "ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի"։ Դրանով նա ձեռքերն ուղղակի լվանում է Արցախի նկատմամբ պատասխանատվությունից։ Նկատեցի՞ք, որ ապօրինի կոչեց Խծաբերդի օկուպացիան, բայց չխոսեց Հադրութի, Շուշիի, Քարվաճառի օկուպացիայի մասին։ Դա օրինակա՞ն օկուպացիա է։ Իհարկե ոչ։ Բայց նա, մի կողմից, ձեռքերն Արցախից լվանում է, մյուս կողմից, Արցախի համար պատասխանատվությունը բարդում է խաղաղապահների վրա։

Բայց նրա հաշվարկը սխալ է։ Սխալ է ինչպես իր ամբողջ քաղաքականությունը, որը նա շարունակում է իրականացնել։ Արցախն Ալիևին զոհաբերելով նա չի կարողանա փրկել Հայաստանի Հանրապետությունը։ Չէ, թուրքերը Հայաստանը բաստուրմայի նման բարակ բարակ կկտրտեն ու երկրից բան չեն թողնի։ Կթողնեն միայն նիկոլի դուխով կեպկան, որ մյուս ազգերին դաս լինի․․․․

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը