Կարծիք

19.09.2011 12:10


Հայաստանը ռո՞ւսն է

Հայաստանը ռո՞ւսն է

Անկախության քսանամյակը տոնող Հայաստանում, որտեղ ամեն քայլափոխի գրված է` Հայաստանը դու ես, անկեղծ ոգևորություն եմ ապրում. ես հայ եմ, խոսում եմ հայերեն, մտածում ու սիրում եմ հայերեն, հպարտ եմ նաև, որ անկախությունը հենց առաջին տարիներից վայելած սերնդին եմ պատկանում: Այս ամենից ոգեշնչված` որոշեցի գնալ Երևանի ամենախոշոր կինոթատրոնը` «Մոսկվա», մտածելով` այնտեղ հնարավորություն կունենամ դիտելու Հայաստանի անկախությանը նվիրված ֆիլմեր: Բացեցի կինոթատրոնի ինտերնետային կայքը, ու… մի «սովետական ապտակ» դեմքիս. կայքը միայն ռուսալեզու էր: Արժանապատվությունս թույլ չտվեց կարդալ դա: Որոշեցի գնալ և տեղում հարցնել, թե ի՞նչ ֆիլմեր կան՝ հայալեզո՛ւ ֆիլմեր, սակայն մի երկրորդ ապտակ ստացա մյուս այտիս: Տոմսերը ևս միայն ռուսերեն էին, և ես` որպես ջերմեռանդ քրիստոնյա, նույնիսկ հնարավորություն չունեցա 2-րդ այտս դեմ տալու ապտակի համար: Բայց վրա հասավ նաև «երրորդ ապտակը». բոլոր ֆիլմերը միայն ռուսաալեզու էին: Ես պարզապես դուրս թռա այնտեղից:

Մի տեղ կարդացի, որ Սիրահարների այգում ֆիլմերի փառատոն է` «ՌեԱնիմանիա»: Էլի միամտաբար մտածեցի` մի բան կլինի անկախության մասին, գնացի ու նստեցի, որ նայեմ ֆիլմը: Սկսվեց մեզ արդեն հայտնի, թվում է` 1000 տարի արդեն մեզ ծանոթ այն ռուս տղամարդու ձայնը, որին կարծես մենաշնորհված լինի տիեզերքի բոլոր ֆիլմերի թարգմանությունը… Հասկացա, որ ներկա Հայաստանը ես եմ, բայց ինձ փորձում են հասկացնել, թե ռուս եմ: Հուսահատված այս ամենից` քայլում էի փողոցով, ցուցանակ տեսա` մեր ֆուտբոլիստներին գովերգող, ու հասկացա, որ, ա՛յ, անկախությամբ ուրախանալու իսկական առիթ եմ գտել: Ես գնեցի Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմս ու սկսեցի մի փոքր հարգանքով վերաբերվել Ռուբեն Հայրապետյանին, ուսումնասիրում էի ֆուտբոլի վերաբերյալ կայքէջեր, քանի որ դա գոնե ինձ կուրախացներ` անկախ Հայաստանի 20- ամյակի տոնին ընդառաջ: Սակայն այս անգամ ապտակը փոխարինվեց բռունցքի հարվածով. պարզվեց, որ Ռուբեն Հայրապետյանը որոշել է Ռուսաստանի ներակումբային առաջնությունում ընդգրկել հայկական որևէ թիմ… Իսկ այս մտքերը շարադրելիս տեսա, որ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը ցավով նշել էր՝ Անկախության 20–ամյակին նվիրված շքերթին մասնակցելու են ռուսկան ստորաբաժանումները, այսինքն՝ մենք հիանալու ենք մի երկրի զորքով, ումից որ անակխացել ենք, ու հիմա տոնում ենք անկախությունը… Այսքանից հետո նորից կարդում եմ` Հայաստանը դու ես: Համաձա՛յն եմ, այսքան ապտակներից ու հարվածներից հետո՝ իսկապե՛ս որ Հայաստանը ես եմ…

Առնո Կուռ

Այս խորագրի վերջին նյութերը